ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

Մեկնաբանությունների հեղինակների կարծիքն արտահայտում է նրանց սեփական դիրքորոշումը և ոչ միշտ է համընկնում «Ճամփաբաժանին» ձեռագրի հեղինակների տեսակետի հետ։
Կարեն Ուզունյան
Կարեն Ուզունյան
Համահիմնադիր, CSN Caucasus, Թբիլիսի 
Ձեռագրի հեղինակները՝ հարգելի Նունե Ալեքյանը և Ռուբեն Վարդանյանը, իրենց աշխատության շապիկին «բազմատող» խորագիր են դրել (որի որոշ դարձվածքներ գրված են motto ոճով), ինչն արդեն պերճախոս վկայում է բավական բարդ խնդրի մասին, որն առաջադրել են իրենց հեղինակները. 

1. Ինչպես կարող է փոքր ժողովուրդը դառնալ համաշխարհային ցանցի ազգ 
2. Բազմազանության ինտեգրում 
3. Ժամանակների, քաղաքակրթությունների, մտորումների ճամփաբաժանին 
4. Գործիր միավորելով ու արարելով 
5. Հայաստան՝ խոյանք դեպի ապագա 
6. XXI դարը մեր դարն է 
 
Ձեռագրում, իմ կարծիքով, բացի մի շարք կարևոր թեմաներից, քննարկման են ներկայացվել երկու կարևոր թեմաներ (իմ պայմանական ձևակերպմամբ). 

1. Օպտիմալ Մոդելի ընտրություն ՀՀ-ի և Սփյուռքի համար (հայ ազգի)՝ երկարաժամկետ հեռանկարով: 
2. Հայ ազգի գերակա Արժեքները (տարընթերցումներ այն կապակցությամբ, թե ինչ ասել է «Բարգավաճ Հայաստան»…): 
 
Ըստ էության՝ ձեռագրի ուղերձը Նախագծի-Մոդելի-Զարգացման (Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և համայն ազգի) «Սցենարի» որոնման հրավեր է երկարաժամկետ հեռանկարում…  
 
Ուշադիր կարդալով Ձեռագիրը՝ հստակ գիտակցում ես. քննարկվող թեման ընդհանուր առմամբ շատ բազմակողմանի է, բազմաշերտ և այնքան համալիր (շոշափում է բազմամիլիոն ժողովրդի առօրյա կյանքի բազմաթիվ կողմեր և նրբերանգներ), որ նախագիծն իրագործելու «Սցենարը» գրելու համար անհավանական կշռադատված և հավասարակշռված մոտեցում է պահանջվում: 
 
Այս անտարակույս ինքնատիպ և լրջմիտ գրված Ձեռագիրը ոչ միայն չափազանց օգտակար է և այժմեական ազգի համար, այլև միանգամայն արդիական: Որպեսզի այս գլոբալ (գիտա-տեխնիկական առումով սրընթաց զարգացող) աշխարհում երկիրը և ժողովուրդը ճիշտ առաջ շարժվեն քաղաքական-տնտեսական, գիտա-տեխնիկական, կրթա-մշակութային և ռազմա-կիրառական ուղղություններով, կարևոր է լինել հավաք և կրեատիվ, ստեղծագործական մոտեցումով (ինտուիցիայով և տրամաբանությամբ) շոշափել և ըմբռնել «առանցքային դրայվերները տնտեսության, մշակույթի, գիտության, բժշկության, տեխնոլոգիայի մեջ…, որոնք կարող են շարժիչ ուժ դառնալ՝ ունակ Հայաստանը հանելու որակապես նոր մակարդակ»: 

- Եթե չգիտես՝ ուր ես լողում, ոչ մի քամի համընթաց չի լինի: 
- Հետիոտնը հեծյալից առաջ կանցնի, եթե գիտի, թե ուր գնալ: 
 
Ձեռագրի հեղինակներին ներկայացվել է այս թեմայի իմ տեսլականի մանրամասն գրավոր շարադրանքը, որը վերնագրել եմ «Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը. գործնական հանձնարարականներ»…  
 
Համարձակվում եմ հույս հայտնել, որ քննարկվող Ձեռագիրն արձագանք կգտնի այս թեմայի նկատմամբ բազմաթիվ ոչ անտարբեր մարդկանց մտքում և հոգում, և ինձնից շատ ավելի պրոֆեսիոնալ, կրեատիվ ու ինտելեկտուալ անձնավորություններ իրենց արժանի ավանդը կբերեն… Քանզի մի շարք խնդիրներ կան, որոնք կարող են միայն հավաքական ուժերով լուծվել: 
 
Ընտրված, կոլեգիալ մտածված (համակարգային հիմքով ստուգված) Մոդելի իրականացումը աշխարհասփյուռ հայ ժողովրդի շրջանում «արգասաբեր հաղորդակցության և վստահության շառավղի մեծացման», ներառական գործունեության և բազմազանության ինտեգրման գաղափարների լայն լիազորություններով «համաշխարհային ցանցային ազգի» հաջողության գրավականն է: 
 
Երախտագիտություն եմ հայտնում Նունե Ալեքյանին և Ռուբեն Վարդանյանին այս բավական բովանդակալից և հետաքրքիր Ձեռագրի համար, որն այն ձեռագրերի տեսակն է (Մ. Բուլգակովի վեպից փոխառնված արտահայտությամբ), որոնք «չեն այրվում»… 

Բացել
Փակել
Գրիգոր Մակիչի Արզումանյան
Գրիգոր Մակիչի Արզումանյան
Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի (ОИЯИ) «Նանոբիոֆոտոնիկա» կենտրոնի ղեկավար, ք. Դուբնա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Նախ կուզենայի նշել, որ հեղինակների՝ սույն աշխատությունը պատրաստելու մտահղացումը լիովին հաջողվել է, և այս մատյանը, ըստ իս, կստանա ապագա ընթերցողների արժանի գնահատականը:

Ես բավականին հեշտ ու արագ կարդացի ձեռագիրը, որը խորհուրդ տվեց ինձ ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը՝ աշխարհահռչակ գիտնական, որի անունով վերջերս կոչվեց Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը՝ Oganesson:

Մի քանի խոսք բուն գրքի մասին, և սկսեմ, թերևս, ինչպես ինձ այսօր թվում է, առանցքային կետից. գիրքը շատ ժամանակին է գրվել: Եթե անգամ կարելի էր ավելի վաղ, ապա ոչ համենայն դեպս ավելի ուշ: Նման գրքերը, անշուշտ, շատ անհրաժեշտ են ընթերցողներին  թե՛ բուն Հայաստանում, թե՛, որ շատ կարևոր է, համայն աշխարհի մեր մեծաթիվ սփյուռքում: 

Ինքս պարբերաբար լինում եմ Հայաստանում, ուր ծնվել եմ, մեծացել, սովորել և որոշ ժամանակ ապրել ու աշխատել: Այն միտումները, որոնք այնտեղ այժմ նկատվում են, որոշակի լավատեսություն  և տեսանելի ապագայում ժողովրդի  բարեկեցության զգալի բարելավման հույս են ներշնչում: Բայց դա շատ դժվար ճանապարհ է: Ուստի նման գրքերը, որոնք ազգն ինչ-որ «հայկական Երուսաղեմի» շուրջը միավորելու ուղիների և լուծումների որոնման են մղում, իհարկե, միանգամայն արդիական են ներկայիս Հայաստանի համար: Եվ այդ կապակցությամբ ուզում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել այս աշխատության հեղինակներ Ռուբեն Վարդանյանին և Նունե Ալեքյանին այս տքնաջան և ստեղծագործական աշխատանքի համար, նաև վստահություն հայտնել, որ սույն աշխատությունը մեծ պահանջարկ կունենա հասարակությունում: 
Հաբի ցանցային կառուցվածքը և մոդելը, որի օրինակները գտնում ենք մեր պատմական անցյալում (Նոր Ջուղայի հայության գլոբալ առևտրային ցանց) և որոնք առաջարկվում են գրքում որպես կենսակերպի տարբերակներից մեկը Հայաստանում, կարելի է և անհրաժեշտ է, ըստ իս, դիտարկել և լայնորեն քննարկել: Եվ վերնագիրն էլ, ի դեպ, շատ դիպուկ է ընտրվել՝ «Ճամփաբաժանին: Որոշումների ժամանակը»: Իսկապես, չէ՞ որ հեղինակների մտահոգությունն այն առումով, որ ամեն ինչ կարող է ծավալվել  հետագայում ոչ այնքան բարենպաստ հայ ժողովրդի և ինքնիշխան Հայաստանի համար, ցավոք, գոյության իրավունք ունի: Եվ դրանից խուսափելու համար հարկ է շատ բան անել, այդ թվում և այսպիսի գրքերի միջոցով: Չէ՞ որ քաջ հայտնի է՝ երբեմն ժամանակին ասված խոսքը և արտահայտված գաղափարը՝ ուղղված հասարակության բարօրությանն ու բարգավաճմանը, կարող են ահռելի ուժ և նշանակություն ունենալ: Մեզ պետք են նաև ազգը միավորող բեկումնային նախագծեր տնտեսության բնագավառում, սոցիալական և մշակութային ոլորտներում, գիտական-նորարարական գործունեության մեջ, սպորտում, տուրիզմում և այլուր: FAST-ը կարող է նման գործունեության արդյունավետ օրինակներից մեկը լինել: 

Կուզենայի նաև նշել, որ գիրքը գրվել է շատ լավ լեզվով, ինչին ես միշտ զգայուն եմ վերաբերվում: Ուստի ողջունել միայն կարելի է գրքում արվող բազմաթիվ հորդորներն առհասարակ հայոց լեզվի մակարդակը բարձրացնելու վերաբերյալ, ներառյալ և այն լեզվի, որն այսօր կարելի է լսել Երևանի փողոցներում: 

Մեկ-երկու նկատառում  էլ, որոնք հավանաբար հաշվի առնվեն գրքի հետագա հրատարակությունների ժամանակ: Ինձ չէին բավարարում գրքում հայ հեղինակների հղումները (տարբեր ժամանակաշրջանների, ներառյալ խորհրդայինը), այդ թվում հայերեն: Կարծում եմ, որ դա ավելի կհարստացներ և կլրացներ ձեռագիրը: Գրքի նախաբանում գուցե կարելի էր հակիրճ ներկայացնել Հայաստանի ավելի հին պատմությունը՝ սկսած Ուրարտուի ժամանակներից, ոչ թե սկսել քրիստոնեությունն ընդունելու դարաշրջանից: Չէ՞ որ վերջինս, իր հերթին, խարսխված էր աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի հարուստ անցյալի և խոր արմատների վրա, և ամենայն հավանականությամբ այդ ամենն էլ հենց  կանխորոշել է հետագայում այդ կարևորագույն իրադարձությունը հայ ժողովրդի պատմության մեջ:

Գիրքը, անտարակույս, պետք է հրատարակվի, և ցանկալի է ոչ միայն ռուսերեն, այլև նախ հայերեն, ինչպես նաև անգլերեն և ֆրանսերեն:

Բացել
Փակել
Սոնա Հարությունյան
Սոնա Հարությունյան
Բանասիրական գիտությունների դոկտոր Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարան
Ռուբեն Վարդանյանի և Նունե Ալեքյանի «Ճամփաբաժանին. որոշումների ժամանակը» ձեռագիր աշխատության նպատակն է հայերի և ոչ միայն հայերի շրջանում խթանել քննարկումները և սկսել բանավեճ հանուն Հայաստանի ապագայի:

Ռուբեն Վարդանյանի և Նունե Ալեքյանի «Ճամփաբաժանին. որոշումների ժամանակը» ձեռագիր աշխատության նպատակն է հայերի և ոչ միայն հայերի շրջանում խթանել քննարկումները և սկսել բանավեճ հանուն Հայաստանի ապագայի:

Ինքս, քաղաքագետ կամ միջազգայնագետ չլինելով, նշված ոլորտների մասնագետների կարծիքները աչքի անցկացնելիս զարմացա, երբ կարդացի, որ նրանցից ոմանք քննադատում էին հեղինակներին՝ վերջնական պատասխանի բացակայության համար: Ըստ իս` հենց դա է աշխատության իրական արժեքը. հեղինակները լուծումներ են փնտրում, այլ ոչ թե դրանք պարտադրում:

Իմ տեսանկյունից չի կարող լինել Հայաստանի ապագայի մեկ տեսլական ու խնդիրների մեկ լուծում: Կարող են լինել զուգահեռ կամ բազմաշերտ տեսլականներ և, հետևաբար, զուգահեռ կամ բազմաշերտ լուծումներ: Առաջին հերթին մենք պետք է փոխաբերական առումով հեռանանք խորապես արմատավորված մեր կարծրատիպերից և խնդիրներից, որպեսզի կարողանանք ընդարձակել մեր տեսադաշտը: Այնուհետև պետք է կրկին մոտենանք դրանց` այս անգամ մեր հայացքը անցկացնելով համաշխարհային դրական փորձի ոսպնյակների միջոցով` այն երկրների, որտեղ բնակվում ենք, որպեսզի հասնենք որոշ ընդունելի տեսլականների ու լուծումների և կարողանանք մտածել երկարատև արդյունքների մասին: Խնդրի լուծման այս գործընթացում մենք պետք է հասկանանք, թե որն է մեր նպատակակետը, ինչպես իրավամբ նկատում են ձեռագրի հեղինակները` վերջին գլխի բնաբանում մեջբերելով Քերոլին և Սենեկային:

Ես կցանկանայի համառոտ վերլուծել հեղինակների հետևյալ նախադասությունը. «Ներկայումս  մեզ  ընկալում  ենք  ոչ  այնքան  որպես  համաշխարհային քաղաքակրթությանը  նպաստած  հնագույն  ժողովրդի  հետնորդներ,   որքան  որպես  զոհ` ի զորու կիսելու ուրիշների հետ միայն մեր ցավն ու անկարող մշակելու զարգացման նշանակալից օրակարգ»:  Այս նախադասությունն իր մեջ ներառում է (առնվազն) չորս գաղափար՝ ա. մենք մեզ չենք ընկալում հին քաղաքակրթության հետնորդներ, բ. մեզ ընկալում ենք զոհի կարգավիճակով, գ. ի վիճակի ենք միայն մեր ցավը կիսելու ուրիշների հետ, դ. ի վիճակի չենք մշակելու զարգացման օրակարգ: Առաջին կետը հակասական է. այն մասամբ ճիշտ է հայկական միջավայրում, մինչդեռ այդպես չէ, երբ հայերն ապրում են ոչ հայերի մեջ: Վերջին դեպքում մենք հակված ենք շեշտելու (յուրաքանչյուրս իր գիտելիքների ներածին չափով), որ մենք հնագույն մշակույթ ենք, որ Երևանը Հռոմից հին է, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք և այլն: Երկրորդ և երրորդ կետերը անմիջականորեն կապված են 20-րդ դարասկզբի և վերջի ողբերգական իրադարձությունների հետ: Բնականաբար,  նկատի ունեմ Հայոց ցեղասպանությունը, որը բաց վերք է, քանի դեռ չունի միաձայն ճանաչում, և Սումգաիթյան ջարդերը: Հետևաբար, մեր ողբերգությունը կիսելով  մյուսների հետ, հոգեբանորեն նպատակ ունենք ավելացնելու մեր համակիրների բանակը, ունենալու նրանց «մեր», այլ ոչ թե «մյուսների» (թուրքերի/ադրբեջանցիների) կողքին: Վերջապես, ցավոք, պետք է համաձայնեմ վերջին կետի հետ:

Մեր ազգային օրակարգի առաջնահերթություններից մեկը, իհարկե, պատշաճ կրթությունն է: Այնուամենայնիվ, «սենյակի չորս պատերի» ներսում կրթությունն այլևս բավարար չէ: Այն պետք է ուղեկցվի երիտասարդ սերնդի շարժունությամբ: Սա իսկական խնդիր է: Մեզնից նրանք, ովքեր տարբեր երկրների կրթական համակարգում են, կարող են կրկնակի ներդրում բերել Հայաստանին:  Մի կողմից` կարող են դասախոսությունների շարք անցկացնել  հայաստանյան տարբեր բուհերում, մյուս կողմից` կարող են նպաստել ուսանողների շարժունությանը` Հայաստանի և նրանց արտասահմանյան հաստատությունների միջև փոխանակման ծրագրեր ստորագրելու միջոցով: Վերջին տարիներին համագործակցության լավագույն օրինակներից մեկը «Էրազմուս +» միջազգային ծրագիրն է, որը ուսանողներին հնարավորություն է տալիս կրթաթոշակ ստանալու և ուսանելու եվրոպական համալսարաններում: Օրինակ` 2015 թվականից Վենետիկի Կա'ֆոսկարի համալսարանը շատ հաջող փոխանակման ծրագիր ունի Երևանի պետական ​​համալսարանի հետ: Վենետիկում մեկ կիսամյակով արդեն հյուրընկալել ենք ԵՊՀ քսաներկու ուսանողների և չորս պրոֆեսորների:

Լուծում գտնելու ճանապարհին հեղինակներն առանձնացնում են երկու կողմեր՝ Հայաստանը և Սփյուռքը: Մի կողմ թողնելով Սփյուռք հասկացության սահմանումը (արդեն շատ է գրվել այդ մասին)` կարծում եմ` Սփյուռքի ներսում պետք է նկատի առնենք առնվազն երկու մակրոխմբի՝ հետցեղասպանական սփյուռք և հետխորհրդային սփյուռք: Ազգային օրակարգ սահմանելիս մոդերատորի կարևոր դեր կարող է ունենալ հետխորհրդային հայկական սփյուռքը, քանի որ այն միջանկյալ դիրք է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության և հետցեղասպանական սփյուռքի միջև: Այն բխում է առաջինից և պորտալարով դեռևս ամուր կապված է դրա հետ: Մյուս կողմից` այն փոխադրվել է երկրորդի մեջ և փորձում է գտնել իր տեղը նրանում: Նորաստեղծ հայկական սփյուռքը բաղկացած է առաջին կամ երկրորդ սերնդի արտագաղթողներից և այնպիսի դիրքում է, որը կարելի է համեմատել հնդիկ ամերիկացի փիլիսոփա Հոմի Բհաբհայի բնորոշած «Երրորդ տարածության» հետ` մի վայր, որը տեղակայված է հայրենի և հյուրընկալող երկրների միջև, վայր, որտեղ սկսում ես կապ հաստատել նոր մշակույթի հետ ու հասկանալ այն, բայց որտեղ քո մշակութային բազմազանությունը դեռևս չի ճնշվում տեղական մշակույթով և ավանդույթներով:

Լեզվական տեսանկյունից գիրքը հստակ է շարադրված: Եթե հեղինակների նպատակն է եղել հասկանալի լինել հանրության կողմից, ապա միանգամայն հաջողել են իրենց ձեռնարկի մեջ: Հրատարակվելու դեպքում հայերեն տեքստը որոշակի սրբագրման կարիք ունի, և որոշ անհամատեղելիություններ կան անգլերեն և հայերեն տեքստերի միջև:

Լավատեսական նոտայով ավարտելու նպատակով կցանկանայի բոլորիս հիշեցնել Հռոմի Կայսերական Ֆորումի մասին (Fori Imperiali), որտեղ կարելի է տեսնել Հռոմեական կայսրության քարտեզները` Տրայանոս կայսեր օրոք (2-րդ դար): Ի տարբերություն քարտեզի վրա առկա իր հարևանների (Ասորեստան, Կապադովկիա և այլն)` միակ երկիրը, որն առ այսօր գոյություն ունի նույն անվանումով և որպես անկախ պետություն, Հայաստանն է:

Սա պարտավորեցնող ու միաժամանակ խրախուսող է առաջընթացի ու զարգացման մեր ճանապարհին:

Բացել
Փակել
Հարություն Մարության
Հարություն Մարության
ազգագրագետ, պատմ. գիտ. դոկտոր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ», հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԳԱԱ հնագիտության և, ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող
Կատարված է մեծ աշխատանք, զգալի ջանքեր են թափվել հայոց անցյալն ու ներկան հասկանալու և վերամեկնաբանելու ուղղությամբ։ Համենայն դեպս ողջունելի է, որ մեր այսօրը հասկանալու համար խորքային վերլուծության է ենթարկվում հայերի ու Հայաստանի անցած բազմահազարամյա ուղին։

Կցանկանայի հայտնել մի քանի դիտարկում։ 

1. Ժամանակին պրն Վարդանյանն ու նրա գործընկերները ներկայացրել էին «Հա-յաստան – 2020» ծրագիրը։ Անձամբ եմ դրա դրույթներն ունկնդրել, եթե չեմ սխալվում, «Սփյուռք-Հայաստան» համաժողովներից մեկի ժամա¬նակ։ Ցանկալի կլիներ այս նոր վերլուծությունը կազմելիս անդրադառնալ նա¬խորդին, վեր հանել դրա իրականացման ու չիրականացման պատ¬ճառ¬ները, քաղված դասերը։ Որքանո՞վ են նման վերլուծություններում առա¬ջարկ¬ված լուծումները դառնում ուղենշային, որչափ է դրանց կապը ռեալ ի¬րականության հետ։ Այո, 91-95-րդ էջերում ինչ-որ չափով խոսվում է դրա մասին, սակայն վերոբերյալ հարցերի պատասխանը չկա։

2. Ստորև կփորձեմ միայն մի քանի մտքերի ու ձևակերպումների գնահատական տալ, որոնք առավել անմիջականորեն են առնչվում իմ մասնագիտությանը։

Էջ 45. Ոչ միայն հայ ժողովուրդը, այլև աշխարհի շատ այլ ժողովուրդներ և պետություններ են գտնվում «մեծ տերությունների աշխարհաքաղաքական խա¬ղերի օբյեկտի կարգավիճակում»։ Դա օբյեկտիվ ռեալություն է։ Դրա հստակ գիտակցումը, եթե առկա է, պետք չէ ներկայացնել կամ մատուցել որ¬պես մեծ ողբերգություն։ Դա մեր ժամանակների իրողությունն է շատ-շա¬տերի, այդ թվում և հայերի համար։ 

Այո, Ցեղասպանության զոհ լինելու ընկալումը կա, սակայն այդ ընկալումն արմատական փոփոխություններ է կրել անցած հարյուրամյակում։ Նույնն է ցանկացած այլ ժողովրդի պարագայում. հիշողությունը ստատիկ երևույթ չէ, այն անընդհատ փոփոխությունների մեջ է։ Իրավիճակը նույնն է և հրեաների պարագայում։ Մեր դեպքում այդ փոփոխությունները համեմա¬տա¬բար դանդաղ են տեղ գտնում, բայց փոփոխություններն առկա են։ Եվ ա¬րա¬գացման գործիքները հայտնի են, պարզապես պետք է լինի դրանց օգտա¬գործ¬ման անհրաժեշտության պետական գիտակցումը և քայլեր ձեռ¬նարկվեն այդ ուղղությամբ։ Ընդ որում, պետք է հստակ տարանջատել «ցեղաս¬պա¬նության զոհի» ընկալման մակարդակը և դրսևորման ձևերը Հայաս¬տա¬նում և նրա սահմաններից դուրս, այդ թվում և Սփյուռքի տարբեր հա¬մայնք¬ներում։  

Համաձայն չեմ այն դիտարկմանը, որ «առաջարկելու կամ կիսելու ոչինչ չու¬նենք, բացի մեր ցավից»։ Ունենք, և այն էլ բավականին շատ։ Եվ առա¬ջար¬կում ու կիսվում ենք։ Ոչ միշտ ուղղորդված, բայց պրոցեսն առկա է։ Կարող ենք առաջարկել, օրինակ, որ արտասահմանյան պատվիրակություններն այ¬ցե¬լեն ոչ միայն Ցեղասպանության, այլև Սարդարապատի հուշահա¬մա¬լիր կամ «Մայր Հայաստան» ռազմական փառքի թանգարան (վերջինիս ցու¬ցադրությունն, իհարկե, փոփոխության կարիք ունի) ու «Հաղթանակ» զբո¬ս¬այգի։

Համաձայն չեմ նաև այն ձևակերպմանը, թե «ինքներս մեզ զոհ համարելով՝ այլևս չենք տնօրինում սեփական ճակատագիրը և թույլ ենք տալիս, որ դրա¬նով զբաղվեն ուրիշները»։ Ցեղասպանություն տեսած ժողովուրդներն ու պե¬տությունները տարբեր ժամանակներում և տարբեր կերպ փորձում են օգ¬տա¬գործել այդ փաստն ի նպաստ իրենց համար կարևոր քաղաքական, տնտե¬սական, քաղաքակրթական որոշումների կայացման։ Եվ դրա մեջ մի¬այն առողջ մոտեցում կա։ Այլ հարց է, թե ինչ հաջողությամբ կամ ինչ ձևա¬կեր¬պումներով են արվում նման առաջարկները հայոց կողմից։ Այստեղ քն¬նար¬կելու շատ հարցեր կան։ Ու հենց մասնագիտական շրջանակ¬նե¬րի հետ քննարկելու։ 

էջ 65. «[1991 թ. հետո] պատմության մեջ առաջին անգամ մենք սկսեցինք ապ¬րել ազգային առումով միատարր երկրում։ Հայերը միշտ մեծ կայսրու¬թյուն¬ների մաս են եղել և, ինչպես արդեն նշվել է, անգամ Տիգրան Մեծի ժա¬մա¬նակներում կազմել են Մեծ Հայքի բնակչության սոսկ մեկ մասը»։

Այստեղ մի քանի անճշտություն կա։ Վերջին 2500 տարվա մեջ շուրջ 1200 տա¬րի հայերն ունեցել են պետական կազմավորումներ՝ Երվանդյաններ, Ար-տաշիսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ, Հե¬թում¬յաններ, Առաջին և Երրորդ Հանրապետություններ։ Եղել են կիսանկախ իշ¬խանություններ ու տարածքներ։ Ես կասեի հակառակը՝ որտեղ և երբ թե¬կուզ մի փոքր հնարավորություն է եղել, հայերը պետություն կամ իշխանություն են ստեղծել։ Ես կասեի՝ պետականաստեղծ ազգ են հայերը։ Համե¬նայն դեպս մի բան հստակ է՝ «միշտ մեծ կայսրությունների մաս» չեն եղել։

Էթնիկ կազմի մասին։ Նայած թե ինչ կհասկանանք «միատարրություն» եզրույթի տակ։ Եթե Ճապոնիայի նման միատարր՝ 99%, դա մի բան է, եթե միատար¬րու¬թյան տակ հասկանանք 85%-90%, այլ բան է։ Ես կառաջարկեի հեղի¬նակ¬ներին ավելի ուշադիր նայել «Հայ ազգային ատլասը»։ Ինչպես նաև խորհել երև¬ույթի պատճառների մասին, ոչ թե լոկ արձանագրել տարբեր ժամանա¬կա¬շր¬ջաններում առկա իրավիճակը։ Եվ կարծես թե մերօրյա եվրոպական կամ ա¬մերիկյան պետությունները ողբերգություն չեն համարում մոնոէթնիկ չլի¬նելը։ 

Այո, հենց Տիգրան Մեծի ժամանակներում կայսրությունը միատարր չի եղել, ինչը ցանկացած կայսրության բնորոշ գիծն է։ Սակայն Մեծ Հայքը, որքան ինձ հայտնի է պատմությունից (վկա՝ Ստրաբոնի տեղեկությունը), լավ էլ մի¬ա¬¬տարր է եղել։ 

էջ 66. «Ինչպես հրաժեշտ տալ ազգ-զոհի դերին։ Ինչպես մերձեցնել հետ¬խոր¬հրդային հայերին և տարանջատ, աստիճանաբար ձուլվող սփյուռքի ներ¬կա¬յացուցիչներին»։ Այս հարցերին ես նույնպես փորձել եմ պատաս¬խան¬ներ որոնել և առաջարկել եմ որոշ լուծումներ։ Այս առումով բնավ չեմ ողջունում տեքս¬տի հեղինակների կողմից հայաստանցի ու հայ հեղինակների աշխա¬տու¬թյուններին չանդրադառնալը, ինչը մեծ բացթողում եմ համարում։ 

էջ 67. «Մենք անցել ենք Ցեղասպանության գիտակցման և այդ ողբեր¬գու¬թյան նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մի քանի փուլով։ Այսօր՝ ա¬վելի քան հարյուր տարի անց, մենք հասկանում ենք, որ Ցեղասպանության հի¬շողությունից, որը շարունակում է մնալ Հայոց աշխարհը կապակցող տարր, մենք չենք կարող քաղել այն ուժն ու եռանդը, որ կապահովեն մաս¬նատ¬ված ազգի միավորումը և բարգավաճումը 21-րդ դարում»։ 

Ես այս կարծիքին բացարձակապես համաձայն չեմ։ Հակառակը, ես կարծում եմ, որ «ցանկացած էթնիկ կամ ազգային ընդհանրության համար փորձու¬թյուն¬նե¬րով լի անցյալի հիշողությունը ոչ թե բեռ է, որ կարելի է հարկ եղած դեպ¬քում թոթափել, այլ հարստություն, որը պետք է կարողանալ հավուր պատ¬շա¬ճի օգտագործել» (Հարություն Մարության, «Հայ ինքնության պատկե¬րա¬գրու¬թյունը։ Հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շար¬ժումը», Երևան, «Գիտություն», 2009, էջ 16)։ Նույն կերպ են մտածում նաև հեղինակներին քաջածանոթ հրեաները կամ նրանց մեծ մասը թե´ Իս¬րայելում, թե´ նրա սահմաններից դուրս։ Պարզապես պետք է կարողանալ տես¬նել Ցեղասպանության հիշողության մեջ առկա կենարար ուժը ու, մա¬նավանդ, հումանիստական արժեքները, վեր հանել դրանք, վրայից մաք¬րել հարյուրամյա փոշին, փայլեցնել ու նոր, թարմ ձևավորումով մատուցել ժո¬ղովրդին։ Ինչը պահանջում է, կրկնում եմ, ոչ թե մակերեսային քաղաքա¬գի¬տական մոտեցում, այլ մասնագիտական հետազոտական աշխատանք։ Ես, համենայն դեպս, մտածում եմ այս ուղղությամբ և փորձում եմ իմ ու¬ժերի սահմաններում ձեռնարկել որոշակի քայլեր։

Նույն էջի վերջին նախադասությունը չափազանցված տեղեկատվություն է պարունակում։ Ի սկզբանե «Նեմեսիս» գործողությամբ պետք է ոչնչացվեր առնվազն 41 հանցագործ (եղել է նաև ավելի մեծ ցուցակ), սակայն հետագայում իրականցվել է միայն 9 հոգու նկատմամբ (Ջեմալի ու Էնվերի սպանությունները «Նեմե¬սի¬սի» մաս չէին կազմում)։ 

էջ 70 -- «Երիտասարդությունն ուզում է իրեն զգալ ոչ թե զոհ, այլ թիկունքում հե-րոսական անցյալ ունեցող հաղթող ազգ»։ Հա¬մամիտ եմ և ունեմ դրա իրականացման առաջարկներ, որոնք վաղուց լույս են տեսել։ 

էջ 114 – Հայոց լեզվի դերի մասին։ Ունեմ հրապարակումներ՝ կոնկրետ ա-ռաջարկներով։

էջ 190-195 -- «Ավրորա» ծրագրի մասին։ Կարծում եմ, որ այստեղ դրական լից¬քերից զատ կան այլ հանգամանքներ նույնպես։ Նկատի ունեմ այն փաս¬տը, որ «Ավրորան» ուղղված է միայն ու միայն դրսի աշխարհին։ Կողքից նա¬յե¬լու պարագայում կարող է տպավորություն ստեղծվել, որ խեղճուկրակ հա¬յե¬րին փրկել են միայն ու միայն օտարները, որ հայերը այնքան անուժ են ե¬ղել, որ ոչ մի քայլ չեն ձեռնարկել իրենք իրենց փրկելու ուղղությամբ։ Մինչ¬դեռ դա բնավ այդպես չէ։ Հայերին առաջին հերթին փրկել են հայերը։ Եվ ան¬հրա¬ժեշտ է 100 տարի անց հիշել ու գնահատել, շնորհակալություն հայտնել  հայ ընտանիքին, հայ կա¬նանց, հայ որբերին, հայ բարերարներին, որբանոցների աշխատակիցներին, հայ¬կական դպրոցներին, հայ ուսուցչին, Ցեղասպանությունը հետազո¬տող¬ներին, արխիվներին, պարբերականներին, որոնք լուսաբնում էին Ցեղա¬սպա¬¬նությունը, լրագրողներին, լուսանկարիչներին, գրողներին, կինոգոր¬ծիչ¬ներին, բանակի շարքային զինվորներին, կամավորական ջոկատ¬նե¬րի զինվորներին, ինքնապաշտպաններին, և այլն։ Նմա´ն քայլերի ձեռնար¬կումն էր, որ կբարձրացներ հայ մարդու արժանապատվությունը, հպարտու¬թյունը, համերաշխությունը, վստահությունը ապագայի նկատմամբ։ Ցավոք, չընկալվեց։  

Բացել
Փակել
Հասմիկ Մանուկյան 
Հասմիկ Մանուկյան 
Համահայկական ծրագրերի վարչության պետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ 
Հեղինակները փորձել են հանրային քաննարկումների հարթակ բերել Հայաստանի և հայության ապագային վերաբերող կենսական հարցադրումներ, այլ խոսքով ասած՝ ստեղծել հանրային դիսկուրս այս հարցերի շուրջ.  

- ինչպես այսօր որոշել ազգային պատկանելությունը, ինչ տարրերից է այն բաղկացած  
- գոյություն ունի արդյոք «հայկական աշխարհ» հասկացողություն և եթե այո՝ինչ իմաստ պետք է դնել այդ հասկացության մեջ,  
- Ինչ է իրենից ներկայացնում «ցանցային ազգը» 21-րդ դարում (հեղինակների բնորոշումն է հայության՝ իրենց կողմից առաջ քաշվող հնարավորուղու վերաբերյալ)  
- Ինչպես Հայաստանը դարձնել «գլոբալ» ազգի շահերի կենտրոնը  
- Ինչպես դարձնել Հայաստանը ծաղկող երկիր  
- Ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանի և հայ ազգի տեղը ժամանակակից աշխարհում  
 
Հենց միայն հանրային դիսկուրս ստեղծելու փորձը շատ ողջունելի է:  

Այդ առումով էլ գրքի բովանդակությունը ինձ համար պայմանականորեն բաժանվեց երկու մասի՝անկասկած ընդունելի ու դասագրքային ճշմարտություններ ներկայացնող գաղափարների (որոնք, ցավոք, դեռ չեն հանդիսանում հայ մարդու առօրյա մտածողության տարրեր) և վիճելի ու ոչ միանշանակ պնդումների:  

Եթե «հայոց հավաքական միտք» հասկացողությունը գոյություն ունի, ապա առաջարկվող դիսկուրսի ծավալումը և դրա շուրջ հնարավորինս շատ մարդկանցմասնակցությունը կօգնի ուղղորդել հավաքական մտքի զարգացումը և դրա իրականացումը:  

Այս գործընթացը նաև քաղաքացիական հասարակության ձևավորման ողջունելի փորձ է և պետությանկառավարողների որոշումների վրա ազդելու քաղաքացիական նախաձեռնություն: Ու եթե «վեճերում է ծնվում ճշմարտությունը», ապա գրքի շուրջ հանրային բանավեճի արդյունքում նույնպես կարողեն ծնվել հայերիս հուզող ճշմարտություններ: 

Բացել
Փակել
Վլադիմիր Շահիջանյան 
Վլադիմիր Շահիջանյան 
Հոգեբան, լրագրող, մանկավարժ, «ԷրգոՍոլո» ընկերության գլխավոր տնօրեն 
Գիրքը հաջողված է: Իմաստուն է, գործնական, ճշգրիտ, հարուստ փաստական նյութով: Երբեմն, ճիշտ ասած, թվում է, թե դոկտորական ատենախոսություն ես կարդում, բայց փայլուն ատենախոսություն: 

Ինձ դուր չեկավ ռուսերեն վերնագիրը՝ «Խաչմերուկում: Որոշումների ժամանակը»: Գրքում շատ է խոսվում այդ խաչմերուկի մասին, և այդ թեման շարունակվում է ողջ ձեռագրում: Բայց մարդկանց մեջ արմատացած զուգորդումներ կան. խաչմերուկը պետավտոտեսչությունն է (ГАИ), քաղաքները, մեքենաները, լուսացույցները: Ավելի շուտ՝ ճամփաբաժան: Յուրաքանչյուր ժամանակ որոշումների ժամանակ է: Դուք՝ հեղինակներդ, ինչպես հասկանում եմ, նկատի եք ունեցել մեծ հղացումների, արարումների ժամանակը: 

Գրքի իմաստն է ճիշտ օգտագործել կյանքի ընձեռած շանսը: Մարդը հնարավորությունն է, ենթատեքստում դա էի կարդում: Եվ Հայաստանին ինքնուրույն պետություն դառնալու հնարավորություն է վիճակվում: Ինչպե՞ս այն տնօրինել և ինչպես դրանից օգտվել: Ես բուն վերնագրում էլ էի նման բան ակնկալում. հնարավորություն, շանս, հղացումներ, արարումների ժամանակ և այլն: 

Գիրքն ընթերցելուց հետո, շրջելով վերջին էջը, մտածում ես. «Իսկ գուցե սա ապագա նախագահի և ապագա Նախարարների խորհրդի ղեկավարի՞ գիրք է: Գուցե հենց Ռուբեն Վարդանյանը և Նունե Ալեքյա՞նն են ունակ Հայաստանը հանելու առաջատար երկրների շարքը»: 

Զուգորդություն… Հավանաբար այն տեղին չէ, բայց մտքումս ծագել է, ոչինչ չեմ կարող անել: Ինձ չարացնում է «եթե այդքան խելացի ես, ինչու ես այդպես աղքատ» խոսքը: Ես գիտեմ մեծ թվով աղքատ, բայց շատ խելացի և ուսյալ մարդկանց: Դասականների մասին էլ չասեմ. աղքատ էր Մոցարտը, չքավոր էր Դոստոևսկին, փող չունենալուց տառապում էր Պուշկինը, փող չուներ Փարաջանովը, փող ու պարեն էր փնտրում Լեոնիդ Ենգիբարովը, և այս ցուցակը կարող եմ շարունակել մինչև անվերջություն: Դա վերաբերում է ոչ միայն մարդկանց, այլև երկրներին: Միշտ չէ, որ հարուստ երկիրը լավագույնն է, որտեղ հոգ են տանում և զարգացնում են մարդուն: 

Երբ կարդում էի Սինգապուրի մասին, չգիտես ինչու, մտածում էի կյանքի իմաստի մասին: Շատ հայեր կյանքի իմաստը տեսնում էին իրենց և իրենց կողքին եղածներին բարվոքելու մեջ: Խոսքը միայն փողի և լավ կենցաղի մասին չէ, այլև սեփական անձի նորոգման, բարոյական նորոգման մասին: 

Բացել
Փակել
Բորիս Ոսկանով 
Բորիս Ոսկանով 
Գլխավոր ճարտարապետի տեղակալ, Acronis 
Այն, ինչ հաճելիորեն զարմացրեց գիրքն ընթերցելիս, դրա համակարգավածությունն էր. պատումն ընթանում է պատմական նախադրյալներից դեպի հնարավոր զարգացման ուղիները:

Ընթերցանության ընթացքում մի քանի անգամ հարցեր էին ծագում. «Սպասեք, սպասեք, բայց չէ՞ որ…»: Եվ բառացիորեն հաջորդ էջերում գտնում էի հիշատակումը կամ պատասխանը: Այդպես էր սինգուլյարության («եզակիության»), բժշկության զարգացման ուղղության, ուրիշ հայացքների տեր մարդկանց մշակութային ընկալման և շատ ուրիշ հարցերի առնչությամբ: 
 
Զարմանալի է, թե որքան մանրամասն են հեղինակները նկարագրում Հայաստանի բնակիչների և սփյուռքի հայերի մի քանի սերունդների վերաբերմունքն ու խոհերը: Խոսքը և՛ ինքզինքը սփյուռքի հետ զուգորդելու, և՛ ինքնանույնացման դժվարությանների, և՛ «երկու երկրների պատկանելության», և՛ շատ այլ խնդիրների մասին է: 
 
Ընթերցելուց հետո մտքումդ ձևավորվում է ապագա Հայաստանի հոյակապ պատկեր, դեպի որն աստիճանաբար շարժվում է երկիրը: Կան բազմաթիվ ձեռնարկումներ, որոնք արդեն մի քանի տարվա պատմություն ունեն, և հաստատուն տպավորություն է ստեղծվում, որ սա տեսություն չէ, շատ բան արվել է: Ինչպե՞ս կարելի է վերահսկել, որ մեր ծրագրերը չկտրվեն իրականությունից: Չափելի կամ ֆինանսական ցուցանիշների դեպքում դա հեշտ է, բայց չէ՞ որ ծրագրերի նշանակալի մասը պահանջում է մշակութային փոփոխություններ: Ինչպե՞ս համոզվել, որ «Թումո» դպրոցից կամ Դիլիջանի քոլեջում սովորելուց հետո երեխան չի վերադառնա տուն և չի փորձի վարքագծի սովորական, ընդունված մոդելը: 
 
Գլուխներից մեկում հեղինակները հպանցիկ հիշատակում են տեխնոլոգիական սինգուլյարության հարցը: Բայց եթե համաձայնենք, որ սինգուլյարությունը («եզակիություն») կարող է վրա հասնել առաջիկա 50-100 տարում, ապա դա պետք է որ գլխիվայր փոխի «խաղը»: Դա հենց այն «սև կարապն» է, որը լիովին կփոխի մարդու՝ որպես տեսակի գոյության սկզբունքները, կփոխի մշակույթը: Գուցե սադրիչ թվա, բայց այդ համատեքստում մի ժողովրդի ինքնության, զարգացման և ուղիների հարցերն արդյոք շատ մասնավոր չեն դառնա: 

Բացել
Փակել
Տիգրան Խզմալյան 
Տիգրան Խզմալյան 
Համահիմնադիր, Հայաստանի եվրոպական կուսակցություն 
Հայկական ծուղակ 
(Մի քանի դիտարկում «Ճամփաբաժանին» գրի առնչությամբ)
Ուսումնասիրության առարկան, ինչպես նաև քննարկման ձևաչափը հանգեցրին մի շարք եզրակացությունների, որոնք կուզենայի հայտնել հեղինակներին և ընթերցողներին:  

Սկսեմ վերջիններից: Գրականության հնագույն խնդիրներից մեկը, լինի կրոնական, պատմական, գիտական թե ժամանցային, ընթերցողի ընտրությունն է. հետևորդի, ուսումնասիրողի կամ պատվիրատուի: Մեկնաբանվող տեքստի առանձնահատկությունն այն է, որ ի դեմս իր հեղինակների (նրանց թվում, բաց ձևաչափի շնորհիվ, և՛ ընթերցողներն են, և՛ մեկնաբանողները), միաժամանակ թե՛ նյութ է, թե՛ դիսկուրսի հնարավոր ստեղծող, թե՛ պատվիրատու, թե՛ առաջադրված խնդրի փնտրված կատարող: 

Ընդ որում, հարկ է մտավոր խիզախություն դրսևորել կեղծ քաղաքական պատշաճությունը հաղթահարելու և տվյալ տեքստի լսարանն ուղղակիորեն անվանելու համար: Դա հայ ազգային էլիտան է, մի բան, որ Կանտի բնորոշմամբ՝ գոյություն ունի «ինքն իր համար» և կոչված է, անհրաժեշտ է և դեռ պետք է դառնա «ուրիշների համար», այսինքն կատարի իր կոչումը և դառնա այն, ինչ է:  

Կրկնեմ 2019 թ. հուլիսի 6-ին Մատենադարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ արված դիտարկումս: Միանգամայն օրինաչափ է թվում, որ տվյալ նախագծի երկու հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը արտասահմանյան էլիտայի երևելի ներկայացուցիչներ են (ընդ որում, հենց երկու գերտերությունների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի), որոնք նոր և ճշմարիտ էլիտայի կրողի և վերարտադրողի փոխակերպվելու էկզիստենցիալ որոշում են ընդունել: Տվյալ համատեքստում ավելորդ է հիշեցնել, որ վերջին քառորդ դարում (ինչպես և նախորդ երեք քառորդում) Հայաստանը ղեկավարող քաղաքական, տնտեսական, ռազմական և մտավոր գործիչները մեծ հաշվով ազգային էլիտա չէին, ավելին, նրանք զգալի ջանքեր են գործադրել ճշմարիտ ազգային էլիտայի դրական հասարակական ընտրազատման մեխանիզմները ձևախեղելու և վերացնելու համար: (Ինձ թույլ կտամ փակագծերում բերելու նկարագրվող սոցիալական ինստիտուտի սեփական ոչ ակադեմիական սահմանումը. մարդկանց խումբ, որոնց անձնական շահերն ու հավակնությունները համընկնում են պետականի հետ, ոչ թե նենգափոխում են դրանք, ինչպես որ տեղի է ունեցել Հայաստանում:) 

Այս ցավալի երևույթի պատճառը նաև պետական գաղտնիք չէ. իշխանական շերտը եղել և մեծ մասամբ դեռևս մնում է Ռուսաստանից (իր ցարական, խորհրդային թե ներկայիս մարմնավորմամբ) գաղութային կախվածության գաղափարախոսության արդյունքը և կրողը: Համապատասխանաբար, այդ հին «գաղութային էլիտայի» թշնամությունն ու անհանդուրժողականությունը ճշմարիտ ազգային գաղափարախոսության (քաղաքական, ռազմական, տնտեսական, լեզվական) դրսևորումներին ու կարիքներին և դրա բնական կրողի՝ հայկական պետականության նկատմամբ եղել և մնում է նրա կրավորական կոնֆորմիզմի, ակտիվ կոլաբորացիոնիզմի, ինչպես նաև դրանք ուղեկցող ինքնապաշտպանության բնազդի և ճշմարիտ ազգային էլիտայի ոչնչացման կամ դուրսմղման հաշվին ինքնապահպանման մեխանիզմի անխուսափելի հետևանքը: Հասկանալի է, որ վերջինիս առաջացմանն առավելապես նպաստում են մետրոպոլիայի քաղաքական ճգնաժամերը: Պատահական չէ, որ հայկական անկախ պետականության վերականգնման երկու՝ 1917-ի և 1991-ի փորձերը նախ Ռուսական կայսրության, այնուհետև ԽՍՀՄ-ի փլուզման հետևանք էին: Որևէ հիմք չկա կասկածելու, որ ինքնիշխան Հայաստանի վերստեղծման երրորդ փորձն էլ կապված է լինելու պուտինյան Ռուսաստանի ներկայիս թուլացման և միջազգային մեկուսացման հետ: Հետևաբար հատկապես կարևոր և արժեքավոր են ազգային էլիտայի առանձին ներկայացուցիչների՝ (առավել ևս, որ նրանք իրենց կարգավիճակը նշում են ոչ թե որպես ABB, Armenian by birth «ծնունդով հայ», այլ ABC, Armenian by choice՝ «ընտրությամբ հայ») փրկության ազգային ծրագրի մշակման, երկրի պետականության պահպանման և զարգացման ուղիների որոնման ջանքերն ավելի վաղ, քան վրա կհասնի փլուզման ճգնաժամային իրավիճակը, ինչպես որ տեղի է ունեցել նախորդ դեպքերում: 

Այժմ, հարկադրական զեղումներից հետո, անցնենք «հայկական ծուղակ» թեզին, որից ցանկալի է հետ պահել հարգելի գործընկերներին և համախոհներին: Տվյալ համատեքստում այդ անբարեհունչ եզրույթով մենք բնորոշում ենք ազգի և իր էլիտայի՝ մեր պատմության մեջ պարբերաբար կրկնվող փոխադարձ օտարումն ու համախմբման դժվարությունները, ինչը, իհարկե, բացառապես հայկական երևույթ չէ, սակայն մեր դեպքում լիովին դրամատիկ բնույթ ունի՝ ողբերգական հետևանքներով: Փորձեմ բացատրել այդ երևույթի պատճառներն իմ պատկերացմամբ:  

Շատ հաճախ թերություները ծայրահեղության հասցված արժանիքների շարունակությունն են: Այսպես, հնուց անտի ընդունված է հայ էթնոսի նկարագիրը բնութագրել շրջակա սոցիալ-քաղաքական միջավայրին նրա հարմարվելու մեծ ունակությամբ և արդիականացման՝ մշակութային-տնտեսական նորարարական բերափոխումների հակումով: Այդ առանձնահատկությունները՝ ծայրահեղ դրսևորումներով, ինչպես հայտնի է, հանգեցրել են զագվածային ձուլման օտար միջավայրերում և հայ հասարակության մեջ բարձր աստիճանի ներքին շերտավորման՝ ըստ ունեցվածքի, դավանանքի, կուսակցական և այլ տարբերությունների: Ըստ էության, դա էլ բնավ «հայկական բացառիկություն» չէ, բայց եթե համեմատենք մեր դեպքը պատմականորեն և աշխարհագրորեն մեզ մոտիկ ու ծանոթ օրինակների՝ հրեաների ու վրացիների հետ, ապա հենց ազգային էլիտայի ճգնաժամով կարելի է բացատրել այն երևույթը, որը պայմանականորեն անվանել ենք «հայկական ծուղակ»:  

Հրեաների պես և ի տարբերություն վրացիների հայերը համեմատաբար ավելի վաղ են ձերբազատվել ֆեոդալիզմից և սեփական պետականության կորստյան պայմաններում էթնոսի զգալի հատվածի առաջանցիկ ուրբանիզացմամբ անցել են ազգային կենսակերպի բուրժուական փուլին: Ընդ որում, հայերն են Կոստանդնուպոլսում և Մոսկվայում, Թիֆլիսում և Բաքվում, Կալկաթայում և Ջուղայում, Թավրիզում և Սպահանում հասել ակնառու հաջողությունների ազգային սփյուռքների հարմարողական զարգացման, առևտրա-արհեստակցական համայնքների և արդյունաբերական-ֆինանսական կապիտալի արմատավորման առումով:  

«Ծուղակը» դրվել էր միջին դարերում և լարվեց XX դարասկզբին՝ համընդհանուր ճգնաժամի և կայսրությունների անկման, համաշխարհային պատերազմի և ցեղասպանության շրջանում: Ինչո՞ւ հայկական համայնքների և առանձին անհատների հարմարողական արժանիքները և տնտեսական մեծ հաջողությունները չեն պաշտպանվել և չեն ուղեկցվել ինքնապահպանման քաղաքական և սոցիալական մեխանիզմներով այն միջավայրում, որն անակնկալ թշնամական է դարձել: Պատասխանը դաժան է և հստակ. պատճառը ինքնապաշտպանության միակ գործուն զենքի՝ հայ ազգային էլիտայի թուլությունն է, որը կա՛մ անցել է մետրոպոլիայի և նվաճողների կողմը, կա՛մ իր մեջ ուժ չի գտել դիմադրություն կազմակերպելու համար: Երկու դեպքում էլ գործ ունենք քաղաքական, տնտեսական, զինվորական, կրոնական, մտավոր էլիտայի ողբերգական անհամապատասխանության հետ առաջնորդ, կողմնորոշող, չափանիշ և ճգնաժամերի ու աղետների պայմաններում ազգի պաշտպան լինելու իր սոցիալական կոչմանը և հոգևոր առաքելությանը: 

Կրկին դիմենք վրացական և հրեական փորձի հետ համեմատությանը, քանի որ նրանց օրինակների հիման վրա կարելի է հետևել ազգային էլիտաների ձևավորման և գործառության երկու հաջող մոդելների կայացմանը: Մեր հյուսիսային հարևաններն օգտագործեցին անսպասելիորեն երևան եկած առավելությունը՝ պահպանված գավառական քվազիարիստոկրատիայի՝ ֆեոդալիզմի տարաժամ վերապրուկ թվացող մանր հողատերերի սեփականության ինստիտուտի՝ ուդելային իշխանների և գյուղական կալվածատերերի առկայությունը: Ռուսական կայսրության անկումից առաջացած վակուումում հենց այդ ուսյալ արիստոկրատների շերտը՝ վառ արտահայտված դասային հոգեբանությամբ և ժառանագականության զգացումով, վրացական պետականության վերականգնման հիմքը դարձավ: Քիչ անլուրջ ձևով երկրի ճակատագրի համար նույն այդ էլիտայի պատասխանատվության մեխանիզմը գործի դրվեց XX դարի վերջում՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ: Վրացական էլիտայի արմատավորումն իր հողի վրա, հաճախ ամրապնդված նաև սեփականության իրավունքի ճանաչումով, շարունակվում է որպես հակաճգնաժամային ներուժ նաև Վրաստանի զարգացման ներկայիս փուլում: 

Միանգամայն այլ կերպ է ներկայանում հրեական էլիտայի գոյության մեխանիզմը, ընդհուպ մինչև Իսրայել պետության ստեղծումը, նույնիսկ այժմ: Հավանաբար այդ գործընթացի գլխավոր շարժիչ ուժը հարկ է համարել ռաբբիության սոցիալական ինստիտուտը: Ազգի հոգևոր հեղինակությունների ճկուն ցանցային կառույցը, միավորված կրոնական ընդհանրության հզոր ավանդույթով, ընտրյալի զգացումով և առաքելական ուղղությամբ, ստեղծել է ազգային էլիտայի միանգամայն բացառիկ կառույց, որը թափանցում է հրեական հասարակության բացարձակապես բոլոր շերտերը՝ ֆինանսա-արդյունաբերական, գիտական-գրական, արհեստագործական և գյուղատնտեսական համայնքները: Ռաբբիները մուտք և ազդեցություն ունեին փաստացի հրեաների բոլոր դասային շրջաններում: Եվ այդ ներէթնիկ համերաշխության շնորհիվ, ինչպես նաև Հոլոքոստի աղետալի փորձի ուժով, որ կտրել էր գոյատևման բոլոր մնացած հնարավորությունները, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հենց ազգային էլիտան, համախմված կրոնական ուսուցիչների՝ ռաբբիների միջոցով, դարձավ Իսրայել պետության գոյության ուժեղ կողմն ու գրավականը: 

Այսպիսով Վրաստանի դեպքում տեսնում ենք պետականության վերականգնում էլիտայի ջանքերի և հեղինակության շնորհիվ, որ ձևավորվել էր մասամբ անախրոնիկ ֆեոդալական դասով: Ուշագրավ փորձ, որ ծանոթ է աշխարհին հետպատերազմյան Ճապոնիայի օրինակով: 

Իսրայելի դեպքում պետության ստեղծման ուրիշ օրինակ ենք տեսնում՝ ազգային էլիտայի նախագծով, ռաբբիների արդիականացված հոգևոր հեղինակությամբ և ժողովրդական խանդավառությամբ: 
Թվարկված բոլոր օրինակներում էլիտան սկսել է նախորդ մետրոպոլիաների հարմարավետ կոնֆորմիզմի առավելություններից և արտոնություններից սկզբունքորեն հրաժարվելուց՝ հանուն ազգային պետության քաղաքական անկախության: Հատկապես առաջնորդների անձնական օրինակն ու հանրային ծառայությունն են էլիտայի առաջնորդներին դարձրել բարոյական հեղինակություն և օրինակ ազգի համար: Սակայն բոլոր դեպքերում էլիտաները ստեղծվել են հասարակության հոգևոր, զինվորական, մտավոր և տնտեսական առաջնորդների անցումով գաղութատիրական մետրոպոլիային դիմակայելու քաղաքական դաշտ: Հենց այդ անհրաժեշտ և անխուսափելի ընտրությունը պետք է կատարի այսօր հայ էլիտան, որ պարտավոր է ձերբազատվել հին կայսերական գայթակղությունների ու արտոնությունների սովորական մատրիցաներից և անցնի տագնապների ու սպառնալիքների անապատով դեպի ազգային անկախության ավետյաց երկիրը: Այդ ուղին են ցույց տվել գրքի և նախագծի հեղինակները՝ ռուսական և ամերիկյան գործարար էլիտայի ականավոր ներկայացուցիչներ Նունե Ալեքյանը, Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը: Մնում է, որ հենց նրանք էլ և նրանց կողմնակիցները գործարար, քաղաքական և մտավոր էլիտաներում անցնեն այդ նախանշված ճանապարհը: Ուրիշ ճանապարհ չկա, մնացած ամեն ինչ կեղծավորություն է, սուտ և պատրանք, այն, ինչ անվանել ենք «հայկական ծուղակ»: 

Հայաստանի դեպքում ելքը կայսերական Ռուսաստանից անջատվելու ուղին է, դուրս գալը եվրասիական ռազմա-տնտեսական կառույցներից և մուտքը եվրոպական անվտանգության և տնտեսական ինտեգրացիայի համակարգ, Եվրոպական միություն և ՆԱՏՕ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը մեր քաղաքական առաջարկն է ազգային էլիտայի համար, դեպի քաղաքակիրթ երկրների ընտանիք ուղու ընտրությունը: Հայաստանի ուղին դեպի Եվրոպա: Հայաստանի ընտրությունը, որ կանգնած է այսօր խաչմերուկում կամ ճամփաբաժանին. Հենց այդպես երկակի կարելի է թարգմանել այդ գրքի անունը: 

Բացել
Փակել
Հայկ Քոթանջյան 
Հայկ Քոթանջյան 
Պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր, Ռուսաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ,  Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի պատվավոր նախագահ 
Մեծ հետաքրքրությամբ ընթերցեցի և անգամ վերընթերցեցի ձեռագրի սկզբնական գլուխները, որոնցում շարադրված են հեղինակների հայացքները հայության կենսագործունեության շարժընթացին մինչև XIX դարի վերջը և XX դարում: Իմ կարծիքով՝ միանգամայն գնահատելի կլինի այդ տեղեկատվությունը հասցնել և՛ Հայաստանի, և սփյուռքի երիտասարդ սերնդին, որը կանգնած է գլոբալացման մարտահրավերների և ազգային ինքնության պահպանման հնարավորությունների առջև:

Շարադրանքի առավելությունն այն է, որ  չնայած հեռավոր և համեմատաբար մոտ անցյալի դիտարկմանը, չի տառապում պատմողականությամբ, գերակշռում է միջգիտակարգման և համակարգման միջոցով հայության արդի խնդիրների լուծման մոտեցումների իմաստավորման ձգտումը:  
 
Երրորդ գլխում հեղինակները կարողացել են համոզիչ կերպով հիմնավորել իրական սպառնալիքների առկայությունը, որոնք իրոք ծառացած են հայ ժողովրդի առջև.  Հայաստանի դեպոպուլյացիան, ազգային պետականության կորուստը, մեր ժողովրդի անհետացումը ձուլման հետևանքով: 
Որպես այդ ամենի պատճառ  նշվում է իշխանության կառուցվածքի էքստրակտիվ մոդելը և այն ծրագրերի բացակայությունը, որոնք առաջ են տանում պետության ու առհասարակ հասարակության ներառական-ինստիտուցիոնալ վերակառուցումը՝ հիմնված իրական ժողովրդավարության համակարգային տարածման վրա: Չափազանց կարևոր են դրույթներն այն մասին, որ իշխանության ինստիտուտների էքստրակտիվության տևականության դեպքում, ցանկացած դրոշի տակ, երկիրը մնում է միջազգային քաղաքականության օբյեկտ՝ զուրկ ազգային պետության և սփյուռքի փոխզարգացման հիմքերից: 
 
Լավագույն օրինակ կարող է ծառայել այս առումով, ըստ իս, Սիոնի հողում գտնվող Իսրայելի պետության և սփյուռքի՝ համայն աշխարհի հրեաների փոխզարգացման արդյունավետ դինամիկ համակարգը, որի մասին կարող եմ դատել Իսրայել կատարած իմ վեց գործուղումների արդյունքների հիման վրա: Այս կապակցությամբ կարևոր է հաշվի առնել Իսրայելի Քնեսեթի կառուցվածքի առանձնահատկությունը՝ բրիտանական Փառապանծ հեղափոխության գլխավոր արգասիքի՝ խորհրդարանի  մանրազնին ձևափոխված մոդելը, որ խնամքով հարմարեցվել է Իսրայելի պետության և առհասարակ հասարակության ներառական զարգացման ու անվտանգության ռազմավարական շահերին: 
 
Իշխանափոխության, իշխանության մոդելի էքստրակտիվ էությունը պահպանելով, անարդյունավետության պատկերավոր նկարագրություն է Շվարցի սյուժեն այն հերոսի մասին, որը հաղթելով վիշապին՝ ինքն է վերածվում վիշապի: Հեքիաթի իմաստնությունը և ձեր եզրակացության սկզբունքային նշանակությունը մեր ներսի վիշապին հաղթելն է: 
 
Իմ կարծիքով՝ նպատակահարմար է անդրադառնալ Հայաստանում հայտարարված իշխանության տարանցման ծրագրային նպատակաուղղվածության իրական գնահատականին՝ իշխանության էքստարկտիվության վերարարտադրության հաղթահարման և  ժողովրդական զանգվածներին նոր իշխանությունների ձևափոխված էքստրակտիվությունը պարտադրելու միտումով ցանցային համախմբման մանիպուլյատիվ օգտագործումը բացառելու տեսանկյունից: 
 
Ամփոփելով ասեմ, որ սա հիանալի աշխատանք է, որ հայության լավագույն որդիներին և դուստրերին կողմնորոշում է դեպի մեր ժողովրդի ապագայի արհեստավարժ պատասխանատու իմաստավորմանը՝  հայկական պետության և հասարակության կառավարման ներառական ռազմավարության ճշգրտմամբ, ծրագրա-նպատակային խարիսխ նախագծերի մշակմամբ, որոնք կմիավորեն հայ ժողովրդին իր ամենայն սփյուռքյան-ենթաէթնիկ, գեոստատիկ և տնտեսական-ցանցային բազմազանությամբ հանուն բեկումնային զարգացման և անվտանգության  դաժան մարտահրավերների և այն հնարավորությունների պայմաններում, որոնք ընձեռել են մեր ժամանակները մեր ազգային պետությանն ու սփյուռքին:  

Բացել
Փակել
Դոկտոր Ինգրիդ Համմ
Դոկտոր Ինգրիդ Համմ
Ingrid Hamm Consultants, Գերմանիա 
Թույլ տվեք հաղորդել մի քանի միտք, որոնք ծագեցին «Ճամփաբաժանին» ձեռագիրն ընթերցելիս։  Ուշադիր ընթերցել եմ 3-5-րդ գլուխները` հասկանալու Հայաստանի զարգացման հայեցակարգը, և թերթել եմ առաջին երկու գլուխները: Իսկապես շատ բան սովորեցի և ցանկանում եմ շնորհավորել հեղինակներին՝ խորքային վերլուծության և հայերի խոստումնալից ապագան խելացի կերպով նախագծելու համար: 

Ինձ մասնավորապես դուր եկավ Հայաստանի՝ հաբ և գլոբալ ցանցային ազգ դառնալու գաղափարը։  Նման զարգացման հնարավոր մոդելների քննարկումը գրքում, մասնավորապես Սինգապուրի, Հարավային Կորեայի և, հալածանքների ու մերօրյա սփյուռքի հետ կապված որոշ դեպքերում՝ նաև Իսրայելի օրինակով, բավականին ուսուցողական է:  

Ձեռագրում տեղ են գտել հատկապես արդյունավետ ու շահավետ սցենարներ և ճանապարհային քարտեզներ, երբ Հայաստանում ստեղծված իրավիճակի, վերջինիս պատմության ու ժողովրդի կողմից առաջ քաշած նախապայմանները դիտարկվում, իսկ հետագայում նաև համադրվում են համաշխարհային փոփոխության միտումների պահանջներին: Այս ամբողջական մոտեցումը բացառիկ է, և ես կցանկանայի, որ այլ հեղինակներ նույնպես միանան Ձեզ՝ քննարկելու իրենց երկրների և ժողովրդի ապագան նույնքան ճշգրիտ և վերլուծական եղանակով` առաջնորդվելով փոփոխության տեսլականով՝ հանուն ավելի լավ ապագայի: 

Մասնավորապես կցանկանայի ընդգծել տաղանդայնության գաղափարը՝ որպես ապագայի կապիտալ և տնտեսության ու ազգի զարգացման ներառական էկոհամակարգի հայեցակարգ։ Խիստ կարևոր է հասկանալ, որ միայն ներդրումները, այլ ոչ թե կենսամիջոցի համար փոխանցումներն են  հանգեցնում զարգացման: Սակայն, միևնույն ժամանակ, կայուն նորարարական ներդրումները զարգանալու համար ժամանակ  են պահանջում:  

Ես հասկանում եմ, որ հեղինակները, որպես Հայաստանի զարգացման շարժիչ ուժ, շեշտը դնում են սփյուռքի վրա, և հենց այդ սփյուռքն է ձեռագրի թիրախային հիմնական խումբը: Հուսով եմ, որ գիրքը անկյունաքար կդառնա ամբողջ աշխարհի հայերի շրջանում այն հարցերի համընդհանուր քննարկման համար, թե ինչու և ինչպես են նրանք նպաստելու զարգացմանը, որը հստակորեն պետք է առաջնորդվի մասնավոր սեկտորի կողմից և շարունակվի քաղաքական գործընկերների կողմից, երբ առավել անհրաժեշտ են նորարարությունն ու ստեղծարարությունը: 

Այդուհանդերձ, թիրախային հիմնական խմբից բացի, «Ճամփաբաժանին» աշխատությունը կարող է դառնալ արժեքավոր փաստաթուղթ այն մասին, թե ինչ պետք է քննարկենք, երբ մտածում ենք  զարգացման մասին գլոբալիզացվող աշխարհում, որտեղ քաղաքները կարող են ստանձնել ազգային կառավարությունների դերը, և որտեղ բոլորս պետք է մշտապես գործենք միաժամանակ և՛ գլոբալ, և տեղային տրամաբանությամբ։ 

Ես իսկապես հիացած եմ այս աշխատությամբ: Սակայն երկու պահ կա, որոնց հեղինակները պետք է ուշադրություն դարձնեն և ապագայում դրանք ներառեն ամբողջական պատկերում: Առաջինն այն հարցն է, թե ինչպես ստեղծել և պահպանել պահանջվող քաղաքական կամքը, քանի որ Սինգապուրի, Հարավային Կորեայի և Իսրայելի նշված բոլոր մոդելները ստեղծվել և առաջնորդվել են քաղաքական իրական կամք ունեցող առաջնորդների կողմից։  

Մյուսը խաղաղությունն է: Երկարաժամկետ հեռանկարում, բարգավաճման համար ազգին անհրաժեշտ է  խաղաղություն: Նույնիսկ Հարավային և Հյուսիսային Կորեաների առաջնորդներն են մտածում հաշտության մասին, իսկ Սինգապուրին հաջողվել է «լեզու գտել» Մալազիայի հետ: Իսրայելի իրավիճակն ակնհայտորեն տարբեր է: Կարծում եմ, որ հաբ դառնալու գաղափարը պահանջում  է, որ Հայաստանում կայուն խաղաղություն հաստատվի:  

Բացել
Փակել
Ռուբեն Հարությունյան
Ռուբեն Հարությունյան
CEO, Henderson Russia
Աշխարհի հայության մեծ մասին  հուզում է Հայաստանի ապագան  և այն, որ տեսանելի ապագայում նա որպես երկիր գործոն դառնա միջազգային ասպարեզում, այնտեղ ապրող մարդիկ սկսեն ապրել արդար և բարագավաճող հասարակությունում բոլորի համար հասկանալի  և բոլորի համար նույն խաղի կանոններով:

Վստահ եմ, որ «Ճամփաբաժանին» գրքի երևան գալը կարող է նպաստել, որ տարբեր երկրների հայերի ուշադրությունը հրավիրվի Հայաստանի ապագա կարգավորման ու զարգացման, Սփյուռքի և ուրիշ երկրների հետ փոխազդեցության ուղիների որոնման  հարցերի վրա:

Քանի որ գիրքը տպագրության է պատրաստվում արդեն իշխանափոխությունից հետո, իմաստ ունի գլուխ կամ գուցե համառոտ նախաբան կամ վերջաբան ավելացնել, որում արտահայտվեն սպասումները նոր իշխանությունից (առանց որևէ գնահատականի):

Գրքում ուղիղ հղումներ չկան երկրի քաղաքացիների և պետության առաջին դեմքի (իշխող կուսակցության) միջև հետադարձ կապի մեխանիզմի ստեղծման կարևորության մասին՝  առաջին դեմքի պարտավորությամբ ողջամիտ ժամկետում  գրավոր պատասխանելու քաղաքացիների յուրաքանչյուր հարցումին (օրինակ՝ Ֆրանսիայում այդ ժամկետը  1-4 շաբաթ է՝ պայմանավորված դիմումի բարդությամբ և կարևորությամբ): Կարծում եմ՝ դա հնարավորություն կտար յուրաքանչյուր պահին ձեռքը երկրի բնակիչների զարկերակի վրա պահել. հասկանալ, թե ինչն է նրանց ամենից շատ մտահոգում, և ամենակարևորը՝  արագորեն խնդիրների լուծում առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենքներին և մեխանիզմներին համապատասխան, այսինքն՝ կատարելագործել պետական կառավարման համակարգն այնտեղ, որտեղ այն խափանումներ է ունենում:  Բնականաբար, խոսքն անանուն հետադարձ կապի մասին չէ, այլ բաց և թափանցիկ հաղորդակցության մասին:

Իսրայելը ձեռագրում նկարագրվում է որպես մետրոպոլիա, այդուհանդերձ այդ երկիրը բազմաթիվ նորարարական արտադրանքներ է տալիս համայն աշխարհին: Առաջարկում եմ ավելի շատ բացել ժամանակակից Իսրայելի ստեղծման և զարգացման ուղին, թե հատկապես ինչի շնորհիվ էր այդպես արագ և արդյունավետ զարգանում: Հաշվի առնենք, որ Իսրայելը, ինչպես և Հայաստանը, այնքան էլ բարեկամական շրջապատում չէ, նաև այն, որ 90-ականների սկզբին մեր և Իսրայելի ժողովրդագրական վիճակները շատ նման էին:

Առաջարկում եմ հնարավորինս ավելի շատ գրել մեր հարևան  Վրաստանի և Ադրբեջանի զարգացման մոդելների մասին, որոնք 70 տարի մեզ հետ միասին ապրել են նույն երկրում: Ի՞նչը նրանց ավելի լավ հաջողվեց, ինչը չհաջողվեց, ի՞նչ ուղիով են նրանք զարգանում:

Ջրի և սննդամթերքի որակի ստանդարտների վերահսկողության  նոր արդյունավետ և վստահություն ներշնչող համակարգի ստեղծման հարցը չափազանց կարևոր է երկրի ապագայի, բոլոր քաղաքացիների համար և պակաս կարևոր չէ զբոսաշրջիկների համար, որոնք ժամանում են երկիր: Հավանաբար դրա լավագույն միջոցը համակարգը բաց և թափանցիկ դարձնելն է: Դա, հասկանալի է, էական ներդրումներ կպահանջի ու որակյալ կառավարում, և լավագույն լուծում կարող է լինել պետական-մասնավոր կառավարման ձևով ընկերության ստեղծումը: Ահա բարձրորակ ջրի և սննդամթերքի առկայության և բարենպաստ բնական պայմանների ու ճիշտ հաղորդակցության ռազմավարության համադրության շնորհիվ Հայաստանը կարող է համաշխարհային առաջատարներից մեկը դառնալ էկոտուրիզմի ոլորտում:

Աշխատությունում հիշատակվում է ցածր արտադրողականությունը մեր գյուղատնտեսությունում: Սակայն լուրջ ուսումնասիրություններ կան՝ հիմնված վիճակագրության վրա, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում  մեկ հեկտարից մենք ավելի շատ արդյունք ենք ստանում, քան Վրաստանում, Ադրբեջանում և անգամ Ռուսաստանում: Հարկ է ճշտել այս հանգամանքը:

Ձեռագրում այսպիսի թեզ կա. «Կոռուպցիայի հիմքը խարխլվում է, երբ
կատարելագործվում են օրենսդրությունն ու օրենսդրական դաշտը, որոնք կարգավորում են
պետական ապարատի գործառնությունը, մեծացվում է դրա թափանցիկությունը և պետական ծառայողների ու հասարակության միջև փոխներգործությունը դրվում է ինստիտուցիոնալ շրջանակների մեջ»: Ես կավելացնեի արժանի վարձատրումը: Եթե խոսենք երիտասարդ պաշտոնյաների մասին, ապա, ըստ էության, նրանք պատրաստ են ոչ մեծ վարձատրության դեպքում էլ աշխատել՝ փորձ կուտակելով: Բայց եթե խոսքը պետության կառավարման համակարգում ուժեղ և փորձառու մասնագետների ներգրավման մասին է, ապա պետք է ապահովել նրանց համապատասխան աշխատավարձով և կենսամակարդակով: Դրա վառ օրինակը Վրաստանն է, որտեղ շատ ոլորտներում կոռուպցիա չկա, իսկ չինովնիկները փայփայում են իրենց պաշտոնները և չեն ցանկանում ռիսկի դիմել, քանի որ կկորցնեն ոչ միայն բարձր վարձատրվող աշխատանքը, այլև ճոխ սոցիալական փաթեթը:

Աշխատությունում այսպիսի թեզ կա. «Հայաստանի քաղաքացիները շարունակում են պետությունն ընկալել ոչ թե որպես ընդհանուր տուն, այլ որպես բռնության ինստիտուտ. չինովնիկներին խաբել կարողանալը նախկինի պես համարվում է առանձնահատուկ խիզախություն և հնարամտության ցուցանիշ»:  Հավանաբար իմաստ ունի վեր հանել պատճառները: Հայերը դարեր ի վեր պետականություն չեն ունեցել: Ստիպված են եղել տնտեսական հանգամանքների թելադրանքով կամ իշխանությունների ճնշման և բռնության հետևանքով լքել իրենց բնակության երկրները: Ուստի չի մշակվել նաև պատասխանատվության զգացում սեփական երկրի, Հայրենիքի համար, և դրա հետևանքով հայերն առանձնապես չեն այրվել այդ երկրների բյուջեն լցնելու ցանկությամբ:

Աշխատությունում խոսք կա լեզվի պահպանության կարևորության մասին: Դրան կնպաստեր հայոց լեզվի պահպանության և զարգացման համար պատասխանատու գործուն կառույցը: Ներկայումս, ցավոք, նման գործառույթ փաստացի ոչ ոք չի կատարում:  Այստեղ դարձյալ հարմար կլիներ պետական-մասնավոր գործընկերությունը: 

Բացել
Փակել
Յարոսլավ Գլազունով 
Յարոսլավ Գլազունով 
СЕО-ի արդյունավետության և տնօրենների խորհրդի փորձագետ, Ռուսաստանում Spencer Stuart-ի ղեկավար 
Հիանալի վերլուծություն: Ամենից շատ ապշեցնում էր այն, որ չնայած չորս քաղաքակրթությունների ազդեցությանը՝ տարբեր կրոնական, մշակութային, քաղաքական հայացքներով, հայ ժողովուրդը, հենվելով ճշմարիտ ավանդական արժեքների վրա, կարողացել է ոչ միայն պահպանել ազգային ինքնությունը, այլև լայն մտածողության դիապազոնի  ձգտման, մրցունակության և բանակցություններ վարելու բնածին ունակության շնորհիվ հաջողությամբ  ներառվել աշխարհի տարբեր երկրներում:

Տպավորված եմ Think to connect! Think to create! Think to act մոտեցմամբ և այն առաջարկությամբ, որ օգտագործվի մրցունակության առավելությունը, այն, որ հայ ազգը գլոբալ է և շարժունակ: Չի կարող չհիացնել  այսքան կենսասեր և իր հայրենիքն այսքան սիրող ժողովուրդը: 

Բացել
Փակել
Անի Քարամյան
Անի Քարամյան
Boston Consulting Group, ՏՏ ղեկավար
«Ճամփաբաժանին» ձեռագիրը դեռևս չի հասցրել տեղավորվել իմ գրապահարանում: Անընդհատ դրանով կիսվում եմ հետաքրքիր մտածող մարդկանց հետ և անդրադառնում դրան, երբ մեջս հարցեր են կուտակվում մեր հայրենիքում ընթացող հերթական իրադարձության մասին լսելուց հետո։

Կուզենայի նորից շեշտել, որ սա տեսածս առաջին փորձն է՝ այսքան ամբողջապես ուսումնասիրելու մեզ՝ որպես ազգ, և այսպես անկեղծորեն փնտրելու մեր ճշմարտությունը, իմաստն ու հետագա ուղին: Հատկապես գնահատեցի, որ այս ձեռագրում չկան ո՛չ մեզ չափից ավելի գովերգող, ո՛չ էլ ինքնախարազանող երանգներ… և վերամբարձ կենացներ, որոնցից բոլորս հոգնել ենք։ 
 
Գիրքն ընթերցելուց հետո շուրջս գտնվող, կամ ինձ այս կամ այն կերպ տեսանելի հայկական կյանքին սկսել եմ նայել համազգային ցանցը վերակերտելու տեսանկյունից: Սա մտածողության կարևոր փոփոխություն է ինձ համար և հուսով եմ, որ այն վարակիչ կլինի։ 

Բացել
Փակել
Էդուարդ Նաղդալյան
Էդուարդ Նաղդալյան
«Դելավոյ էքսպրես» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Երևան 
Այս գրքի գլխավոր արժանիքը Հայաստանի ապագայի նախագծի քննարկումն է: Բանն այն է, որ հայ հասարակությունում, ցավոք, բացակայում է առհասարակ ցանկալի ապագայի շուրջ բանավեճը: Հայ ժողովուրդը հիմնականում սևեռված է անցյալի վրա՝ անցյալի հերոսների, երբեմնի հզորության, պատմական հողերի, պատմական հիշողության, սեփական բացառիկության և այլն:

Ընդ որում, առասպելաբանության մի ահռելի շերտ է ստեղծվել, որում անվերջ եփվում ենք, վիճում, անվերջ ինչ-որ մեկին ինչ-որ բան ենք ապացուցում, պատմական փաստարկներ ենք բերում, նեղանում, երբ աշխարհն այլ կերպ է մտածում և չի համաձայնում մեր ճշմարտությանը…  

Այդ երևակայական ցավը և երևակայական ապրումները շատ են խանգարում ապագայի տեսլականի՝ Հայաստանի ցանկալի ապագայի ձևավորմանը: Ավելին, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ապագան առհասարակ չի հետաքրքրում հայերին: Մենք պատմական արդարության գլխավոր պաշտպանն ենք Երկիր մոլորակում: Բայց չէ՞ որ պատմական արդարություն գոյություն չունի: Մինչդեռ այս «փոքրիկ» հանգամանքը որևէ կերպ չի նվազեցնում մեր խանդավառությունը…  

Ես Հայաստանը համեմատում եմ այն վարորդի հետ, որն անընդհատ նայում է մեքենայի հետագծի հայելուն:  Այդպես շատ հեռու չես գնա: Ուստի յուրաքանչյուր աշխատանքի և յուրաքանչյուր փորձի երևան գալը, որն ուղղված է հայերի հասարակական ուշադրության, փորձագիտական հանրության վերակողմնորոշմանը ապագային, ցանկալի ապագայի սցենարներին, չափազանց կարևոր է:  

Ելնելով վերն ասվածից՝ տեղին չեմ համարում պատմական այն ծավալուն ակնարկը, որ արված է տվյալ գրքում, առավել ևս, որ հասարակայնությունը Ռուբեն Վարդանյանին որպես պատմաբան չի ընկալում: Բացի այդ, մտավախություն կա, որ բանավեճին կմիանա պատմաբանների և սուտ պատմաբանների բանակը, որոնք դարձյալ ուշադրությունը կթեքեն դեպի անցյալի քննարկումը և կթաղեն գրքի բուն էությունը: 

Հեղինակների թեզը հայերի անհատականության մասին, որը խանգարում է ներքին համաձայնությանը, առանցքային բնութագրիչ է և արդիական մինչ օրս: Հենց այդ պատճառով են հայերը միշտ հաջողակ եղել անհատական մակարդակում և միշտ ձախողված՝ պետական, հավաքական մակարդակում. ընդհուպ մինչև մեր օրերը: Ինքնիշխանության համար հայերի պայքարի արդյունավետությունը,  ճշմարիտ ինքնիշխանության շահագրգռության բացակայությունն է հենց բացատրում, ըստ իս, հայերի պետականության տևական բացակայությունը, ինչպես նաև հայկական պետականության ներկայիս վիճակը: 

Ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքի էվոլյուցիան բնորոշող հինգ փուլերը ներկայացված են բավական բանիմաց և անկողմնակալ: Շատ լավ է շարադրված Հայաստանի նկատմամբ սփյուռքահայության վերաբերմունքի էվոլյուցիայի, Հայաստանի նկատմամբ սփյուռքի մարող հետաքրքրության մասին բաժինը: Միանգամայն ճշգրիտ: Բայց ես կառաջարկեի այդ գլխի արդիականությունը զորացնել՝ բաժին ավելացնելով Հայաստանի աստիճանական անկման գործընթացին չմիջամտելու համար սփյուռքի վերնախավի պատասխանատվության մասին: Խոսքը հատկապես վերնախավի մասին է, որը չէր կարող չհասկանալ, թե ինչ է տեղի ունենում երկրում, ինչպես են այն թալանում և ճնշում: Կարո՞ղ էր աշխարհի հայկական սփյուռքի վերնախավը, որ ահռելի ֆինանսական և վարչական ռեսուրսներ ուներ, կասեցնել հայկական պետության անկման գործընթացը:  Միանշանակ կարող էր: Բայց չի արել: Ավաղ, հայկական պետականությունը փաստորեն պակաս կարևոր էր սփյուռքի վերնախավի համար, քան Ցեղասպանության ճանաչումը: Այդ իսկ պատճառով ես  թերահավատ եմ այն պնդմանը, թե «յոթ դար հայերն ապրել են անկախ Հայաստանի երազանքով»: Իրականությունն այլ բան է ապացուցում: Արժե խորհել այդ մասին և վերլուծել: 

Գրքում թվարկված Հայաստանի զարգացման սցենարները, ի զարմանս ինձ, անտեսում են ղարաբաղյան կոնֆլիկտի առկայությունը: Ավելին, սինգապուրյան սցենարում հնարավոր է համարվում Հայաստանի փոխակերպումը «տարածաշրջանային տնտեսական կենտրոնի»: Հիշում եմ, որ եղել են նաև Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական, բժշկական և այլ կենտրոններ դարձնելու ծրագրեր: Ավաղ, բոլորը պատրանքներ են: Հատկապես ֆինանսական կենտրոնը: Մի երկիր, որ ռազմական կոնֆլիկտ ունի հարևանի հետ, ինքնին չի կարող ֆինանսական կենտրոն լինել: Դա անհեթեթություն է: Ուստի «տարածաշրջանային» բառը Հայաստանի համար չէ: 

Ես լիովին համաձայն եմ հեղինակների հետ, որ ցանկալի ապագայի իդեալական մոդելը հաբն է: Բարգավաճող Հայաստանը որպես  սփյուռքի ուժի վայր և ցանցային ազգ՝ հիմնված թվային տեխնոլոգիաների վրա սփռվածության հաղթահարման և ինքնության պահպանման համար: Դրանով իսկ հեղինակները ձևակերպել են նպատակը, որին կարելի է ձգտել՝ քարը քարի վրա դնելով: Բայց ես կարևոր եմ համարում, որ ընթացքը դեպի այդ ցանկալի ապագան կառուցվի «ռեալ պոլիտիկի» սկզբունքներով, քաղաքականությանը վերաբերվելով որպես հնարավորի արվեստի, ոչ թե ցանկալիի: Դա կարևոր պայման է երկրի ծրագրի հաջողության համար: Անկասկած, հաբի մոդելը չի կարող իրագործվել պաշարված ամրոցի գաղափարախոսությամբ: Կամ կարող է իրագործվել հատելով, երբ մեր անվտանգությունը շարունակում է ապահովել Ռուսաստանը, իսկ մենք հաշտվում ենք դրանից բխող բոլոր ռիսկերի հետ: 

«Մետրոպոլիայի ծայրամաս» մոդելը դե ֆակտո արդեն ամուր հաստատվել է Հայաստանում, և Հայաստանի փոխակերպումն ուրիշ մոդելի հնարավոր չէ առանց վերացնելու այն պատճառները, որոնց հետևանքով արմատացել է այդ մոդելը: Հաջողության համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր քաղաքական գործիչներ և ոչ թունելային մտածողություն: 

Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների և սփյուռքի վերնախավի հավաքական պատասխանատվությունը երկրի հաջողության համար՝ այդ փոխազդեցության որոշակի ինստիտուցիոնալ ձևերի մշակմամբ, անհրաժեշտ պայման է երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար: 

Բացել
Փակել
Սիմոն Հասերջյան,
Սիմոն Հասերջյան,
BASc, P.Eng, P.Mgr., Rex Power Magnetics ընկերություն, գլխավոր մենեջեր
1․ Ձեռագիրը լավ է շարադրված՝ հստակորեն ձևակերպված գաղափարներով: Այնուամենայնիվ, քանի որ ծավալուն է, ոմանք կարող են ընթերցել, սակայն  ավարտին չհասցնել այն և անհրաժեշտ ջանքեր չգործադրել ներկայացված հայեցակարգերն ամբողջությամբ գնահատելու համար: 

2․ «Խարսխային» ծրագրերի գաղափարը լավ նկարագրված է, իսկ «Տաթևի» ծրագիրը (նկատի ունի «Տաթևի Վերածնունդ» ծրագիրը) գերազանց օրինակ է, որով կարելի է բացատրել «փոխակերպող» ծրագրերի էությունը, որոնք ունեն ծրագրից բավական այնկողմ անցնող տեսլական ու համայնքային ազդեցություն: 

3․ Մյուս հասկացություններից մի քանիսը, ինչպես, օրինակ համագործակցության հարթակները, սոցիալական վերափոխման ներդրումները և այլն (կարող են օգնել առկա կամ ակնկալվող ծրագրերի օրինակները), հստակ չեն։ 

4․ Ապագայի տեսլականը հստակ  արտահայտված է, սակայն գլոբալ  ցանցային ազգի հայեցակարգը քննարկումների կարիք ունի՝ որպես իրատեսական ապագա ավելի համոզիչ լինելու համար։ Անհրաժեշտ է մշակել փաստարկներ, որոնք համոզիչ կերպով ցույց կտան, որ կարելի է կամրջել սփյուռքի զանազան տարանջատված համայնքները: 

5. Ձեռագրում ուսումնասիրվում է սփյուռքի բազմազանությունը, սակայն վերջին 25 տարիների նշանակալի զարգացումն այն է, որ Սփյուռքի երկու տարբեր համայնքներ զարգացել են  Եվրոպայում և ԱՄՆ/Կանադայում: Այս երկու համայնքները բնույթով զգալիորեն տարբեր են և առերեսվում են մեծ  դժվարությունների՝ միավորվելու մեկ համայնքի շուրջ և միասնական ու արդյունավետ «Սփյուռքի ուժ» դառնալու համար: 

Այս երկու համայնքներից առաջինը ձևավորել են Մերձավոր Արևելքից արտագաղթած հայերը, իսկ երկրորդ խմբում այն հայերն են, ովքեր վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանից տեղափոխվել են Արևմուտք և հաստատվել այնտեղ: Հյուսիսային Ամերիկայի իմ փորձը վկայում է այն մասին, որ այս երկու տարբեր խմբերից ձևավորված սփյուռքյան համայնքները ինտեգրվելու դժվարություններ ունեն: 

Տարբերությունների ուսումնասիրումն ու «երկու առանձնությունների» խնդրի համար լուծումների մշակումը կարող է կենսական գործոն դառնալ՝ մոբիլիզացնելու Արևմուտքի հայկական սփյուռքը Հայաստանի ապագան ապահովելու ընդհանուր նպատակի շուրջ, ինչը «Ճամփաբաժանին» գրքի հիմնական նյութն է։    

6. Ներկայացված են լավ ձևակերպված և համոզիչ փաստարկներ այն մասին, թե ինչու է նախընտրելի ընտրել «Հաբ պետության» մոդելը «Պարկուճի» կամ «Ծայրամասային պետություն»  մոդելներից: UWC Դիլիջան միջազգային դպրոցը հիանալի օրինակ է, որը բացատրում է այդ գաղափարը:  

7. Ձեռագիրն ընդգծում  է տնտեսական և սոցիալական բարեկեցության կարևորությունը՝  որպես ապահով ապագայի  երկու կարևոր բաղադրիչ: Սա հիմնավոր փաստարկ է, որ չպետք է նսեմացնի այն իրողության կարևորությունը, որ Հայաստանը պետք է ճիշտ վերլուծի իր հարևանությամբ առկա միտումներն ու զարգացումները  և համակարգի իր դիվանագիտական ջանքերը, որպեսզի ռազմավարական ու քաղաքական խոհեմ  կողմնորոշում որդեգրի Արևելք-Արևմուտք մրցակցող աշխարհաքաղաքական շահերի համատեքստում, որոնք մեր տարածաշրջանում իրադրությունը (և սահմանները) փոխելու հացում վճռական են տրամադրված։  

8. Թուրքիայի սահմաններից ներս բնակվող իսլամացած հայերին համարելո՞ւ ենք արդյոք սփյուռքի մեկ այլ բաղադրիչ, որը կարող է դեր խաղալ մեր երկրի ապագա անվտանգության գործում: 

9. Եվ, ի վերջո, մեր բնակչությանը կրթելու և լուսավորելու մեր ձգտումներում պետք է իրենց լուծումն ստանան մարդու իրավունքների վիճակի բարելավման, կանանց իրավունքների, գենդերային հավասարության խթանման, ԼԳԲՏ համայնքի իրավունքների և այլ կարևոր հարցեր։ Պետք է ընդունենք, որ մեր բնակչության նշանակալի մասը պատշաճ կերպով ներկայացված չէ և չի մասնակցում դեպի մեր նպատակները տանող գործընթացներին: Ծրագրեր նախագծելիս միշտ պետք է հաշվի առնել գենդերային  ներգրավվածությունը: Որպես փոքր ազգ, մենք պետք է խրախուսենք և ապահովենք մեր հասարակության բոլոր անդամների մասնակցությունը:  

Եվ վերջում, թույլ տվեք ինձ շնորհավորել Ձեզ և Ձեր թիմին մտածելու տեղիք տվող այս ձեռագրի պատրաստման համար, որը, իմ համոզմամբ, առաջինն է իր տեսակի մեջ։ Այն մեր ազգի առջև ծառացած լուրջ մարտահրավերների շատ լավ ու ազնիվ քննարկում է  և մեր հետագա ուղին ձևակերպելու գերազանց փորձ։  

Մաղթում եմ ձեզ հաջողություն. ձեր հաջողությունը կլինի մեր միասնական հաջողությունը: 

Բացել
Փակել
Հակոբ Մխիթարյան
Հակոբ Մխիթարյան
Ձեռնարկատեր
Սույն աշխատությունը պատմության ու ռիսկերի կառավարման և, նվազ չափով՝ նպատակներին հասնելու համար գործակցության առաջարկների համակցություն է ըստ որոշակի ծրագրի: Աշխատությունն անկասկած շատ կարևոր է և բոլոր հնարավորություններն ունի դառնալու ջանքերի ձևավորման մեկնարկ: Դրանով իսկ, թվում է, սա հիմնականում հասցեագրված է գիտնականներին ու վերլուծաբաններին: Սակայն աշխատանքը մի կողմից սեր ու հարգանք է ներշնչում, իսկ մյուս կողմից՝ ափսոսանք, տագնապ ու բացասական սպասելիքներ: Չէի ասի՝ զուր սպասելիքներ, որովհետև ոչինչ զուր չէ, բայց՝ հենց բացասական է: Պարզապես ինձ կարևոր է թվում նպատակներին հասնելը: Հակառակ դեպքում, հակազդեցության կամ իրավիճակի փոխակերպման բախումը շատ հավանական է: 

Աշխատության ուղեգիծը Սփյուռքի ներսում բանավեճերի և քննարկումների ծավալումն է, որոշակի ճանապարհով զարգացման, սոցիալական պատասխանատվության ուսուցման և ամրապնդման մղումը և այն ամենը, ինչը կարելի է բնութագրել որպես կրթալուսավորչական աշխատանք, քարոզչական առաքելություն, բարոյավարքագծային դաստիարակություն: Նման նպատակադրումն ինքնին գեղեցիկ է և չի կարող քննադատության թիրախ դառնալ, եթե իհարկե չի հակասում արժեքներին: Իսկ աշխատության մեջ ներկայացված արժեքները, ընթերցելու ընթացքում որևէ արտահայտված միտք, համենայն դեպս՝ իմ պարագայում, բանավիճելու ցանկություն չհարուցեց: Ընդ որում, շատ ճիշտ է, որ հեղինակները ներկայացնում են իրենց սեփական նախագծերը, որպեսզի ընթերցողներն ավելի լավ հասկանան, գնահատեն, համարժեք ցանկությամբ տոգորվեն, նույն քայլերն անեն, նման ճանապարհով ընթանան կամ պարզապես հպարտանան և ուրախանան իրենց հայրենակիցների համար: 

Այդուհանդերձ, ինքս ամենեւին վստահ չեմ, որ «Ճամփաբաժանին» գրքում արտացոլված ուղիներով կարող ենք հասնել հասարակության փոփոխության: Առավել ևս՝ ազգային համախմբման: 

Ըստ իս, հասարակությանը՝ նույնիսկ ժողովրդավարական, հարկ է գլխավորել և առաջնորդել: Կամ՝ այդ նպատակով սահմանել առանց ռիսկերի, հիմնավորված և պարզ ուղի դեպի լուսավոր ապագա: Բանավեճի կոչ անելով՝ մենք անկառավարելի զանազան իրադարձությունների ալիք ենք հրահրում (խոհերի, տեսակետների փոխանակման, գործողությունների, անգործության)՝ և՛ դրական, և՛ բացասական: Սակայն քանի դեռ ցանկալին այս կամ այն պատճառով անընդունելի կլինի որոշ քաղաքական և տնտեսագիտական շրջանակների համար՝ երկրի ներսում կամ երկրից դուրս, նման քննարկումները ծնելու են համակարգված դիմադրություն և ինքնապաշտպանական հակադարձման ծրագրեր: Ինչ-որ մեկի դեպքում անշահավետությունը եղել է և լինելու է անհաջողությունից վախենալու, փոփոխություններից խուսափելու կամ պարզապես անհիմն խոչընդոտներ ստեղծելու պատրվակ: 

Սա է պատճառը, որ ինքս կնախընտրեի զերծ մնալ հանրային քննարկումներից և դրա փոխարեն ռազմավարություն մշակել ավելի նեղ միջավայրում, ստեղծել համախոհների խումբ, մշակել ծրագիր ու պաշտպանության մեխանիզմներ, սահմանել գործողություններ, որոշակիացնել գործառույթները և դրանք կյանքի կոչել. մի խոսքով՝ առաջնորդել և իրականացնել շատերի երազանքն ու նպատակը: Լիովին դրական և բաց ձևաչափով: 

Կարծում եմ, այսպիսի ձեռնարկի դեպքում անհրաժեշտ է հենվել միջնակարգ կրթություն և սեփական գործ ունեցող խավին: Նման մարդիկ շատ կան, և նրանց գործելակերպն ավելի ստեղծարար է, ըստ իս: Նրանք պատրաստ են ստեղծարար աշխատանք կատարել ի շահ իրենց ժողովրդի: Սակայն նրանց հարթակ է պետք, համակարգվածություն, կառավարում, ընկալելի և մշտական կանոններ բաց աշխատանքի համար: 

Անկասկած, մշակված երկարաժամկետ ռազմավարության հիմքում ի վերջո անհրաժեշտ է, որ լինեն և կլինեն հենց աշխատության մեջ նկարագրված արժեքները՝ ազգային ինքնության հենքերը. մշտական իրողություններ, որոնք չեն փոփոխվում իշխանության, անձանց կամ իրավիճակների փոփոխության դեպքում: 

Մի քանի տասնամյակի համար գրված այսպիսի ռազմավարությունը կդառնա կանոնակարգային փոփոխությունների՝ սահմանադրական հսկիչ մարմնի ստեղծման, հանրային վերահսկողությամբ ընտրությունների անցկացման հիմք: Այնուհետև, հատուկ ինստիտուտի առկայության պարագայում, որն օժտված կլինի միայն ազգային նպատակին համապատասխանող օրենսդրական ակտերի գնահատման իրավասությամբ, մնացած իշխանական մարմինները կկատարեն իրենց գործառույթներն ու պարտականությունները սովորական ռեժիմով, կառավարության ծրագրերը մշակելով ավելի կարճ ժամանակահատվածի կտրվածքով, այդ ժամկետների համար ընդունելի ու որոշակի խնդիրներով: 

Եթե սա չարվի, մենք չենք ունենա կայունություն ու ժառանգորդություն, չենք կարողանա վարքագծային և կրթական երկարաժամկետ համակարգ ստեղծել, ակնկալել արդյունաբերական աճ, ինքնաբավ լինել և պետականությունը ամրապնդել: Եթե նույնիսկ գրքում ներկայացված ռիսկերից խուսանավենք, լավագույն դեպքում՝ հոսանքին տրված լողալու ենք վերջին շարքերում: Այլ կերպ ասած, եթե կառավարությունը, նախագահը, ողջ իշխանական համակարգն իրենց ծրագրերն ու գործողությունները չկառուցեն՝ ուղենիշ ընտրելով ժողովրդի աջակցությանն արժանացած երկարաժամկետ ռազմավարությունը, ապա մենք, լավագույն դեպքում, ժամանակ առ ժամանակ ընտրելու ենք ու թախծենք, որ կրկին ոչինչ չստացվեց: Ժամանակակից աշխարհում ամուր կանգնելու համար պետք է վազել: Սա ես չեմ ասել, բայց կցանկանայի այս խոսքին հավելել, որ ամեն օր պետք է ավելի ու ավելի արագ վազել, երբեմն՝ շատ-շատ արագ: Սա է օրվա իրականությունը: Չի կարելի երկրի համար նախատեսել վեցամյա ծրագիր, և յուրաքանչյուր ժամկետի ավարտին արդարանալու պատճառներ փնտրել ծրագրի չիրականացման համար՝ ճշգրտումներ անելու և գործողությունների շարունակականությունն ապահովելու փոխարեն: 

Եզրափակեմ հետևյալ դիտարկմամբ. ձեռագրի երրորդ գլխում ներկայացվող «Հայաստան-2020» ռազմավարության անարդյունավետության պատճառը հենց այս որոշակի գործողությունների ծրագրի բացակայությունն էր և համախոհների շարժում չձևավորելը: Այնպես որ, ևս մեկ անգամ կրկնեմ. եթե նույնիսկ իշխանությունն արդեն նախկինից տարբերվում է, այս դեպքում ևս չի բացառվում ուղղագիծ անխոհեմ հակազդեցությունը: Վերջինս կարող է վախենալ իր «անկախության» հանդեպ ոտնձգությունից: Եվ եթե սա հնարավոր է, ապա մենք, ավաղ, կրկին բախվելու ենք մարդկային ապակառուցողականությանը և երկխոսության ծավալման առանցքային գործոնի բացակայությանը՝ ընդդիմախոսի ազնվության և խելամտության հանդեպ նվազագույն վստահությամբ: 

Եվ վերջում ասեմ, որ անչափ շնորհակալ եմ: Ե՛վ ընթերցանության ընթացքն էր շատ հետաքրքրաշարժ, և՛ ընթերցելու պահերին ծագող մտքերը: Անպայման այս աշխատությունը կփոխանցեմ այլոց՝ խորհուրդ տալով ընթերցել: 

Բացել
Փակել
Նորայր Թևանյան
Նորայր Թևանյան
Մոսկվայի հայ համայնքի նախագահ 
«Ճամփաբաժանին» գրքում միահյուսվել են հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան: Գիրքն իմաստության գանձարան է հայ երիտասարդության համար և խանդավառելու է գալիք սերունդներին: Հայոց պետության բարենպաստ առաջընթացի պատասխանատվությունը հեղինակներն առել են իրենց ուսերին: Ես չեմ վախենում սխալվելուց՝ կանխատեսելով, որ այս գիրքը շատ գործուն ուշադրության է արժանանալու:  

Գրքում հայ ժողովրդի անցած ուղու գրեթե ողջ վավերագրությունն է՝ հագեցած անհերքելի փաստերով և ազնվաբարո սկզբունքներով: Ռուբեն Վարդանյանն ու Նունե Ալեքյանը մեկ գրքում միավորել են պատմությունն ու տնտեսությունը՝ մեր երկրի զարգացման լավագույն ուղին գտնելու նպատակով, չանտեսելով անցյալի փորձը: Նրանք ահազանգում են մեզ, որ կառավարության և սփյուռքի առաջնորդների սխալ քաղաքականության հոռի հետևանքներից է մեր հնագույն բիբլիական ազգի ուծացումը, որն անշրջելի փոփոխությունների ենթարկեց ազգային պետականությունն ու նրա ամբողջականությունը: Չէ՞ որ իրենց իսկ բարոյավարքագծային արժեքների շնորհիվ են հայերը գոյատևել դարեր շարունակ ու չեն ձուլվել, չեն կորցրել իրենց դիմագիծը, չնայած իրենց բաժին հասած, մեղմ ասած, բարդ պատմությանը:  

Նման ուսումնասիրություն ձեռնարկելու փաստն ինքնին հարկադրում է մտածել, թե մեր պետությունը որքան մեծ կարիք ունի վերածնության: Բարեբախտաբար, մեր պատմությունը ճիշտ հուն ուղղորդելու համար դեռ ուշ չէ: Հեղինակները երբեմն ուղղակիորեն հիացնում են իրենց հայրենասիրությամբ և աննահանջ հաստատակամությամբ: Գիրքը կարելի է վստահաբար բնորոշել որպես ուղեցույց-աստղ, քանի որ հեղինակները մեզ ներկայացնում են բոլոր առումներով, ինչպես նաև իմ կողմից աջակցության արժանի զարգացման ուղի, որը, վստահ եմ, կմիավորի հայ ժողովրդին՝ ներքին ու արտաքին խոչընդոտների հաղթահարման նպատակով, և Հայաստանը կտանի դեպի լուսավոր ապագա:  

Ի խորոց սրտի շնորհակալ եմ Ռուբեն Վարդանյանին և Նունե Ալեքյանին՝ նման արժեքավոր ու բոլորիս անչափ անհրաժեշտ տքնանքի համար: 

Բացել
Փակել
Սերգեյ Սահակյան
Սերգեյ Սահակյան
Ղեկավարի խորհրդատու, Մոստռանսպրոեկտ
Ես «խորհրդային հայերի» տիպիկ ներկայացուցիչ եմ: Հայրս ծնվել է Վրաստանում, մայրս՝ Ռյազանում: Չնայած այն հանգամանքին, որ ծնվել ու մեծացել եմ Յարոսլավլում, շուրջս իմ տարիքի ոչ մի հայ չի եղել, և ես մանկուց չեմ եղել Հայաստանում, չգիտես ինչու, ինձ միշտ հայ եմ համարել: Դա, ինչպես ինձ թվում է, հաստատում է գենետիկ կապի մասին տեսությունը, և «Ճամփաբաժանին» գրքում իրավամբ դասված է ազգի հնարավոր կարողությունների շարքին:

Սակայն վերամիավորման կարիք երբևիցե չեմ զգացել: Դա համարում եմ զարգացման արժանի ևս մեկ ուղղություն. մշակույթի, հավատքի, լեզվի ծավալում հայ գաղթականների կենտրոնացման հիմնական վայրերում՝ ոչ թե խանդավառ անձանց ուժերով, այլ իբրև պետական քաղաքականության մաս։ 
Ինձ համար շատ հետաքրքիր էր և ճանաչողական արժեք ուներ պատմական վերլուծությամբ գլուխներին ծանոթանալս: Դրանց մեջ խորացած մարդկանց համար այդ գլուխներում ամփոփված փաստերը գուցեև նոր բան չեն ներկայացնում, բայց ես շատ բան իմացա դրանցից։ Շատ լավ է շարադրված, միշտ չէ, որ լավ է կառուցված, բայց աներկբայորեն օգտակար է։ Ինձ նման մարդկանց համար, թերևս, այդ մասն արժե նույնիսկ առանձին հրատարակել։

Այժմ մի քանի խոսք բուն առաջարկվող ռազմավարության մասին: «Ճամփաբաժանին»-ը հիանալի աշխատություն է, հասկանալի վերլուծությամբ ու դրվագներով, համաշխարհային զուգահեռների հետ որակյալ համեմատություններով: Սակայն ինձ թվում է, որ նկարագրված ռազմավարության իրականացման հավանականությունը փոքր է՝ ճիշտ այնպես, ինչպես «Հայաստան-2020»-ի դեպքում էր՝ գործողությունների հստակ ծրագրի բացակայության պատճառով։ Հայաստանում իրագործված ծրագրերի առանձին հաջողված օրինակները դժվար թե կարողանան դառնալ զարգացման շարժիչներ: Համակարգային մոտեցումը կարիք ունի կա՛մ քայլերի հստակ հերթագայության, կա՛մ ուժեղ առաջնորդի, որն առաջ կմղի այդ մոտեցումը։ 

Գրքի վերջում արծարծվող հարցերը ոչ պակաս հետաքրքրական են, քան բուն ռազմավարությունը, սակայն առանցքային է թերևս այն հարցը, թե ինչպե՛ս է հնարավոր ամբողջ ազգը ներգրավել իր առջև ծառացած խնդիրների քննարկման մեջ: Պատասխաններ գտնելն, ըստ իս, կարող է նաև դառնալ միավորող արդյունավետ գործիքներից մեկը: 

Բացել
Փակել
Հովհաննես Սարգսյան
Հովհաննես Սարգսյան
Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, Ռուս-հայկական համալսարան, Երևան
Սույն գրքի հրապարակումը նշանակալի երևույթ կլինի, քանի որ դրված խնդիրը գերարդիական է, իսկ առաջարկվող լուծումը ոչ միայն հետաքրքիր և ինքնատիպ, այլև, ինչն ավելի կարևոր է՝ համակարգային։ Գիրքն ստիպում է մտածել, շատ բան վերագնահատել։

Նրանց համար, ովքեր արդեն մտածել են, այն խթան է, քանի որ հիմնավորում է նրանց գործի կարևորությունը և թույլ է տալիս տեսնել շատ բաներ, որոնց մինչ այդ ուշադրություն չէին դարձրել։  

Սեփական անցյալը հասկանալու, ներկան գիտակցելու և ապագան ծրագրելու համար անհրաժեշտ է պատասխանել երեք հարցի․ ո՞վ ենք մենք եղել անցյալում, ո՞վ ենք հիմա և ո՞վ ենք ուզում լինել։ Հետաքրքիր է, որ ոչ միայն առաջին հարցերն են որոշում վերջին հարցի պատասխանը, այլ նաև վերջին հարցի պատասխանն է ազդում առաջինների իմաստավորման վրա։  

Ես աներկբայորեն համոզված եմ, որ Հայաստանն ու հայությունը չեն կարող ապագա աշխարհում արժանավոր տեղ ունենալ՝ առանց զարգացման հեռահար ռազմավարական ծրագրերի։ Մենք ժամանակ չունենք էվոլյուցիոն դանդաղ զարգացման համար։ Իսկ արագ բեկման համար անհրաժեշտ է ակտիվացնել հայության ողջ ներուժը և հստակ գիտակցել, թե ով ենք ցանկանում լինել ապագայում։ Ցավոք, անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության  պետական վերնախավերն այդպես էլ չկարողացան մշակել ընդհանուր զարգացման փոքրիշատե համակարգված ծրագիր։ Պետության քաղաքականությունը տարբեր ոլորտներում որոշվում էր ոչ թե ընդհանուր զարգացման ռազմավարությամբ, այլ հակառակը՝ տարբեր իրադարձություններն ու իրավիճակներն էին որոշում քաղաքականությունը։ 

Մասնավոր բնույթի ռազմավարական նախաձեռնություններն, անշուշտ, կարևոր են։ Սակայն, առանց ազգային ընդհանուր ռազմավարության առկայության, մասնավոր ռազմավարությունները կարող են իմաստազրկվել, միմյանց հետ հակասության մեջ մտնել, չի լինի կուտակման ու համատեղության արդյունքը։  Իսկ ընդհանուր նախագծի մշակման համար անհրաժեշտ է համազգային կառույց։ Ժամանակակից պայմաններում նման կառույց կարող է լինել միայն հայկական պետությունը, որի դերը, իմ տեսանկյունից, հեղինակները թերագնահատում են։  

Հեղինակները հաճախ օգտագործում են «կեցութակերպ» և «բնավորության գիծ» արտահայտությունները։ Ըստ իս, ազգային առանձնահատկությունների նկարագրման համար հիմնական տերմինը պետք է լինի «ինքնությունը»։ Մյուս ըմբռնումներն, ըստ իս, կա՛մ ենթադրվում են այդ մեկից, կա՛մ ածանցյալ են դրանից։  

Հայության ինքնությունը հասկանալու համար, իմ կարծիքով, հարկավոր է հաղթահարել որոշ կարծրատիպեր։ Առաջին հերթին հարկավոր է հաղթահարել յուրօրինակ ժամանակավրեպությունն ու ապրիորիզմը, որոնք առկա են ոչ միայն զանգվածային գիտակցության մեջ, այլև գիտականության հավակնող աշխատությունների մակարդակում. այն տպավորությունն է ստեղծվում, թե հայության ինքնությունն ի սկզբանե տրված բան է, չի փոփոխվում, և ամեն բան պարզապես հանգում է դրա պահպանմանը։ Ինքնությունն, անշուշտ, փոփոխվում է՝ լինի այն ինքնաբերաբար, թե ռազմավարորեն ծրագրված, էվոլյուցիոն, թե ռևոլյուցիոն ճանապարհով։ Սա, այսպես ասենք, «ժամանակային» կարծրատիպ է։ Սակայն կա նաև «տարածական» կարծրատիպ. ժամանակակից հայությունը շատ բազմազան է, այսօր չկա ստանդարտ վիճակագրական հայի միջին ինքնություն։ Տեղի է ունեցել ինքնությունները «շերտավորում» (հատկապես սփյուռքյան տարբեր համայնքներում)։ Հավանաբար, հարկավոր է ընդունել, որ նաև Սփյուռք՝ իբրև մեկ միավոր, մեկ ամբողջություն գոյություն չունի. այն էթնիկ հայերի համայնքների պայմանական անվանումն է։  

Նոր Ջուղայում «ուժի կենտրոնով» հայ առևտրականների «գլոբալ ցանցի» վերաբերյալ հեղինակների դիրքորոշումը, իմ տեսակետից, փոքր-ինչ իդեալականացված է։ Առանց նսեմացնելու հայ առևտրականների տեղն ու դերը միջազգային առևտրի մեջ՝ ես, այնուամենայնիվ, համարում եմ, որ ցանցն ինքնին ինքնաբավ չի եղել (իբրև զուտ հայկական նախագիծ)։ Այն գործել է միայն այնքանով, որքանով զուգորդվել է գերտերությունների շահերին։ Այդ ցանցի փորձից միանշանակ հետևում է, որ ցանցի արդյունավետությունն ու ինքնաբավությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե «ուժի կենտրոն» լինի անկախ պետությունը։ Ի դեպ, դա հստակորեն գիտակցում էին Նուր Ջուղայի ցանցի հայտնի ներկայացուցիչները դրա մայրամուտի ժամանակաշրջանում, ինչպես, օրինակ, Շահամիր Շահամիրյանը։  

Հեղինակները նկարագրում են իրականացվելիք գիտակրթական բնույթի նախագծեր․ Թումո, FAST... Դրանք, իհարկե, բացառիկ կարևոր են։ Նախագծերն ուղղված են զարգացած տեխնոկրատների ու ղեկավարների ձևավորմանը։ Սակայն քաղաքացի ու հայրենասեր ձևավորելիս դրանք, լավագույն դեպքում, կարող են անուղղակի ներգործություն ունենալ։ Ընդհանուր առմամբ, տեխնոկրատացման միտումը կարևոր է և ժողովրդականություն է վայելում։ Սակայն չի կարելի միակողմանիորեն բացարձականացնել այն։ Տեխնոկրատացման և բիզնես մտածելակերպի ձևավորման ծրագիրը պետք չէ իրականացնել քաղաքացիական ու հայրենասիրական դաստիարակության հաշվին։  

Ասվածի համատեքստում առաջնային է դառնում Հայաստանի Հանրապետության հասարակությանը (հատկապես երիտասարդությանն) ուղղված սոցիալական-մարդասիրական ոլորտի նախագծերի իրականացումը։ Նման ծրագրերը պետք է ուղղված լինեն. 

- Քաղաքացիական գիտակցության զարգացմանը։ Քաղաքացիական սոցիալականացման գլխավոր բաղադրիչը քաղաքացիական համակարգային կրթությունն է, ինչը Հայաստանում գրեթե բացակայում է։  

- Փակ էթնիկական մտածելակերպի և ծայրահեղ ազգայնականության (որը մոնոէթնիզմի բացասական հետևանքն է) հաղթահարմանը և քաղաքացիա-պետական մեղմ ազգայնականության ձևավորմանը։ Գլոբալ ազգը ենթադրում է ոչ միայն հայկական ինքնագիտակցության պահպանում սփյուռքում, այլ նաև Հայաստանում հայի փակ գիտակցության փոխակերպում բաց, գլոբալ գիտակցության։  

Մեկ այլ հնարավոր նախագիծ կարող էր լինել Հայկական մշակութային դիվանագիտության ինստիտուտի ստեղծումը։ Այդ ինստիտուտի առանձնահատկությունը պիտի լիներ այն, որ դրա գործունեության առարկան նախևառաջ լինեին հայկական համայնքները, իսկ այնուհետև, դրանց միջոցով՝ այն երկրների հասարակությունները, որտեղ բնակվում են այդ համայնքները։ Հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության ահռելի ծավալը և հայկական համայնքների արդեն իսկ գոյություն ունեցող ճյուղավորված ցանցը՝ նախագծի իրականացումը կարող էր նվազագույն ծախսերով առավելագույն արդյունքի հանգեցնել. նպաստել հայության մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը և նպաստել աշխարհում Հայաստանի ու հայության մշակութային կերպարի ձևավորմանը։  

Բացել
Փակել
Մարտին Եսայան
Մարտին Եսայան
«Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամի հոգաբարձու 
Աշխատությունը կարևոր ներդրում է՝ քննարկելու համար, թե ինչպես են հայերը պահպանել իրենց ինքնությունը, կայունություն ու բարգավաճում ապահովել:

Ինձ համար հետաքրքիր էր գրքի պատմական մասը, հատկապես թե ինչպես են ներկայացված խորհրդային և ոչ խորհրդային շրջանները, սակայն ամենից ավելի հափշտակվել էի վերջին գլխով, որտեղ Ռուբենն ու Նունեն շարադրում են իրենց պատկերացումն այն մասին, թե Հայաստանն ինչպես կարող է զարգանալ։ Ռուբենն ասում է, թե ինքն «ապրում է ապագայում», և այդ ապագան 25 տարի հետո է։ Դեպի այդ ապագան իր ուղին նա ծրագրում է հետևողականորեն ու հետազոտությունների վրա հիմնված եղանակով՝ հիացմունքի արժանի լավատեսությամբ, մի շարք զուգահեռներ ու  համեմատականներ անցկացնելով։ Յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է Հայաստանի ապագայով, պետք է ընթերցի այս գիրքը: Իմ տպավորությամբ, Սփյուռքի հետ կապված տեսլականը նվազ համոզիչ էր, հատկապես նրանց համար, ովքեր իրենց արմատներն ու մշակույթը ներկայիս Հայաստանի հետ չեն կապում, սակայն հրաշալի է, որ հեղինակները պլանավորում են լրացնել այդ բացը: Գիրքը բավականին ծավալուն է, և նրանց, ում ժամանակը սուղ է, կառաջարկեի նախ կարդալ գրքի վերջին գլուխը, այնուհետև նայել, թե նախորդ գլուխներն ինչպես են հանգեցրել դրան: 

Բացել
Փակել
Ժիրայր Լիպարիտյան 
Ժիրայր Լիպարիտյան 
Պրոֆեսոր
ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԿԱՊՎԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԵՏ 

Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանն առնչվող շատ երկար հատվածը խիստ խնդրահարույց է։

Ա. Այն քննադատական մոտեցում չի ցուցաբերում բազմաթիվ հաստատությունների / իրադարձությունների / ժամանակաշրջանների հանդեպ, որոնց անհրաժեշտ էր քննադատորեն մոտենալ, և խիստ կողմնակալ է նրանց հանդեպ, որոնց հարկավոր էր ավելի օբյեկտիվորեն մոտենալ: 
Բ. Կան բազմաթիվ հաստատություններ / իրադարձություններ / ժամանակաշրջաններ, որոնք վերաբերում են քննարկվող հարցերին, սակայն ամբողջապես անտեսված են: 
Գ. Բազմաթիվ կարևոր գործոններ կան, որոնք պարզաբանում են հայոց պատմության դինամիկան և այդ ամբողջ ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները․ գործոններ, որոնք վերաբերում են քննարկվող հարցերին, որոնց սակայն անդրադարձ չի կատարվել: 
Դ. Օգտագործված աղբյուրների հղումը չափազանց կամայական է և դիպվածային: 
Աշխատանքը ներկայացնում է սխալ պատմություն, իսկ սխալ պատմությունները չեն կարող հանգեցնել ճշմարիտ եզրակացությունների: 
 
 
ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ ՀԵՏ  
 
Տեքստում ներկայացված փաստարկների հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հնարավոր չէ բոլորը թվարկել։ Ահա մի քանի ակնառու օրինակ. 
 
Ա. Տեքստում նշվում է, որ, Սփյուռք դառնալով, մենք չենք ձուլվել։ Պատմությունը ցույց է տալիս, իսկ ներկայիս միտումները մատնանշում են, որ իրականում ձուլվել ենք. որոշ ժամանակներում և վայրերում՝ դանդաղ, իսկ որոշ դեպքերում` ավելի արագ: 
 
Բ. Տեքստում նշվում է, որ Հայաստանը միշտ անկախություն է ձեռք բերել կայսրությունների փլուզման հետևանքով: Այս պնդումն իրականությանը համապատասխանում է միայն մեկ՝ Առաջին Հանրապետության պարագայում, սակայն՝ ո՛չ պատմականորեն կամ Երրորդ Հանրապետության առնչությամբ: Նվազագույնը, որ հակավոր է ընդունել, այն է, որ հայերը մեծ դեր են ունեցել այդ կայսրությունների թուլացման գործում: Ասվածը հատկապես վերաբերում է Երրորդ Հանրապետության ծնունդին: 
 
Գ. Տեքստում համարվում է, որ պարտադիր չէ, որ Հայաստանը կարգավորի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հաջող ու կատարյալ պետություն դառնալու համար։ Վերջին 30 տարիները ցույց են տվել, որ նման մտածողությունն ու քաղաքականությունը վավեր չեն:  
 
ԽՆԴԻՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՌՆՉՎՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 
 
Աշխատության մեջ վերլուծությունների և առաջարկվող ծրագրի հիմքում ընկած են ենթադրություններ, որոնք սխալ են և կարող են կասկած հարուցել առաջարկվող ծրագրի կիրարկելիության ու գործադրելիության առնչությամբ։ Աշխատության մեջ ենթադրվում է, թե  
 
Ա. Այսօր մենք միևնույն հայերն ենք, ինչ եղել ենք 100, 500, 1000  կամ 2000 տարի առաջ: Թեեւ պատմության մեջ կան շարունակականության մի շարք ոլորտներ և վարքագծային պարադիգմատիկ պատկերներ, մեր և մեզ շրջապատող պայմանների մեջ չափազանց շատ բան է փոխվել, որպեսզի կարողանանք այդ ենթադրության վրա հիմք կառուցել։ 
 
Բ. Բոլոր հայերը եղել են և այսօր էլ նման են բոլոր մյուսներին, հասարակական շերտավորումները տարբեր վարքագծեր և հաճախ միմյանց հակընդդեմ շահեր չեն առաջացրել։ 
 
Գ. Հայ լինելը միևնույն բանն է նշանակում թե՛ Հայաստանում և թե՛ այլ վայրերում բնակվող հայերի համար: 
 
Դ. Հնարավոր է ստեղծել այն, ինչ առաջարկվում է տեքստում՝ առանց անկախության կենսունակ աստիճան ապահովելու: 
 
Ե. Հնարավոր է ստեղծել այն, ինչ առաջարկվում է տեքստում, ըստ էության՝ մի գերհամակարգ՝ առանց նախապես ամուր հիմք, ենթակառուցվածք ստեղծելու: Այն, ինչ տեսնում ենք տեքստում, ենթակառուցվածքի փոխարինումն է երևակայական «ընտանիքով»  ու այլ արժեքներով, որոնք ենթադրաբար պատմականորեն առկա են մեր գեներում / մշակույթում։ 
 
Թվարկումը կարելի է շարունակել: 
 
Ես քաջ գիտակցում եմ ահռելի այն գործը, որ ներդրվել է սույն աշխատությունը գրելու և ներկայացնելու մեջ, և բարձր եմ գնահատում դրա հիմքում ընկած մտահոգությունները: Թույլ տվեք նշել նաև ռուսերեն տեքստի անգլերեն գերազանց թարգմանության մասին։ 

Բացել
Փակել
Ռոբերտ Ենգիբարյան
Ռոբերտ Ենգիբարյան
ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի գիտական ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ, մի շարք միջազգային բուհերի պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ 
«Ճամփաբաժանին» գիրքը համարում եմ մեծ ներդրում Հայաստանի ապագա եվրոպականացման կամ արդիականացման մեջ:    Ցավոք, Հայաստանի բնակչության ընդհանուր մակարդակը կամ, գիտական լեզվով ասած, «մարդկային ներուժի զարգացման ինդեքսը» կտրուկ անկում է ապրում: Այսօր գերակա դիրք է զբաղեցնում արևելյան գավառական մշակույթը՝ արևմտյան pop մշակույթի աղավաղված փայլով:

Գյուղական հարսանիք հիշեցնող համերգները, մարդկանց ընդհանուր մշակույթն ու արտաքին տեսքը, հատկապես երիտասարդների և հատկապես տղամարդկանց, խոսելու ոճն ու բառապաշարը, այդ թվում և քաղաքական «վերնախավի» լեզուն, և, ի վերջո, գավառական բանասերների կողմից գերհայաֆիկացված նորահայոց լեզուն էլ ավելի են օտարացնում Սփյուռքում բնակվող հայ մտավորականների զգալի մասին, որն արևմտյան մշակույթի կրող է դարձել ռուսերենի միջոցով:  

Տեղական քաղաքական «վերնախավն» ամեն կերպ փորձում է թույլ չտալ, որ Սփյուռքի վառ ներկայացուցիչները մասնակցեն հանրապետության կառավարման քաղաքական գործընթացին, ի տարբերություն հարևան Վրաստանի, բալթյան և ետխորհրդային այլ պետությունների: Որպես արդյունք, մեր հինավուրց մշակույթ ունեցող ազգի համար միջազգային հարաբերություններում ներկայացվածությունը նվաստացուցիչ ցածր մակարդակ ունի:  

Այսօր ավելի, քան երբևէ Հայաստանի վրա կախված է ինքնիշխանության վերջնական կորստի վտանգը: Հանրապետության քաղաքական վերնախավն արտաքին քաղաքական վեկտորի ուժեղացման փոխարեն զբաղված է «ներքին հարցերի լուծմամբ» երկրի նախկին ղեկավարության հետ, որը, ի դեպ, իսկապես մասնակցել է Ղարաբաղի ազատագրման գործընթացին: Սա առաջին միջադեպն է ետխորհրդային քաղաքական փորձում, որը խիստ բացասաբար է ընկալվել միջազգային հանրության կողմից:   

Այս նախադեպը սպառնալիքի տակ է դնում սահմանադրական ժամկետներում հանրապետության ղեկավարության ժողովրդավարական ռոտացիայի հնարավորությունն առհասարակ։ 
Ժողովուրդը դեգրադացվում և փախչում է երկրից: Ցավոք, կիսակիրթ, մի քանի պոպուլիստական հայրենասիրական կարգախոսներով զինված ղեկավարությունը լավ չի ընկալում իրավիճակի ողջ ողբերգականությունը: Այսօրվա Հայաստանը ավելի ու ավելի է կորցնում մեծ Սփյուռքը միավորող մշակութային ու հոգևոր Կենտրոնի գրավչությունը:  

Հարկ է նշել, որ Հայաստանը տեսանելի ապագայում մնալու է ռուսաստանյան քաղաքական ու մշակութային ոլորտում՝ դրա սահմաններն ընդլայնելու բնական ցանկությամբ: Դա դեռևս հնարավոր միակ տարբերակն է:  

«Ճամփաբաժանին» աշխատության հեղինակների նախաձեռնությունը կարող է հաջողություն ունենալ հեռուստատեսության օգնությամբ: Կարելի է սկսել սեփական հաղորդման, ապագայում գուցե և հեռուստաալիքի բացմամբ: Դա կարելի է անել և՛ Մոսկվայում, և՛ Երևանում. նման ձևով մտածող մարդիկ կան:  

Բացել
Փակել
Ալան Ուայթհորն
Ալան Ուայթհորն
Պատվավոր պրոֆեսոր, Քաղաքագիտության ամբիոն, Կանադայի թագավորական ռազմական քոլեջ 
Հայաստանն իրոք գտնվում է բախտորոշ խաչմերուկում: Հին հարացույցներն ու ենթադրությունները բավարար չեն: Անհրաժեշտ է խորքային վերաիմաստավորում՝ հարցականի ենթարկելով տարածված բազմաթիվ ենթադրություններ: Ռուբեն Վարդանյանի և Նունե Ալեքյանի «Ճամփաբաժանին» ձեռագիրը  քննադատական և կառուցողական վերլուծություն է մատուցում և ակնկալում անկեղծ արձագանք:

Հայաստանն իրոք գտնվում է բախտորոշ խաչմերուկում: Հին հարացույցներն ու ենթադրությունները բավարար չեն: Անհրաժեշտ է խորքային վերաիմաստավորում՝ հարցականի ենթարկելով տարածված բազմաթիվ ենթադրություններ: Ռուբեն Վարդանյանի և Նունե Ալեքյանի «Ճամփաբաժանին» ձեռագիրը  քննադատական և կառուցողական վերլուծություն է մատուցում և ակնկալում անկեղծ արձագանք: Ձեռագրի հինգ գլուխներում փորձ է արվում ներկայացնել Հայաստանի անցյալի, ներկայի ու ապագայի ուսումնասիրությունը: Թեև ձեռագրի նպատակն ապագայի դեղատոմս գտնելն է, զգալի ուշադրություն է հատկացվում նաև հայ ժողովրդի՝ որպես խաչմերուկային ազգի պատմությանը։  

Զարգացման հարցով համաշխարհային գրականությանն անդրադարձը ձեռագրի կարևորագույն մի կողմն է: Հեղինակներն ընդունում են, որ զարգացման համալիր հայեցակարգի գիտակցումն ապագայի կանխատեսման բանալին է: 

Այնուամենայնիվ, ձեռագիրն ավելի կենտրոնացած է տնտեսական վերլուծության, քան սոցիոլոգիական ու քաղաքական զարգացման վրա: Սա կարևոր հարց է, քանի որ զարգացման տարաբնույթ ասպեկտները մեծապես կապված են նաև սոցիալական և քաղաքական գործոնների ու միջոցների հետ: 

Հյուսիսամերիկացի ավագ գիտնականի համար այս ձեռագրում զարմանալին հատկապես այն է, որ բավարար անդրադարձ չի կատարվում գենդերային կարևոր խնդիրներին: Բազմաթիվ առումներով, Արևելյան Եվրոպայի մեծ մասը և Հայաստանը հեռու են ֆեմինիստական շրջանակի վերաբերյալ իրազեկվածությունից և վկայակոչումից, ինչը կարևոր է` հաշվի առնելով կանանց հիմնական դերը ընդհանուր զարգացման գործում: Փաստ է, որ կանանց գրագիտության մակարդակը բազմաբնույթ զարգացման ամենակարևոր ընդհանուր ցուցանիշներից մեկն է: Սա մասամբ պայմանավորված է նրանով, որ ցանկացած հասարակության մեջ իրար հաջորդող սերունդների  սոցիալականացման գործընթացում կանանց դերն առանցքային է, տնտեսապես ակտիվ բնակչության և աշխատուժի (և́  վճարվող, և́ չվճարվող) կեսից ավելին կանայք են, ինչը նպաստում է հասարակության գրագիտության ավելի համաչափ բաշխվածությանը: Այն նաև համապատասխանում է ժողովրդավարության տեսությանը: 

Պատմությունը որոշ առումներով (օրինակ, կայսրությունների վերելքով ու անկմամբ) փուլային է, սակայն մեծ մասամբ այդպիսին չէ: Տեխնոլոգիական հեղափոխությունը, արդիականացման հեղափոխությունը, համաշխարհային ուրբանիզացման գործընթացը (գյուղերի բնակիչների միգրացիան քաղաքներ) և այլն՝ փուլային չեն, այլ ավելի շատ գծային: Պատերազմները, ճգնաժամերն ու հիվանդությունն, անշուշտ, կարող են շրջել անցյալի փոփոխություններն ու ձեռքբերումները: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց Ազգերի լիգան, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը. այս ամենը պատմական և շրջադարձային քաղաքական փոփոխություններ են համաշխարհային կառավարման մեջ:  

Հայաստանի կապերը Ռուսաստանի, Իրանի և Եվրոպայի հետ կարևոր են և ավելի շատ քննարկման են արժանի: Հաշվի առնելով վերջին տասնամյակում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական մեկուսացումը՝ վերջինիս քրիստոնյա հարևան Հայաստանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև կապող օղակ դառնալ` ներգրավվելով խոր ու զգույշ երկխոսության մեջ: Իրանի ժողովրդի համար ավելի հեշտ է գալ և մի քանի օր անցկացնել Հայաստանի սեմինարներում, քան Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում: Մենք պետք է ուսումնասիրենք հարգալից և հանգիստ այս երկխոսության կարևորագույն ուղին` հանուն տարածաշրջանի և աշխարհի խաղաղության:  

Ռուսաստանի, Եվրոպայի և Իրանի միջև դաշինքների ընտրության հարցով ձեռագիրը երբեմն ձգտում է զրոյական արդյունքով խաղի մտածողության: Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն, անշուշտ, Սառը պատերազմը պատմականորեն այդպիսի հակամետ պայմաններով են դիտարկել: Բայց, միջուկային ժամանակաշրջանի լիցքաթափումը հանգեցրեց այն ընկալմանը, որ որոշ, սակայն կարևոր ոլորտներում կարող են դրական արդյունքով խաղեր լինել։ Միջուկային զենքի ոչնչացման վերաբերյալ համաձայնագրերն այդ օրինակներից մեկն էին: Հայաստանը պետք է փորձի Մոսկվային վստահեցնել, որ Եվրոպայի և Իրանի հետ ավելի սերտ առևտուրն ու կապերը կարող են նպաստել, որ Հայաստանը դառնա տնտեսապես ու տեխնոլոգիապես ավելի դինամիկ պետություն: Նման իրավիճակը կարող է նաև օգտակար լինել Ռուսաստանին այն առումով, որ Հայաստանը ֆինանսական երկարաժամկետ օգնության կարիք չի ունենա Ռուսաստանից, այլ փոխարենը կարող է ավելի ուժեղ տնտեսական գործընկեր լինել նրա համար։ Հայաստանում գրագիտության բարձր ցուցանիշները նշանակում են, որ երկիրը կարող է կրկին լինել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերական կենտրոն, ինչը շատերի համար շահավետ կլինի: 

Ելնելով անհրաժեշտությունից՝ սփյուռքում շատերը ենթակա են այլ՝ ավելի մեծ մշակույթների ազդեցությանը: Համեմատության համար. փորձառությունները որքանո՞վ են բազմազան հանրապետության ներսում: Կարող է շատ օգտակար լինել Սփյուռքի մեծ համայնքներում և հանրապետությունում մի հետազոտություն անցկացնել, որը ցույց կտա այլ մշակույթների, ժողովուրդների ու նրանց տարբերությունների հանդեպ վերաբերմունքը և մասնավորապես այն, թե ինչպես են վերաբերվում հանդուրժողականությանն ու ընդունելիությանը։ Գենդերային հարցում, օրինակ, կարծես թե զգալի անդունդ կա հյուսիսամերիկյան նորմերի և Հայաստանում առկա տեսակետների միջև։ Եթե բարդ ու բազմազան գլոբալ հայ ժողովրդի ներսում պետք է երկխոսություն տեղի ունենա, պետք է իմանանք, թե որ ոլորտներում ընդհանուր վերաբերմունքներ ունենք (օրինակ՝ Ցեղասպանության հիշողության հարցում), և թե, ի հակադրություն դրա, որտեղ ենք տարբերվում։ Ելնելով Հյուսիսային Ամերիկայի հայության մեկ շնչին ընկնող եկամուտների տարբերությունից Հայաստանի ներսում բնակվողների համեմատ, կարելի է ակնկալել, որ հայերը պետք է որ տարբերվեն մատերիալիստականն ընդդեմ պոստմատերիալիստական արժեքների հարցում՝ հասկանալի պատճառներով ելնելով կարիքների բավարարման առաջնահերթություններից։ 

Վերջին քառորդ դարում մեկ միլիոն հայ հեռացել է Հանրապետությունից, իսկ հայաթափման այս ճգնաժամը դանդաղ մահ է: Կարո՞ղ են արդյոք արտագաղթն ու արտասահմանում տեղի ունեցող ուծացումը դադարել: Երկրի ազգաբնակչության թվաքանակի նվազման վտանգները բարձրացնում են գոյատեւման եւ նոր հայրենադարձման անհրաժեշտության հարցը: Ավելի եւ բազմատեսակ ներգաղթյալներ ընդունելու հանգամանքը կարող է փոխել այն ընկալումը, թե ինչ է նշանակում լինել հայ: Այսպիսով, Հայաստանը համեմատաբար փակ, ռասայական եւ էթնիկ պատկանելության վրա հիմնված ազգայնականությունից անցում կկատարի դեպի ավելի բաց ազգայնականության, որը սահմանվում է երկրում բնակվելով և կրելով հայոց լեզուն ու արժեքները։ Այն հանգամանքը, որ աստիճանաբար ավելի ու ավելի շատ հայեր են դառնում մեկից ավելի երկրի քաղաքացիներ, գոյաբանական կարևոր փաստ է և արժանի է հետազոտման՝ պարզելու համար, թե դա ինչ է նշանակում ինքնության, հավատարմության ու պարտավորությունների առումով։ Եվ շատ ավելի շատ՝ նրանց զավակների համար։ 

Կոնցեպտուալ առումով ազգայնականության փակ ու բաց մոտեցումները կենտրոնական դեր են խաղում այն հարցում, թե ի՛նչ հատկանիշներ են մարդուն դարձնում հայ: Արյու՞նը, կրո՞նը, լեզու՞ն, ռասա՞ն, թե՞ ուրիշ մի բան, ասենք՝ ընդհանուր արժեքները: Պարզ ասած, կարող է անհավանական լինել իբրև կենսունակ պետություն Հայաստանի գոյատևումը, եթե ապագայում նա ինքն իրեն սահմանի նեղ, փակ ազգայնական դրույթներով։ 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը փայլուն երկարաժամկետ տեսլական էր: Եթե ֆինանսավորումն ու մտավորական աջակցությունը շարունակվեն, «Ավրորայի» դերն ու շրջանակը կընդլայնվեն: Անցյալի ցեղասպանության զոհերը դառնում են այսօրվա և վաղվա զոհերի հույսի փարոսն ու օժանդակությունը: Միջազգային այս ծրագիրն աշխարհում շատերի երևակայությունն է գրավել: Մենք պատասխանատվություն ենք կրում բարի գործերն աշխարհի այլ անկյուններում փոխանցելու համար։ 

Բացել
Փակել
Դանիիլ Բաբիչ 
Դանիիլ Բաբիչ 
գլխավոր խմբագրի տեղակալ, հեղինակային ծրագրերի հաղորդավար, РБК 
Շնորհակալ եմ երկխոսության հրավերի համար: Ինձ համար, որ արմատներով հայ չեմ, սակայն հայերի շրջանում բազմաթիվ ընկերներ, գործընկերներ ու համախոհներ ունեմ, ներառականությունը կարևոր ազդանիշ է և ընկերակցության գրավիչ հատկանիշ:

Ըստ իս, առաջին հատկությունները, որոնցով աչքի են ընկնում հայերը, և որոնք նրանց հետ շփումը դարձնում են հաճելի, բացությունն ու մարդամոտությունն են՝ հումորի առանձնահատուկ նուրբ զգացման հետ միասին։ Ընդ որում, ինչպես հումորի, այնպես էլ հաղորդակցության այլ ոլորտներում շփմանը իմաստ է հաղորդում մտավորական լիցքը և նպաստում հետաքրքրությանը։ Մեր հեռուսատատեսությունում անխաթար գործել է հետևյալ կանոնը. եթերում հյուրի հայկական ազգանունը որակի գրավական է:  
 
Ի դեպ, շատ եմ գնահատում հայաստանցի հեռուստադիտողներից եկող արձագանքները: Նույնիսկ քննադատական նամակները լի են հարգանքով ու քաղաքավարությամբ, ինչպես նաև ողջամտությամբ ու բարյացակամությամբ: Աջակցող նամակներն, անշուշտ, նույնպես հաճելի են: Տխրեցնում է այն հանգամանքը, որ հայաստանցի հեռուստադիտողները, որքան էլ հետաքրքրված լինեն գլոբալ գործընթացներով, իրենց զգում են որոշակի մեկուսացման մեջ, վատատես են տնտեսության և իրենց սեփական բարեկեցության հարցերում:  
 
Այդ իսկ պատճառով, ես լավ եմ հասկանում խնդրի բնույթն ու հարցադրումը: Ռուսաստանում և այլ երկրներում Սփյուռքի ներկայացուցիչների հետ շփումն այլ՝ ավելի լավատեսական պատկեր է ուրվագծում: Հայերի հետ իմ առաջին շփումները գործնական բնույթ են ունեցել և եղել են 90-ականների սկզբին: Այդ ժամանակ ես գաղափար անգամ չունեի սփյուռքների և նրանց դերի մասին, բայց չէի կարող անտեսել գործարարության էթիկայի ազգային առանձնահատկությունները: Նկատելով գործարարության էթիկայի հատուկ մակարդակ հենց հայերի՝ դեռևս խորհրդային շրջանից եկած ընկերությունների տնօրենների մեջ, սկզբում դա վերագրում էի իմ հայ գործընկերոջ հանդեպ հատուկ վերաբերմունքիս, սակայն հետո հասկացա, որ խնդիրը միայն դա չէր: Նրանք խորապես հասկանում էին, հավանաբար հին ավանդույթների շնորհիվ, թե ինչպես են կառուցվում գործարար կապերը. մտածում էին իրենց հեղինակության մասին, ճկունություն էին դրսևորում, մշտապես պահպանում էին իրենց արժանապատվությունը թե՛ որպես անձ և թե՛ որպես մասնագետ, ունեին առաջնահերթությունների համակարգ և փոխադարձ հարգանք: Ռուսաստանի սփյուռքի ներկայացուցիչները, որոնց հետ գործ եմ ունեցել, հետևում էին այդ սկզբունքներին: Ինտուիցիոն մակարդակում դա գործարարության յուրահատուկ դպրոց էր, որտեղ իմ առաջին դասերն եմ անցել:  
 
Մեծ հետաքրքրությամբ կարդացի «Ճամփաբաժանին» գիրքը և, պիտի խոստովանեմ, որոշ հատվածներում ամփոփիչ նշումներ եմ արել: Մանկությունից ի վեր պատմությունն ինձ հետաքրքրել է, սակայն այս նոր դիտանկյունից առաջին անգամ նայեցի ամեն ինչին: Որոշ փաստերի մասին արդեն տեղյակ էի, սակայն դրանք չէին տեղավորվում մեկ միասնական կառույցի մեջ: Այդ իսկ պատճառով գրքի պատմական համատեքստն ինձ վրա թողեց առանձնահատուկ՝ շատ մեծ տպավորություն: Բացի այդ, հայկական համայնքների պատմության շատ հիանալի էջեր ինձ համար գաղտնիք էին:  
 
Այժմ փորձեմ հաղորդել իմ բովանդակային մեկնաբանությունները: Ինքնության կորստի մասին մտավախությունները հասկանալի են առնվազն Հայաստանյայց առաքելական եկեղեցու կապակցող դերի և ազդեցության նվազման առումով, սակայն այնուամենայնիվ, ըստ իս, չափազանցված են: Չ՛ԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, որ մի ազգ, որի մասին հիացմունքով դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում գրել է պատմահայր Հերոդոտոսը, կարող է կորցնել իր մշակութային կոդը:  
 
Սա չի նշանակում, թե խնդիրներ չկան: Դրանք սահմանված և վերլուծված են գրքում: Սփյուռքի ու Հայաստանի միջև խզումը մտային մակարդակում է, հետևաբար միացման գործընթացն ինքն իրեն չի սկսվելու: Հայաստանը շատ ավելի քիչ հնարավորություններ ունի, քան սփյուռքի համայնքները: Բուն Հայաստանում ավելի շատ օրինակներ են հարկավոր, թե ինչպես է մասնավոր նախաձեռնությունը հաջողությամբ գործում տեղական մակարդակում: Եթե գործընթացը հանդիպակաց դառնա, ավելի արագ կընթանա: Սակայն ինչպե՞ս հետաքրքրել և ներգրավել համայնքները, որոնք ունեն մեծ հնարավորություններ, բայց՝ այլ առաջնահերթություններ: Թերևս, երկրի իմիջի վերափոխումը՝ մշակութային կոդի պահպանմամբ, բայց արդեն ուղղված գլոբալ լսարանի, կարող է հզոր խթան դառնալ, որ նաև սփյուռքի համայնքներն ուշադրություն դարձնեն իրենց պատմական հայրենիքին:  
 
Մի զվարճալի պատմություն հիշեցի հին ընկերոջիցս: Մի անգամ Հնդկաստանում մարտի 17-ին՝ Սուրբ Պատրիկի օրը, նա որոշել էր գնալ տեղի իռլանդական պանդոկը, որը գտնվում էր իր հյուրանոցի կողքին և ազդարարել էր, որ ամբողջ գիշեր մեծ քեֆ էր տեղի ունենալու՝ Great Party All Night։ Ցերեկը պանդոկում որևէ մեկը չկար, իսկ մենյուի մեջ չկար իռլանդական որևէ բան: Նույնիսկ «Guinness» չկար: Միայն տեղական խմիչքներ էին:  «Սա իռլանդակա՞ն պանդոկ է»։ «Այո, պարոն»։ «Եվ դուք իռլանդական վիսկի չունե՞ք։ Իռլանդական գարեջո՞ւր։ Ոչ էլ իռլանդական սո՞ւրճ։ Կներեք, իսկ առհասարակ իռլանդական որևէ բան կա՞ այստեղ»։ «Այո՛, պարոն. մթնոլորտը»։ Զարմանալի է, բայց բարմենը 100 տոկոսով ճիշտ էր: Այդ գիշեր պանդոկում մթնոլորտը ցնցող էր: Իռլանդացիները կարողացել են իրենց ազգային ինքնության հիման վրա իսկապես գլոբալ պատմություն ստեղծել: Ընդ որում, սա նաև ներառականության օրինակ է, քանի որ աշխատում է նաև «իռլանդական աշխարհից» դուրս: Սուրբ Պատրիկի օրը ներառական գլոբալ իրադարձություն է, իռլանդացին՝ գլոբալ երևույթ, և «Guinness»-ը՝ գլոբալ բրենդ։ Թերևս սխալվում եմ կամ բավարար տեղեկություն չունեմ, բայց տարբեր ոլորտներում  գլոբալ, աշխարհի մակարդակով գործելու ունակ նախագծերը կարող են օգտակար լինել փոքրիկ Հայաստանի Մեծ մշակույթի խթանմանը. չէ՞ որ այն պատճառները, որոնց հիման վրա արտասահմանում հայերի բազմաթիվ ձեռքբերումներ առանձնապես գովազդված չեն եղել, այլևս անցյալում են: Գուցե հենց հիմա է եկել գործարար գաղափարների ժամանակը, որոնք կարող են հետաքրքրել շատերին թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Վստահ եմ, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն ունեն հեռանկարային և հետաքրքիր ապագա. դրա համար բոլոր անհրաժեշտ պայմաններն առկա են: Սատարում եմ ինչպես Հայաստանում մարդկանց օգնելու, այնպես էլ աշխարհն ավելի լավը դարձնելու ձեր ձգտումը: 

Բացել
Փակել
Ալեքսանդր Իսկանդարյան 
Ալեքսանդր Իսկանդարյան 
Կովկասի ինստիտուտի տնօրեն 
Ուշադիր ընթերցեցի գիրքը, որոշ հատվածներ՝ նույնիսկ մեկ անգամից ավելի: Սկզբում՝ «կենացի» մասը: Հեղինակներին հաճոյանալու համար չէ, որ կարդացել եմ: Ռուբենին ճանաչում եմ շատ քիչ, Նունեին առհասարակ չեմ ճանաչում, եթե ծանոթություն չհամարենք հեռախոսային մեկ խոսակցությունը: Թեև, իհարկե, շատ բաներ, որոնք Ռուբենն անում է Հայաստանում, ինձ կարևոր ու անհրաժեշտ են թվում, և այդ պատճառով չէի կարող նրան մերժել:

Սակայն հիմնական դրդապատճառս այն էր, որ իսկապես շատ կարևոր եմ համարում խոսակցությունն այն նյութի շուրջ, որը գրքի առանցքային նյութն է: Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ու՞ր ենք գնում և ինչո՞ւ, ի՞նչ է հնարավոր և ի՞նչ հնարավոր չէ անել: Ամբողջական հայացք նետելն ու իմաստավորումը ժամանակակից Հայաստանի և Սփյուռքի համար հազվագյուտ երևույթ է, ինչն, ըստ իս, վատ է: Քաղաքական վերնախավերը մտածում են շաբաթների ու ամիսների կտրվածքով. մի քանի տարվա հեռանկարն արդեն հազվադեպ է: Իսկ մեր մտավորականները հակված են հուզական արտահայտությունների. երկրի ապագայի մասին նրանց դատողություններն ավելի հաճախ վերաբերմունք են, այլ ոչ թե ողջամիտ խոհեր: Առանց հեռանկարի նույնիսկ այսրոպեական որոշումները չեն հաջողվում, ինչում մշտապես համոզվում եմ: Այդպիսով, նման տեքստերը, իմ կարծիքով, հարկավոր են և օգտակար, ինչի համար շնորհակալ եմ երկու հեղինակներին:  

Բնականաբար, տեքստի կոնկրետ հատվածների չեմ անդրադառնալու. դա խմբագրի գործն է: Սակայն տեքստի վերաբերյալ իմ նկատառումներն ամբողջությամբ կներկայացնեմ, և, ի սեր Աստծու, չդատապարտեք ինձ, ես ազնիվ եմ լինելու. կարծում եմ, դրա համար են ինձ խնդրել, որ կարդամ այս գիրքը: Ամեն դեպքում, ներբողներ գրելու իմաստ չեմ տեսնում:   

Այն, ինչ գրելու եմ, հիմնականում վերաբերում է ոճին ու կառուցվածքին, ոչ թե իմաստներին: Հեղինակների որոշ եզրակացությունների (թերևս, մեծ մասին) համաձայն եմ, մյուսներին՝ ոչ, սակայն դա կարևոր չէ:

Վիճելիությունն, ըստ իս, այս տեսակի տեքստերի առավելությունն է, ոչ թե թերությունը:  

Իսկ այժմ իմ դիտողությունները, որոնց համար, հուսով եմ, ինձ խնդրել են արտահայտվել:  

Իմ կարծիքով, գրքի ոճը չափազանց խրատական է: Հեղինակները ներկայացնում են իրենց պատկերացումները, սակայն ինձ թվում է, որ տեքստն ավելի լավ կընթերցվեր, եթե զրույցի հրավեր լիներ: Գրքում մի քանի անգամ ուղղակի ասվում է, որ մարդակենտրոնությունը տեքստի և, ավելի լայն իմաստով՝ ժամանակակից հասարակության առավելությունն է, սակայն միևնույն ժամանակ հեղինակների կարծիքները շարադրված են որպես ընթերցողին առաջարկվող պատրաստի ինչ-որ ծրագիր: Իմ կարծիքով, բանավեճի ձևաչափը չէր խանգարի գրքին: Գուցե արժեր ավելի հաճախ դիմել ընթերցողին՝ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի կերպով՝ մոտավորապես այնպես, ինչպես արվում է վերջաբանում: Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ գիրքը հարց լիներ, ոչ թե պատասխան, բանավեճի հրավեր լիներ, ոչ թե ուղղություն մատնանշեր: Ասածս ամենևին չի նշանակում, որ պետք չէ հնչեցնել այն, ինչ ակնհայտորեն ապրել են հեղինակները, սակայն ձևը, իմ կարծիքով, պետք է ավելի «ինտերակտիվ» լիներ:  

Ինձ դուր եկան պատմական ներդիրները (որոնք տեքստում գունավորված են), սակայն այդ ներդիրներից դուրս, ինձ թվում է, պատմության մասին խոհերը կարելի էր կրճատել: Ի վերջո, պատմությունն օժանդակ դեր է կատարում և որոշ չափով թերևս ծանրացնում է գիրքը: Ամեն բանից զատ, պատմությունը, և մասնավորապես պատմական փիլիսոփայությունը, չեն կարող մեկուսացված լինել: Կարծում եմ, հայոց պատմության առանձին դրվագներ նկարագրելու հարկ չկար: Հայոց պատմությունը լիովին մեկուսի կամ առավել ևս եզակի երևույթ չէ: Շատ սյուժեներ իրենց նմանակներն ունեն, և դրանց մասին առանց համեմատաբանական կտրվածքի խոսելը մեթոդաբանական տեսակետից ճիշտ չէ. դա մասնագետների գործ է, այն էլ, իմ կարծիքով, այս տեսակի գրքին այնքան էլ հարկավոր չէ: Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության որոշ խնդիրների վերաբերյալ հեղինակների տեսակետները, կարծում եմ, պետք էր ներկայացնել, դրանք հետաքրքիր ու կարևոր են, բայց՝ ոչ ավելին, քանի որ նման գրքում ապացուցողական բազան պարզապես անհնար է և անհարկի. դա պատմագիտական աշխատության խնդիրն է:  

Ես գրքից կհեռացնեի «Ավրորա»-ի, «2020» ծրագրի կամ «Տաթևերի» մասին բոլոր հիշատակումները: Դրանք գովազդի տպավորություն են թողնում, որն, իմ կարծիքով, ամենևին հարկավոր չէ: Հայերի մեջ շատ քիչ մարդ կա, որ չգիտի Ռուբեն Վարդանյանի և նրա գործունեության մասին, իսկ կոնկրետ նախագծերի մասին տեղեկությունները նման լուրջ ծավալի մտորումներին ոչ մի էական բան չեն ավելացնում և միայն ծանրացնում են գիրքը: Ինձ թվում է, չէր խանգարի, որ գիրքն ավելի ամփոփ լիներ:  

Իսկ անձնական տարրը, որը գրքում ընդամենը մեկ անգամ է հանդիպում «Իմ երեք կյանքերը» հատվածում՝ 153-րդ էջում, ես կուժեղացնեի: Այդ տեսակի մի քանի ներդիրներ, որոնք ոչ թե սոսկ նկարագրում են հեղինակների անձնական փորձը, այլ այդ փորձը տարածում իրականության և հասարակության զարգացման այն փուլի բացատրության փորձերի վրա, որոնցում այժմ գտնվում ենք, թերևս կարելի է ասել՝ պատկերազարդումները, գիրքն ավելի կենդանի և ընթերցողին հոգեհարազատ կդարձնեին, ավելի անձնական խոսակցության նման։ Օրինակ, «Իմ երեք կյանքերը» ներդիրն ամփոփում է ոչ միայն անձնական պատմություն, այլև մեր ապրած ժամանակի կարևորության, եզակիության ու նշանակալիության չափազանց կարևոր ընբռնում: Հասարակական քննարկումներում հաճախ մեր ժամանակներն ընկալվում են խիստ տագնապահարույց, նույնիսկ աղետալի, իսկ այն հանգամանքը, որ ապրում ենք մեր ազգի համար առանցքային ժամանակաշրջանում, լիարժեքորեն չի գիտակցվում: Մինչդեռ Ռուբենն այդ մասին հիշեցնում է նույնիսկ ոչ թե իր կենսագրությամբ, այլ այդ կենսագրության զգացողությամբ պատմության համատեքստում: 

Ինձ համար գրքի առանցքային մաս դարձան զարգացման ցանցային ձևերի, որոշումների կայացման ու պլանավորման ինստիտուցիոնալ ձևերի վերաբերյալ մտորումները: Ես կուժեղացնեի հենց այդ մասերը: Հարցը ոչ միայն և ոչ այնքան ծավալն է, որքան հեղինակների կարծիքների ավելի հստակ ձևակերպման, գուցե մի քանի անգամ կրկնելու ցանկալիությունը: Դա, ի վերջո, փաստացիորեն այն հիմնական գաղափարն է, որն առաջարկվում է ընթերցողին խորհրդածելու համար։  

Գիտակցում եմ, որ իմ ցանկությունները հավանաբար դժվար իրագործելի են՝ նույնիսկ եթե դուք դրանք կառուցողական համարեք: Հույս ունեմ, դրանք չեք ընկալի իբրև մանրախնդրություն: Իմ դիտողություններն ավելի շատ կառուցվածքային են, բայց ինձ թվում է, որ կարևոր է, որ գիրքը հեշտությամբ ընթերցվի և մարդկանց խորհրդածելու դրդի:  

Ներողամիտ եղեք, եթե խիստ քննադատաբար եմ մոտեցել: Կրկնեմ․ գիրքն ինձ դուր է եկել, և իմ քննադատականությունը հենց դրա արգասիքն է: Խոսակցությունը, որը դուք սկսում եք, ոչ թե ավարտում այս գրքով, ինձ ծայրագույնս անհրաժեշտ է թվում:  

Բացել
Փակել
Անտոն Դանիլով-Դանիլյան
Անտոն Դանիլով-Դանիլյան
«Դելովայա Ռոսիա» համառուսաստանյան հասարակական կազմակերպության համանախագահ
2018 թ. աշնանը մեծ հետաքրքրությամբ, մեկ շնչով, տառացիորեն առանց կտրվելու և շեղվելու կարդացի ձեր «Ճամփաբաժանին. Որոշումների ժամանակը» գիրքը: Սովորաբար ինձ հատուկ չէ ընթերցման այդ կերպը, և ես շատ զարմացած էի: Սակայն չկարողացա անմիջապես պատասխանել այն հարցին, թե ի՞նչն էր ինձ այդպես ձգում գրքի մեջ:

Չէ՞ որ դա գեղարվեստական գրականություն չէր, գիտահանրամատչելի թեթև հանդես չէր: Ինձ թվում է, որ ձգել է գրքի էջերից աննկատորեն արտահոսող ցավը, և որքան ավելի շատ հարցեր էին բարձրացնում հեղինակները, այնքան նկատելի էր դառնում ցավը, նույնիսկ մոլորվածությունը, գուցեև թերահավատությունը «լուսավոր ապագայի» նկատմամբ:  
Նույնիսկ երբ բացահայտվում էին հարաբերականորեն պարզ զարգացման ձևեր և համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի նոր («հի՞ն») դիրքավորման վերաբերյալ հզոր գաղափարներ կամ երկրի սեփական տնտեսական ներուժի զարգացումը, այնուամենայնիվ, որոշակի շինծու լավատեսության տպավորություն էր ստեղծվում: Այն մի տեսակ չէր համատեղվում գրքի առաջին երկու գլուխներում առկա Իմաստնության ու Գիտելիքի հետ:  

Մայիսյան այս տոներին ևս մեկ անգամ թերթելով գիրքը՝ տեսա ևս մեկ հնարավոր կտրվածք: Հայաստանից դուրս սովորած շատերի համար այն հատուկ արժեք է ներկայացնում, քանի որ պարունակում է պատմական, փաստագրական և կանխատեսիչ տարատեսակ նյութեր՝ խիստ խտացված տեսքով: Բոլոր նրանց համար, ովքեր լրջորեն հետաքրքրված են Հայաստանի ապագայով, գիրքը բանավեճի շատ հարմար հարթակ է, որն արդեն իսկ ներառում է տարբերակների, վարկածների, պատճառահետևանքային կապերի, շարժիչ ուժերի դրդապատճառների և առարկայի բնութագրերի անհրաժեշտ քանակ:  

Գրքի որոշ բաժիններ միասեռ չեն: Օրինակ, մանրամասնորեն բացահայտելով սոցիալական մյուս շերտերի և հատկապես Հայաստանի սովորական բնակիչների նկատմամբ վերնախավի ներկայացուցիչների գործողությունների (այդ թվում և ակտիվների փոխանցման) դրդապատճառները՝ գրքում ավելի շատ հարց է բարձրացված, քան առաջարկված է պատասխան: Կարծես ևս մեկ հեղինակ է պակասում երկրի «ներսից ու ներքևներից»: Սակայն հարցի ճիշտ ձևակերպման դեպքում գրքի երկու վերջին գլուխները կարող են լրացվել հետագա յուրաքանչյուր վերահրատարակության ժամանակ:   

Դուք արդեն շատ կարևոր գործ եք կատարել և շարունակում եք կատարել: Շնորհակալություն։ Աստված ձեզ օգնական: 

Բացել
Փակել
Քրիստոֆեր Պատվականյան
Քրիստոֆեր Պատվականյան
Հարվարդի համալսարանի ուսանող, Հարվարդի համալսարանի հայ ուսանողների միության նախագահ
«Ճամփաբաժանին» աշխատությունը, կողմնակի դիտորդի տեսանկյունից, հետաքրքիր ակնարկ է հայկական սփյուռքի և հայ ժողովրդի արդի հիմնախնդիրների վերաբերյալ:

Վարդանյանն ու Ալեքյանը գերազանց աշխատանք են կատարել՝ ցույց տալով, որ Հայաստանի և գլոբալ հայության առաջնահերթությունները փոխբացառող չեն: Նախանշված ծրագրերը և հիմնական մտահոգությունները կարևորագույն մեկնարկային կետեր են մեր հայրենիքի ապագայի վերաբերյալ լայն քննարկումներ ծավալելու համար: 

Հույս ունեմ, որ «Ճամփաբաժանին» աշխատությունը ոչ միայն կօգնի հայերին ավելի լավ  ճանաչելու այն ներուժը, որն ունենք իբրև գլոբալ ազգ, այլև կմղի Հայաստանի առաջընթացի համար ձեռնարկելիք քայլերի և անհատական ներդրումների: 

Բացել
Փակել
Նարինե Աբգարյան
Նարինե Աբգարյան
գրող
Շնորհակալ եմ հեղինակներին նրբանկատության համար. նրանք կարողացել են մատնանշել հայության խնդիրները՝ չվիրավորելով ազգի արժանապատվությունը: Հասարակության վիճակը, ազգային ինքնության ճգնաժամը, վերնախավերի խնդիրները ներկայացված են ազնիվ և զուսպ կերպով: Մեզ պետք է սովորել արտահայտել և քննարկել մեր մոլորությունները, սխալներն ու վրիպումները: «Ճամփաբաժանին» ձեռագիրը մեծ քայլ է այդ ուղղությամբ:

Առանձին ուզում եմ նշել լեզվի մասին. այն մատչելի է, ծանր կամ ճնշող չէ: Իսկ դա կարևոր է և վկայում է այն մասին, որ հեղինակներն իսկապես ցանկացել են կապ հաստատել ընթերցողի հետ: 

Հայաստանը մեզ համար երջանիկ և պատասխանատու իրողություն է: Այլ հայրենիք, գեների այլ կազմ, կամ այլ նախնիներ մենք չենք ունենալու: Հետադարձի ճանապարհ չկա: Մեզ մաղթում եմ իմաստություն, համբերություն և հավատարիմ մարդիկ, ովքեր մեզ հետ կլինեն մինչ հաղթական ավարտը: 

Բացել
Փակել
Լևոն Եպիսկոպոսյան
Լևոն Եպիսկոպոսյան
կ.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ
Կարդացի մեծ հետաքրքրությամբ: Իմ մեկնաբանության մեջ մանրամասն կդիտարկեմ Սփյուռքի, գիտության և կրթության խնդիրները: Բայց սկսեմ գլխավոր խնդրից, որի լուծումն առաջնային է Հայաստանի համար: 

Մեր բնակչության թիվը կտրուկ անկում է ապրում՝ մոտենալով մի սահմանի, որից այնկողմ հնարավոր չէ հաջողությամբ բազմանալ և սեփական գենետիկ բազմազանությունը փոխանցել հաջորդ սերնդին: Այդ սահմանն անցնելուց հետո բնակչությունն անդառնալիորեն խափանվում է և դադարում գոյություն ունենալուց:

Բազմաքանակ բնակչության մեջ ավելի մեծ է հավանականությունը, որ ի հայտ կգան մտավոր ու հոգևոր տեսակետից յուրահատուկ անհատներ, որոնք ստեղծագործ մտածողություն ունեն, ընդունակ են ասպարեզ բերելու նորարարական գաղափարներ, առաջարկելու ոչ ստանդարտ լուծումներ: Միայն նման մարդկանց կրիտիկական զանգվածը կարող է ծնել և հասարակության մեջ պահպանել անհրաժեշտ մտավոր, ստեղծագործ ու հոգևոր մակարդակը, առանց որի բարեփոխումներն անհնար են։

Ելնելով երկրի սոցիալական ու հոգեբանական կառուցվածքից՝ Հայաստանից արտագաղթը պատահական չէ: Հայրենիքը լքում են այն մարդիկ, որոնք վստահ են, որ նոր տեղում կկարողանան արագ ոտքի կանգնել, լուծել մասնագիտական ու կենցաղային խնդիրներ, ապահովել երեխաների ապագան: Գնում են նրանք, ովքեր ֆիզիկական ու մտավոր առողջության տվյալներով գերազանցում են բնակչության միջին ցուցանիշները: 

Արտագաղթի ամենատխուր հատվածը «ուղեղների արտահոսքն» է: Դա երիտասարդ, տաղանդավոր գիտնականներն են և այլ մասնագիտությունների ներկայացուցիչները, որոնք պահանջված են արտասահմանում: Վերջին տաս տարիներին իմ բոլոր տղա ասպիրանտներն իրենց թեզերի պաշտպանությունից հետո մեկնել են Արևմուտք: Ես չեմ խոչընդոտել նրանց արտագաղթին, օգնել եմ արտասահմանում նրանց կարիերային: Գիտնականների ազատ շարժը նրանց մասնագիտական աճի կարևորագույն խթանն է, այն անհրաժեշտ գործոն է աշխարհում գիտության զարգացման համար: Բայց Հայաստանն այդ գործընթացում միայն դոնոր է և երբեք՝ ընդունող կողմ: 

Արտագաղթը խորը սպի է թողել բնակչության տարիքա-սեռային կառուցվածքի վրա: Ռուսաստան աշխատանքի են մեկնում տղամարդիկ, որոնց զգալի մասը երիտասարդ, չամուսնացած տղաներ են: Նրանցից շատերն ընտանիք են կազմում դրսում և չեն վերադառնում հայրենիք: Ստեղծված ժողովրդագրական բացը, ամուսնական տարիքի տղամարդկանց անբավարար քանակի հետևանքով, առաջ է բերում «ազատ բարքեր» և ցածր ծնելիություն: 

Թվարկված պատճառներով թուլացած բնակչությունն ի վիճակի չէ իրականացնելու փոփոխությունների առաջարկվող ծրագիրը: Անհրաժեշտ է էապես բարելավել ժողովրդագրական վիճակը՝ երիտասարդ ու տաղանդավոր երիտասարդների ներգրավելով Սփյուռքից, այլ ազգերի ներկայացուցիչներից, որոնց համար Հայաստանը պետք է ցանկալի դառնա մի շարք ցուցանիշներով: 
Իսկ ի՞նչ կարելի է առաջարկել Հայաստանից սոցիալապես և տնտեսապես ավելի զարգացած երկրներից եկող երիտասարդներին: 

Առաջին հերթին, դա կարող է լինել ոչ պետական նոր համալսարան, որը համապատասխանի միջազգային բարձր չափանիշներին: (Նկատի ունենալով Դիլիջանի UWC քոլեջը՝ հեղինակները մեծ փորձ ունեն այդ ոլորտում: Նախագծի ակնհայտ հաջողությունը Հայաստանում նման համալսարանի ստեղծման հարցում լավատեսություն է ներշնչում։) Չորս, իսկ գուցեև վեց տարի կամ ավելի անց երկրում մշտապես կբնակվեն տարբեր պետություններից հարյուրավոր, իսկ հետագայում՝ հազարավոր երիտասարդներ, որոնց մի մասն ընտանիք կկազմի, կհաստատվի Հայաստանում: Բացի այդ, արտասահմանի երիտասարդ հայերը կօգնեն Հայաստանի ու Սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը: 

Երկրորդը համահայկական հիմնադրամի ստեղծումն է՝ տեղական գիտական խմբերին աջակցելու նպատակով, որոնք ուսումնասիրություններ կիրականացնեն միջազգային մակարդակով: Արտասահմանում գործող հայկական հիմնադրամները մեծ դժվարությամբ չնչին դրամաշնորհներ են տրամադրում Հայաստանի գիտնականներին: Զարգացած երկրներում տրամադրվողների հետ համեմատելի նոր դրամաշնորհները մեծ խթան կհաղորդեն արդյունավետ աշխատող գիտնականների խմբերին, որոնք կկարողանան արտասահմանից ասպիրանտներ ու գիտությունների դոկտորներ հրավիրել Հայաստան: Հայկական գիտությանն անհրաժեշտ է միջազգային հետդիպլոմային կրթության ու մասնագետների փոխանակման ցանցի մաս դառնալ: Մի շարք գիտակարգերում մենք շատ բան ունենք առաջարկելու տարբեր երկրներից եկող երիտասարդներին։

Երկրին անհրաժեշտ է հայկական միասնության ծոց հայրենադարձության (եթե ոչ ֆիզիկական, ապա առնվազն հոգեբանական ու հոգևոր) խելամիտ ռազմավարություն: Համապատասխան մասնագետները կարող են լուծումներ առաջարկել. դիլետանտները միայն կվատթարացնեն վիճակը: 

Քառորդ դար առաջ Հայաստանն ու Արցախը Սփյուռքի օգնությամբ հաջողությամբ անցան հայոց «հողերի հավաքագրմանը», սակայն անկախացումից ի վեր մեզ չի հաջողվել միավորվել ազգային գաղափարի շուրջ: Դրանում կարելի է մեղադրել նախորդ իշխանություններին, բայց միայն նրանք չեն մեղավոր ձախողված արդյունքների համար: Նման կարևորագույն խնդրի լուծումը պետությանը, ներառյալ այսօրվա չինովնիկներին վստահելը միամտության գագաթնակետն է և ժողովրդի մտավոր վերնախավի աններելի սխալը: Սիոնիզմի գաղափարի ստեղծման և Իսրայելի վերածննդի համար հրեաները պարտական են տարբեր աշխարհամասերում ծնված իրենց քույրերին ու եղբայրներին: 

Ես կտրականապես դեմ եմ Սփյուռքի խմբերի առնչությամբ «գետտո» եզրույթի օգտագործմանը: Այն խիստ ցավագին է ընկալվում և վնասում է մեր թուլացող ազգային ինքնագիտակցությանը: Ռուսաստանում հայ ներգաղթյալների այս «պիտակավորումը» վերջերս հնչեց ռուսաստանյան հեռուստաընկերության մի խմբագրի՝ մեր հայրենակցի շուրթերից և անմիջապես գերբացասական իմաստ ստացավ։

Հեղինակներին մաղթում եմ եռանդագին հետևորդների, գործուն օգնականների և լուռ համախոհների թվի մշտական աճ: Ծրագիրն առանց նրանց կդառնա մեր ակնկալիքներն ի դերև հանող հերթական մեռելածին մի նախագիծ, որն է՛լ ավելի կխորացնի հայկական աշխարհի ճգնաժամը: 

Բացել
Փակել
Արմենակ Անտինյան
Արմենակ Անտինյան
Վարքագծային տնտեսագիտության դոցենտ, Չժունշանի տնտեսագիտության և իրավունքի համալսարան, Չինաստան
Սա ցնցող գիրք է: Ես իսկապես վայելեցի մեր անցյալի և ներկայի հանգամանալի քննարկումները և ապագայի մասին հեղինակների տեսլականը:

Այնուամենայնիվ, մեզ հարկավոր է ծանր աշխատել և հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք կերտել այդ ապագան: Իմ կարծիքով, սա խնդրի ամենադժվարին մասն է:

Բացել
Փակել
Գոռ Նահապետյան
Գոռ Նահապետյան
Մոսկվայի ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցի պատվավոր պրոֆեսոր
«Ճամփաբաժանին»-ն օգնում է կարգավորելու սեփական մտքերը, ներքին բացահայտումներ է առաջացնում։ Ինձ համար գլխավոր բացահայտումը դարձավ ազգ-թարգմանի գաղափարը։ Հայոց պատմության մեջ նախկինում մենք արդեն եղել ենք նման ազգ. տարբեր երկրներում մեզ միավորել են առևտրական կապերը, իսկ եկեղեցին ու մայրենի լեզուն ապահովել են հաղորդակցության կայուն ուղիները։ 

Ժամանակակից աշխարհում, որտեղ ամեն քայլափոխի կեղծ լուրեր են՝ fake news, և ոչ կառուցողական հաղորդակցություն, այսինքն՝ այն ամենը, ինչ գոյացնում է անորոշություն և, որպես հետևանք՝ սթրեսի կուտակում, իմաստները ճիշտ հասկանալու և փոխանցելու կարողությունը դառնում է վճռորոշ։ Այսօր հատկապես շահավետ է լինել մի ազգ, որը կարող է թարգմանություններ անել տարբեր լեզուներից՝ արվեստի լեզվից գործարարության լեզու, սիրո լեզվից պոեզիայի լեզու և այլն, և որն իբրև կամուրջ է ծառայում տարբեր ազգերի միջև։ Սակայն մենք դեռևս պիտի սովորենք դառնալ նման ազգ-թարգման։ Եվ «Ճամփաբաժանին» գիրքը, որը քննարկման հրավեր է, հենց դրան է նպաստում։ Ես վստահ եմ, որ բոլորը կձգտեն շփվելու մի ազգի հետ, որը կարող է արդյունավետորեն հաղորդակցվել՝ իմաստները փոխանցելով սերունդների ու սահմանների միջով։ 

Բացել
Փակել
Արթուր Ալավերդյան
Արթուր Ալավերդյան
Սերիական ձեռնարկատեր, ներդրող, FAST հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համահիմնադիր և նախագահ
«Ճամփաբաժանին»-ն այն եզակի գրքերից է, որը որպես ազգի և պետության մեր կենսակերպին ամբողջական մոտեցում է առաջարկում: Ամբողջական՝ այն իմաստով, որ, հայացք նետելով դեպի անցյալ, իրատեսորեն նկարագրում է ներկան և վերլուծում գլոբալ համատեքստում ապագայի հնարավորությունները՝ առաջարկելով բարդ ընտրություն կատարել հնարավոր սցենարներից: Որպես ամենագրավիչ սցենար առաջարկվող զարգացման մոդելն այսօր իրո՛ք ազգի և երկրի համար այլընտրանք չունի. այն թույլ կտա օգտվել չորրորդ արդյունաբերական հեղափոխության առավելություններից և 21-րդ դարը դարձնել հայոց պատմության Ոսկեդարը: 

Հեղինակները պրագմատիկ են գնահատում հայկական աշխարհի ու Հայաստանի իրողությունները, տնտեսական առկա մոդելը և փաստարկումներով հիմնավորում են նման մոդելի անհեռանկարայնությունը: Անկասկած, անհրաժեշտ է, որ Հայաստանն անցնի մեկ այլ՝ ներառական մոդելի, որը կնպաստի երկրի առաջընթաց զարգացման կարողությանը, երկրի հնարավորինս մեծ թվով բնակիչների, բազմաթիվ սփյուռքահայերի ու արտաքին ներդրողների կդարձնի նոր Հայաստանի կառուցման գործող անձինք ու մասնակիցներ: 

Ներկա փուլում մեզ՝ հայերիս և Հայաստանին անհրաժեշտ է նոր գաղափար, ապագայի տեսլական, որին կցանկանան հավատալ ամբողջ աշխարհի հայերը. մի երկրի պատկեր, որտեղ քաղաքացիները ոչ միայն հարմարավետ կյանք կունենան, այլև կկարողանան  իրացվել, լավ վաստակել, պահպանել ավանդական իրենց արժեքներն ու դրանք փոխանցել իրենց զավակներին: Սեփական երկրի ծաղկուն ապագայի նկատմամբ ընդհանուր հավատը ամբողջ աշխարհի հայության համար կդառնա համագործակցության մեջ ընդգրկման, հայերի համար ընդհանուր տան կառուցման ու պահպանման գործին համատեղ մասնակցության հարթակ, իսկ սփյուռքահայության համար՝ հպարտության և ինքնության պահպանման հզոր խթան: Անցյալի՝ 2018 թվականի արդյունքները լավատեսության հիմքեր են տալիս և հույս ներշնչում, որ մեզ համար ստեղծվել է ներկա համակարգի փոփոխության հնարավորություն, և ցանկանում ենք հավատալ, որ մենք կկարողանանք օգտվել այդ հնարավորությունից: 

Տնտեսության այն ուղղությունների թվում, որոնք կարող են դառնալ երկրի զարգացման խթան, կցանկանայի հատուկ նշել գիտության ու բարձր տեխնոլոգիաների դերը: Տեխնոլոգիաները մեզ եզակի հնարավորություն են տալիս կարճ ժամանակում վերելքի հասնելու բազմաթիվ ոլորտներում, արտադրանք ու ծառայություններ մշակելու, որոնք թույլ կտան մեր ուրույն տեղն զբաղեցնել համաշխարհային շուկաներում և գլոբալ տնտեսության նոր ձևավորվող ուղղությունների մաս կազմել: Հայաստանը պիտի կարողանա լիարժեքորեն օգտվել հետարդյունաբերական աշխարհի կարևոր միտումից, երբ ավելացված արժեքը արդյունաբերությունից տեղափոխվում է դեպի հետազոտության ու զարգացման (R&D), զարգացման ու մարկետինգի կենտրոններ: Երկիրը պիտի ապագայում դառնա աշխարհի առաջատար R&D հանգույցներից մեկը: Ընդ որում, առանց գիտության լուրջ աջակցության, առանց դրա մեջ լուրջ ներդրումների չարժե ակնկալել տեխնոլոգիաների զարգացում. անհրաժեշտ է գիտությանը վերադարձնել երկրի կենսագործունեության մեջ ունեցած առաջատար դերը։

Գիրքն արդարացիորեն արծարծում է բազմաթիվ հարցեր, որոնք միանշանակ պատասխաններ չունեն, սակայն, որպես ազգ, այսպես թե այնպես պարտավոր ենք գտնելու այդ պատասխանները, պարտավոր ենք ընտրություն կատարելու: Մտածող ընթերցողն իր համար խորհելու մեծ նյութ կգտնի, և ուզում եմ հավատալ, որ այս գիրքը սկիզբ կդնի բանավեճի ու երկխոսության, որոնք կհանգեցնեն որոշումների: 

Բացել
Փակել
Վահագն Վարդանյան
Վահագն Վարդանյան
Հիմնադիր փոխտնօրեն, գիտությունների դոկտոր, Հան Ակադեմիա, Հոնկոնգ
Գիրքը Հայաստանի զարգացման հեռանկարներին անդրադառնալու հաջողված փորձ է` հետևելով հայ ժողովրդի անցած ուղուն, որը բազմիցս գոյատևման եզրին է կանգնել: Հեղինակներն արծարծում են Հայաստանի ներկայիս և ապագա զարգացման վերաբերյալ մտորելիք խորքային հարցեր՝ հետաքրքրություն սերմանելով ազգային զարթոնքի, տնտեսական հեռանկարների և ինքնության ձևավորման նկատմամբ, որոնց շուրջ կենտրոնացած է սույն աշխատությունը: Ինչպես ընդգծվում է գրքում, հիմնական հատկանիշը, որի շնորհիվ հայերը ողջ են մնացել, և որն ազգին հնարավորություն է տվել կրկին ու կրկին վերածնվելու, ըստ ամենայնի, եղել է մյուս քրիստոնյաներից տարբեր էթնիկ-կրոնական ուղու ստեղծման ու պահպանման կարողությունը։

Մյուս կողմից, այն արգելքները, որոնք հայ ժողովուրդը դրել է իր առջև, ինչպես շեշտում են հեղինակները, սահմանափակել են ամուր պետականաշինության հնարավորությունը, սակայն դրանք կարող են դիտարկվել նաև իբրև լուծման բանալիներ, եթե ժողովուրդն այդ խոչընդոտների հաղթահարման վճռականության հարցում միասնական լինի: Սեփական ուժերին ապավինումը, ներուժի օգտագործումն ու թերությունների վերափոխումը հնարավորությունների դիտվում են որպես ժողովրդի ապագա զարգացման անզուգական փիլիսոփայական հիմք: Սեփական և այլոց փորձից ու պատմությունից սովորելու պատրաստակամությունը, հավանաբար, հայ ժողովրդի քաղելիք հիմնական դասն է. ամբողջ կյանքում սովորելիք դասը, որտեղ ազգն իր պատմության ընթացքում քանիցս ձախողվել է:  

Հայերի երիտասարդ սերնդի ավելի լայնախոհ և շաղկապված դառնալու շնորհիվ ազգը և պետությունը ձեռք են բերում տարբեր քաղաքակրթությունների հետ կամուրջ ստեղծելու, անդրազգային նախագծերը միմյանց կապելու, հակամարտությունների կարգավորման ու միջազգային առևտրի ասպարեզում միջնորդ լինելու եզակի հնարավորություն` դառնալով մտքի հզորության համաշխարհային կրող, որը կարող է բացահայտել «տաղանդայնության» առաջարկված մոտեցումը: 

Լինելով մշտապես սովորողներ` Ռուբեն Վարդանյանն ու Նունե Ալեքյանը փայլուն կերպով ընդգծում են կրթության դերն ու ներուժը՝ տաղանդներ բացահայտելու և զարգացնելու համար, որոնք կհամապատասխանեն Հայաստանի, լայն առումով տարածաշրջանի և աշխարհի կարիքներին, ինչպես նաև կապահովեն աշխարհի հայության հետևողական առաջընթացը:

Բացել
Փակել
Հրաչյա Արզումանյան
Հրաչյա Արզումանյան
«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն
Հեղինակային խմբի կատարած աշխատանքի ծավալը չի կարող հիացմունք չպատճառել։ Ավելին. պահի դրությամբ սա ինձ հայտնի միակ մշակված նախագիծն է, որը Հայաստանի և հայության զարգացման քաղաքակրթական մոդելները քննարկում է որպես գլոբալ երևույթ։ Մի կողմ թողնելով դրական գնահատականները, որոնք վստահաբար շատ կլինեն՝ մի քանի դիտողություն անեմ։ 

Գրքի հեղինակները, խոսելով ներկայիս վիճակի, ինչպես նաև հայոց պետականության ու հայության ապագայի գնահատման ամբողջական մոտեցման անհրաժեշտության մասին, գիտակցաբար քննարկումից դուրս են թողնում պատերազմի հիմնախնդիրները։ Դրա հետևանքով զարգացման ստացված մոդելները տեսական են դառնում, քանի որ աշխարհն ակնհայտորեն թևակոխել է այնպիսի մի դարաշրջան, երբ հենց պատերազմը, դրա ըմբռնումն ու մեկնաբանությունն են որոշում ձևավորվող գլոբալ աշխարհը։ Քսանմեկերորդ դարը դարձյալ հերակլիտյան աշխարհ է, ուր «պատերազմն ամեն ինչի հայրն է»։

Սա տարածվում է Հայաստանի և հայ ժողովրդի վրա ևս, որտեղ ռազմական գոյութենաբանական սպառնալիքներին արձագանքելու անհրաժեշտությունն ուղղորդելու է հայոց պետականության զարգացումը: Հետևաբար, Հայաստանի ապագայի վերաբերյալ բովանդակային քննարկումը պետք է ներառի հայ ժողովրդի ռազմական ու ազգային անվտանգության խնդիրների քննարկում: Հեղինակների ներկայացրած Հայաստանի զարգացման մոդելներն իրագործելի են, եթե կառուցված են «Հայաստան ամրոց» փոխաբերության հիման վրա, որն առավել ճշգրիտ է նկարագրում հայոց պետականության անվտանգության միջավայրը: Քսանմեկերորդ դարում Հայաստանի կայուն զարգացումը, իմ խորին համոզմամբ, հնարավոր է հենց նման ամրոցի ներսում ու շրջակայքում։ 

Թերևս հեղինակների համար իմաստալից է նորաձևության օգտագործման մասին մտածելն ու Հայաստանի հիբրիդային զարգացման մոդելների անհրաժեշտության մասին խոսելը: Հայաստանի զարգացման մոդելները, մյուս բոլոր չափումներից բացի, պետք է պարունակեն ռազմական ու ազգային անվտանգության համակարգի հատուկ կարգավիճակով օժտված բաղադրիչներ։

Եվս մեկ պահ։ Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի նախագծումը պահանջում է հայկական պետականության մեջ մի միջավայրի ձևավորում, որն ընդունակ լինի ապահովելու քաղաքակրթական մոդելների գիտակցում ու մշակում։ Նման միջավայրի ստեղծումն, անկասկած, բարդ ու հավակնոտ խնդիր է։ Սակայն դեպի ապագան բեկումը պետք է հանգամանորեն նախապատրաստված և հաշվարկված լինի, քանի որ Մեծ Եղեռնից հետո հայ ժողովուրդը ևս մեկ աղետի իրավունք չունի։ Որպեսզի ժամանակի ընթացքում Հայաստանում նման միջավայր ձևավորվի, անհրաժեշտ են նպատակաուղղված ջանքեր։ Ցավոք, հայոց պետականության հնարավորությունները ներկա պահին սահմանափակ են, և նման միջավայրի առաջացման համար պայմանների ստեղծումը պետք է դիտարկել իբրև համայն հայության՝ որպես գլոբալ երևույթի պարտականություն, որն ի վիճակի լինի Հայաստանում և Հայաստանի վրա կենտրոնացնելու անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը։ 

Այսպիսով, արժանին մատուցելով հեղինակների ջանքերին ու կատարած աշխատանքին, ճիշտ կլինի այս գիրքը համարել առաջին խմբագրություն և մտածել նոր տարբերակի պատրաստման մասին։ Հնարավոր է՝ նույնիսկ նոր գրքի մասին։ 

Բացել
Փակել
Սամվել Ավետիսյան
Սամվել Ավետիսյան
«Յաբլոչկով» ընկերության տեխնիկական տնօրեն
Մի քանի շաբաթ ծախսեցի սույն աշխատությունն ուշադրությամբ ընթերցելու համար: Երկար վերլուծում էի ամեն բան, վերընթերցում որոշ հատվածներ:  Շնորհակալություն այս գրքի, Հայաստանում ներկա իրավիճակի և զարգացման միտումների մանրամասն վերլուծության համար: Ես, օրինակ, չգիտեի, որ եղել է առևտրական ցանց, որի կենտրոնը եղել է Նոր Ջուղայում:

Գրեմ այն մասին, թե ինձ հատկապես ինչը հուզեց ու հետաքրքրեց: Մնացած բոլոր հարցերում համաձայն եմ հեղինակների հետ: 

Ինձ համար դժվար է համաձայնվել հայկական ավանդական արժեքների և հավաքական կերպարի նկարագրության հետ: Բազմազգ ընտանիքս և Ռուսաստանում անցկացրած մանկությունս իմ մեջ համոզմունք են ձևավորել, որ մարդու բնավորությունը կախված է նրա ընտանիքից ու շրջապատից, այլ ոչ թե ազգային պատկանելությունից: Գրքում թվարկված առանձնահատկությունները ես նկատել եմ տարբեր ազգության պատկանող մարդկանց մեջ: Եթե ինձ խնդրեին նշել հենց հայերին բնորոշ հատկություններ, ես անմիջապես չէի նշի գրքում թվարկվածները: Ընթերցելու ժամանակ նույնիսկ դիմեցի իմ մտերիմներին, որպեսզի նրանք ևս նկարագրեն հայերին բնորոշ հատկությունները, և բոլորը տարբեր բաներ նշեցին: Ինձ նաև տարօրինակ է թվում ազգի բնույթի մասին եզրակացություններ անելը` հենվելով նրա պատմության վրա: Դա նման է նրան, որ գիտնականը փորձի տեսությունը հարմարեցնել փորձի արդյունքներին: 

Սակայն լիովին համաձայն եմ այն մտքին, որ քրիստոնեության ընդունումը, սեփական գիրը և քաղաքակրթությունների խաչմերուկում գոյատևումը ձևավորել են ժամանակակից հայ ազգը:

Ուժգին եմ համարում այն եզրակացությունը, որ Հայոց ցեղասպանությունը «լիովին չի գիտակցվել որպես սերունդների բնական հերթագայության խաթարման ողբերգություն»: Ես իսկապես «չեմ տեսնում դեպի անցյալ գնացող ազգային պատմական արարման հաջորդական գծեր, այլ միայն արյան, տառապանքի և անարդարության հեղեղներ»: Նորագույն ժամանակներում մեր երկրում ստեղծված իրավիճակը, իմ կարծիքով, իր հետևանքներով ցեղասպանություն է հիշեցնում. մարդիկ ժամանակից շուտ մահանում են վատ բժշկական սպասարկման պատճառով, Հայաստանի բնակչությունը տարեցտարի նվազում է մարդկանց արտագաղթի պատճառով և այլն. տեղի է ունենում սերունդների և ընտանիքների հերթագայության նշված խաթարումը: 

Շնորհակալ եմ հեղինակներին «խորհրդային հայեր» եզրույթի համար. այն ինձ գիտակցել տվեց, որ ես, փաստորեն, հենց միայն խորհրդային հայերի եմ ճանաչում: Ազգի հատվածայնացումն իրոք խորանում է: Հավանաբար, հենց այդ պատճառով է, որ չհամաձայնվեցի հայկական բնավորության մասին ընդհանրացումներին: 

Աշխատության մեջ հղվում է Կոնֆուցիոսը, որն ասել է, որ ցանկացած ազգի և պետության հաջողության գրավականը վեհ ու բարձր նպատակներ ունեցող առաջնորդն է: Ազգերի և պետությունների վերելքի պատմությունները հաստատում են այդ բառերը: Կարծում եմ, որ հիմա հենց այդպիսի առաջնորդի կարիքն ունի մեր ազգը:  
Հատուկ շնորհակալություն 

- հայերի անձնական վախերի և գոյություն ունեցող համալիր վտանգի համեմատության համար. շատ հզոր էր և սթափեցնող, 

- այն խոստովանության համար, որ Հայաստանը չի դարձել անվտանգ ու բարգավաճ հայրենիք բոլոր հայերի համար. շատ ազնիվ էր ու խիզախ, 

- այն եզրակացության համար, որ մենք, պարզունակեցնելով արտաքին միջավայրը, թերագնահատում ենք այն. խորն էր և շատ տարողունակ: 

Համաձայն եմ այն ամենին, ինչ շարադրված է 5-րդ գլխում: Պատրաստ եմ օգնելու՝ ձեր տեսլականը կենսագործելու հարցում: 
 

Բացել
Փակել
Սերգեյ Գուրիև
Սերգեյ Գուրիև
Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ
«Ճամփաբաժանին» ձեռագիրը գրված է ոչ միայն Հայաստանի պատմության և մշակույթի խորքային ըմբռնմամբ, այլև սեփական երկրի նկատմամբ անկեղծ սիրով:

Միևնույն ժամանակ հեղինակները, որպես սիրող զավակներ, բաց քննարկում են իրենց երկրի խնդիրները, նրա ներկա վիճակի թե՛ ուժեղ, և թե՛ թույլ կողմերը: Նրանց վերլուծությունը, որը հիմնված է և՛ տվյալների, և՛ ինստիտուցիոնալ զարգացման ժամանակակից տեսությունների վրա, վկայում է լուրջ փոփոխությունների անհրաժեշտության ու հրատապության մասին:

Ձեռագիրը, անկասկած, առանցքային դեր կխաղա Հայաստանի ապագայի տեսլականի շուրջ քննարկումների ակտիվացման գործում: 

Բացել
Փակել
Գեորգի Դերլուգյան
Գեորգի Դերլուգյան
Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր
Թե ովքեր են այս գրքի հեղինակները, իրականում անկարևոր հարց է: Երկուսն էլ բավականին հայտի են, սակայն գիրքը իրենց մասին չէ:  Թե ինչու է նրանց ավելի հոգեհարազատ բիզնեսի ու խորհրդատվության դպրոցների լեզուն, առհասարակ հարց չէ: Դա է նրանց մասնագիտությունը: 

Իրավացիորեն կարող է հարց առաջանալ, թե քաղաքական ի՞նչ նպատակներ կարող են նրանք հետապնդել (բացի բացեիբաց հայտարարվածներից), որին կարելի է պատասխանել մեկ այլ պարզ հարցով. իսկ ի՞նչ է, ազգի ճակատագրի մասին կարող են խոսել միայն բանաստեղծները, փիլիսոփաներն ու Երևանի տաքսու վարորդնե՞րը: Ըստ ամենայնի, բիզնես էլիտայի բոլոր ներկայացուցիչները չէ, որ ձգտում ինքնահաստատվել չնաշխարհիկ առագաստանավեր ու դղյակներ գնելով: Լինում են նաև ավելի հավակնոտ նախագծեր: 

Իսկ ահա գլխավոր հարցը, որը բարձրացնում են մեր հեղինակները, որն իսկապես առանցքային է. ի՞նչ անել հետո: 

19-րդ դարում հայերի առջև հարց ծառացավ, թե միջազգային ասպարեզում ինչպե՞ս կայանալ որպես ժամանակակից ազգ: 20-րդ դարի առաջին կեսում հայերի առջև ծառացավ ողջ մնալու խնդիրը: Այնուհետև առաջացավ ազգային ինքնության պահպանման հարցը՝ սրընթաց արդիականացման պայմաններում, որ ծավալվում էր ինչպես Խորհրդային Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Դարավերջին Ղարաբաղյան հիմնախնդիրը կարծես ստվերեց բոլոր մյուս հարցերը:  

Եվ ահա հայերն արդեն 21-րդ դարում են: Ո՞րն է հաջորդ քայլը: Անցյալի հարցերը փոքրիշատե հաջողությամբ հաղթահարված են, ժամանակակից հայ ազգը ողջ է մնացել ու կայացել: Սակայն անցյալում երբևէ չի եղել, որ պատմական հայրենիքում մնա հայերի այսքան փոքր մի հատված միայն, երբեք թվով այսքան մեծ սփյուռք չի եղել (այժմ ընդգրկելով արտասահմանյան երկրների վերածված Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը)։ Եվ նախկինում երբեք ուծացման օբյեկտիվ խթաններն այսքան զորեղ չեն եղել. չէ՞ որ գլոբալիզացիան գործում է ո՛չ միայն համաշխարհային տնտեսության մակարդակում։ Գլոբալիզացիան և՛ համակարգչային խաղերն են, և՛ ուսումն աշխարհի համալսարաններում, և՛ ազգամիջյան ամուսնությունները։ Եվ ուրեմն, ի՞նչ է լինելու Հայաստանի ու ամբողջ աշխարհի հայության հարցը։ Քսանմեկերորդ դարում ինչպե՞ս պահպանել ազգային լեզվի ու մշակույթի վարկը։ Ինչպե՞ս ամրացնել ու պաշտպանել լեռների այն մի կտորը, որն այսօր Հայաստանի ու Արցախի պետականության հարթակն է մնացել;

Այս հարցն են ահա բարձրացնում Նունե Ալեքյանն ու Ռուբեն Վարդանյանը: Եվ նրանք արժանի են լուրջ քննարկման: 

Բացել
Փակել
Դմիտրի Ֆալալեև
Դմիտրի Ֆալալեև
U Skillz-ի հիմադիր, բազմակի ձեռնարկատեր, Harvard Business Review-ի գլխավոր խմբագրի նախկին տեղակալ 
Դժվար է առանձնացնել այս գրքի գլխավոր միտքը՝ առանց խորանալու բովանդակության մեջ։ Սակայն փորձենք: Ընթերցելը հետաքրքիր է, նույնիսկ եթե երակներումդ մի կաթիլ հայի արյուն չի հոսում: Այն խիստ հավակնոտ է, ինչը շատ գրավիչ է: Հեղինակները հենց նախաբանից արդեն մեծ ակնկալիքներ են հարուցում ընթերցողի մեջ: Եկեք ստեղծենք մոդել՝ մի ամբողջ ազգի, երկրի, աշխարհի ապագայի տեսլական, առաջարկում են նրանք: Եվ շատ համոզիչ կերպով ձեզ տանում են ազգի պատմության միջով՝ ներկայացնելով և՛ բարդ հանգամանքները, և՛ յուրահատկությունները: Եվ բուն մոդելավորման են հանգեցնում արդեն այն վիճակով, որով ընթերցողը պատրաստ է հասկանալու նրանց շարժառիթներն ու տրամաբանությունը։

Գիրքն ինքը շատ արդիական է: «Հայկական աշխարհը» նրանում, ինչպես և իրական աշխարհում, ողջ է, հնացած չէ: Այն քեզ պես այստեղ է և այժմ, այլ ոչ թե սոսկ պատմության էջերին: Հեղինակները հմտորեն խոսում են ժամանակակից իրողությունների և միտումների մասին. տեխնո-միտումներից մինչև տաղանդայնություն և բազմաթիվ այլ բաներ: Եվ դու հաճույքով գտնում ես սեփական մտքերիդ հաստատումը. ապագան մարդիկ են և նրանց հետ կապված ամեն ինչ: Ո՛չ նավթը, ռեսուրսները և նույնիսկ ո՛չ տեխնոլոգիաները:

Գիրքը շատ ազնիվ է: Հեղինակները հպարտանում և բարձր են գնահատում իրենց ժողովրդին, իրենց երկիրը, իրենց ազգը, սակայն չեն վախենում ազգի պատմության բարդ էջերի, օբյեկտիվ բարդ իրողությունների մասին խոսելուց: Դա գրավիչ է: Գիրքը դրական առումով որոշակի է, ինչի շնորհիվ շահեկանորեն առանձնանում է մյուսներից: Այն չի առաջարկում ապավինել պետությանը, նույնիսկ հասարակությանը և նույնիսկ սփյուռքին, որին շատ մեծ ուշադրություն է հատկացվում: Բոլոր հիշատակվածները սուբյեկտներ են, ամեն մեկը յուրահատուկ է իր խնդրով ու դերով, և առանց նրանցից մեկնումեկի լիարժեք փոփոխություններ հնարավոր չեն: Նրանք բոլորը շատ անելիք ունեն. բոլորը և միասին: 

Գիրքը գլոբալ է իր մտածողությամբ: Մենք դիտարկում ենք հայկական աշխարհը, սա նրա՛ գիրքն է, նրա՛ մասին է, սակայն նաև ամբողջ աշխարհի անբաժանելի մասն է և պատրաստ է շատ բան տալու վերջինիս: Հավանաբար, հիմնականում դա է պատճաոը, որ ինքդ, հայ չլինելով, այդպիսի հափշտակությամբ ես ընթերցում։ Գիրքը գաղափարային է։ Սոսկ էքսկուրս չէ, փաստերի ու վարկածների կույտ չէ։ Այն ժամանակակից մեծ մոդել է. Հեղինակներն առաջարկում են իրենց հետ միասին մի մեծ տիեզերանավ կառուցել (պատմության մեջ առաջին անգամ) և այն ուղարկել տիեզերք։ Նրանք վախ չունեն մոլորակի մակարդակ ելնելուց. նրանց համար պետությունները կարևոր սուբյեկտներ են, սակայն միակը չեն, քանի որ հասկանալի է, որ «Հայկական աշխարհն» անկասկած ավելի մեծ արքետիպ է։ Այնպես որ, մտավորական մարդն ուղեղն զբաղեցնելու բան կունենա գիրքն ընթերցելու ընթացքում։

Գրքի հեղինակներն օգնում են հասկանալու ազգի յուրահատուկ հատկանիշները, որոնք գոյացել են դարեր առաջ, սակայն գիրքը պատմական փաստաթուղթ չէ: Կարողանալով ձեզ համոզել յուրահատկության հարցում, մի քանի գլուխ անց հեղինակները նորից հիշեցնում են դրանց մասին՝ առաջարկելով այդ յուրահատկություններից շատերի հիման վրա նոր աշխարհ կառուցել։ Եվ դուք հասկանում եք, թե ինչու: Ցանցային կառուցվածք, ազգ-թարգման, հաբ-երկիր, ուսման հատուկ ունակություն. այո իհարկե: 

Գուցեև կարևորն այն է, որ (չնայած դա հասկացություն է, մտավոր լուրջ խնդիր, որ լուծում են հեղինակները) այն որոշ չափով կենդանի «ճանապարհային քարտեզ» է։ Դու հավատում ես, որ հնարավոր է դա անել, որ հնարավոր է ձեռնամուխ լինել այդ տրամաբանությանը, այդ ծրագրին, իսկապես կատարել փոփոխությունները, որոնց մասին խոսում են հեղինակները, հնարավոր է պատասխանել հարցերին, որոնք բարձրացնում են նախաբանում։ Սա շատ կարևոր զգացում է մեր աշխարհում, ուր կան շատ բառեր, սակայն միշտ չէ, որ տեղ կա գործերի, առավել ևս՝ նման մեծապարփակ գործի համար։

Բացել
Փակել
Կարեն Գևորգյան
Կարեն Գևորգյան
Կինոռեժիսոր
90-ականների վերջում, 2000-ականների սկզբում մեծ վավերագրական «Ճամփաբաժան» ֆիլմի համար ես տարբեր մասնագիտություններ, տարիք և կյանքի փորձ ունեցող մարդկանց նույն հարցն էի տալիս. «Ո՞վ է հայը»: Ստացված պատասխաններից մեկն այն ժամանակ ինձ ցնցել էր իր ճշգրտությամբ և պատկերավորությամբ: Ծեր, կիրթ և, ըստ երևույթին, ծանր վիճակում գտնվող մարդն ասաց. «Հայերը Սասունցի Դավթի ու Քաջ Նազարի ազգն են… Դավիթները քիչ են, Նազարները շատ, իսկ միջին չկա»: 

Դա այն ժամանակներն էին, երբ մենք իսկապես ճամփաբաժանին էինք հայտնվել: Պատերազմում հաղթած հասարակության և պետության առաջ հարց էր կանգնած․ ո՞վ ենք մենք ուզում լինել և ու՞ր ենք ուզում գնալ։ Հաղթանակով ոգևորված երիտասարդ հայ պետությունն առաջին «շատ կիրթ» նախագահի ղեկավարությամբ ընտրեց նախկին խորհրդային մեծածավալ պետական ունեցվածքի թալանի և «վայրի» կապիտալիզմի կառուցման ուղին։ Այդպես կոտրվեց ազգի ողնաշարը։ Մեր «խելոք» նախագահը չէր հասկանում ու չէր ցանկանում հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ որ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը պարտավոր է ունենալ անձնական, հասարակական և պետական զարգացման ազգային գաղափարախոսություն։ Այստեղից գալիս է և նոր որակյալ զարգացումը։ 
Այդպես էլ ավարտվեց «խելոքի» տխրահռչակ քաղաքական կյանքը։ 

Մեր հաջորդ երկու նախագահներն ավելի պարզ մարդիկ էին։ Ունենալով իրենց ժողովրդի սրտում ազգային հերոսների կարգավիճակ ստանալու լիարժեք իրավունք և հնարավորություն՝ նրանք այդ բարձրագույն կոչման փոխարեն նախընտրեցին բիզնեսն ու փողը։ Որպես արդյունք՝ Հայաստանը կորցրեց իր ակտիվ ու մեղսունակ բնակչության մեկ երրորդը։ Եվ կրկին չկար մի պարզ ճշմարտության գիտակցում՝ որ սոցիալական ծայրահեղ շերտավորումը և հասարակական կյանքում բոլոր կողմնորոշիչների կորուստը հանգեցնելու են պետության քայքայմանը։ Այսօր այդ «խելոք» առաջին նախագահի գործը շարունակողներն արդեն անցյալում են։ 

Իսկ նրանց գործունեության արդյունքն է Ապրիլյան պատերազմը՝ որպես հնարավոր ապագա աղետի մասին զգուշացում։ 

Այսօր մենք կրկին ճամփաբաժանին ենք։ Այո, կա նոր պետական իշխանություն, կա հասարակության կողմից Վերածննդի սպասում և, վերջապես, Զարգացման գործընթացների մեկնարկի ակնկալիք։ Սակայն իշխանությունն այդ գործընթացների իրականացման համար միայն գործիք է։ Առանց ազգային Վերածննդի բուն Գաղափարախոսության՝ այդ գործիքը բացարձակ ոչ մի արժեք չունի։ 

Նշանակում է, հիմնական արժեքն է հասարակության համար հստակ ձևակերպված ազգի և պետության որակական զարգացման ազգային Գաղափարախոսության տեսլականն է։ Եվ կրկին հերթական անգամ հարց է առաջանում․ արդյո՞ք երկրի ղեկավարությունն ունի դրա կարիքը։ 

Ռուբեն Վարդանյանի և Նունե Ալեքյանի բազմամյա հետազոտական լուրջ աշխատանքի տպագրությունը, որի նպատակը մեր պատմական մտածողության, հետևաբար և մեզ հետ կատարվող ամեն ինչի վերլուծությունն է, մեր հասարակությանն ուղղված կարևոր և արժեքավոր ուղերձ է։ Տվյալ աշխատությունն իր հեղինակների խորը մտահոգության արդյունքն է, արատավոր շրջան է, որում հայտնվել է Հայաստանը։ Իրենց հետազոտության մեջ հեղինակներն առաջարկում են այդ տնտեսական և բարոյական փակուղուց ելքի ճանապարհներ։ Ուզում եմ հավատալ, որ մեր հասարակությունն այս հետազոտությունը կընկալի որպես համազգային քննարկման հրավեր՝ մեր ճակատագրին վերաբերող կարևորագույն հարցերի շուրջ։ Աշխատության մեջ շատ կարևոր գաղափարախոսական տարրի բացակայությունը ես կարող եմ բացատրել հեղինակների «տնտեսագիտական» մտածողությամբ, նրանց կենտրոնացվածությամբ իրենց հայտնի  և հասկանալի տրանսֆորմացիոն «լծակների» վրա։ Այնուամենայնիվ, հեղինակներն առաջարկում են բոլորին «միացնել գլուխները» մեզ սպասող լրջագույն փորձություններից առաջ։ 

Բացել
Փակել
Հայկ Բալանյան
Հայկ Բալանյան
քաղաքական մեկնաբան
Ռուբեն Վարդանյանի և Նունե Ալեքյանի գրած «Ճամփաբաժանին» գիրքն անակնկալ չէր. հեղինակն իր հարցազրույցներում ու ելույթներում բազմիցս արտահայտել է այն մտքերը, որոնք ի վերջո ստացան գրքի տեսք։ Այդ մտքերը հանրային քննարկումներում բազմիցս քննադատվել են, այդ թվում՝ իմ կողմից, և անցյալում մնացած հայ հասարակական մտքի օրինակ են, թե ինչպես չի կարելի լուծել հայ ազգի առջև ծառացած խնդիրները։

Եթե հակիրճ նկարագրենք գրքի գլխավոր միտքը, այն հետևյալն է. ազգային պետության ու քաղաքական ազգի կայացման փոխարեն ուժերն անհրաժեշտ է կենտրոնացնել, այսպես կոչված, գլոբալ ցանցային ազգի կառուցման վրա. ընդ որում, փաստացի հայտարարվում է, որ Հայաստանն այդ ցանցի կենտրոնը չի լինելու: 

Սա հիմնավորվում է նրանով, որ այդպես է եղել մինչև անկախ պետականության վերականգնումը, որ այդպես իբր ավելի արդյունավետ կարելի է օգտագործել Սփյուռքի ներուժը, իսկ մեկ կենտրոն ունենալը վտանգավոր է, որովհետև կենտրոնի կորստի դեպքում կորչում է ցանցը. տե՛ս էջ 209. «Համաշխարհային ցանցային ազգի ծաղկման համար այսօր, ինչպես և Միջին դարերում, անհրաժեշտ են ընդհանուր գործունեությամբ միմյանց հետ կապված մի քանի հզոր հանգույցներ»: 

Ցանց կոչեցյալը նորագույն հայտնագործություն չէ. ցանցեր են անվտանգության մարմինները, հեղափոխական շարժումները, կրոնական կառույցները, առևտրային ընկերությունները։ Խնդիրը ցանցը չէ. խնդիրը ցանցի անդամները, սուբյեկտներն են, կառավարող կենտրոնը և, իհարկե, ցանցի ստեղծման նպատակը։

Ռուբեն Վարդանյանի առաջարկվող մոդելում խոսքն առանձին գաղութների, վերնախավի անդամների ու Հայաստանի Հանրապետության մասին է, որոնք միասնաբար պիտի կազմեն, այսպես կոչված, Հայկական աշխարհը, իսկ ցանցը պիտի ծառայի այդ Հայկական աշխարհին։
Կարծես թե լավ գաղափար է, եթե մոռանանք շատ հստակ, իրական գետնի վրա գտնվող հանգամանքները, որոնց անտեսումը հանգեցնելու է մեր ազգային պետականության համար անդառնալի աղետի։

Ի վերջո, ինչո՞վ ենք մենք այժմ զբաղված և որտե՞ղ ենք գտնվում:

Ներկա Հայաստանը գտնվում է քաղաքական ազգի կայացման և ազգային պետության կառուցման փուլում: Քաղաքական ազգի կայացումը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետության սահմաններում, հայկական պետականության ներքո։

Ռուբեն Վարդանյանի առաջարկվող մոդելում ազգային պետականության -քաղաքական ազգի կայացման խնդիր դրված չէ և չի էլ կարող դրվել, որովհետև այլ՝ ռուսական, ամերիկյան, իրանական, չեխական քաղաքական ազգերի անդամները կարող են Վարդանյանի առաջարկած ցանցի անդամներ լինել միայն որպես համայնքի, միլիեթի անդամներ, և, հետևաբար, Հայաստանի բնակչությունը նույնպես ընկալվում է որպես համայնքներից մեկը։ Այդ հարցադրումը, որ Հայաստանի բնակչությունը պիտի համապատասխանեցվի, վերափոխվի ըստ, իբր, Սփյուռքի ու այլազգիների հետ համագործակցելու պահանջների՝ կարմիր թելով անցնում է գրքով մեկ և կրկնվում է բազմիցս։ Այսպիսով, ելնելով նպատակներից, ստեղծվում է պատմությանն անհայտ մի սուբյեկտ՝ ցանցային ազգ, որի կայացման դեպքում այդ սուբյեկտի ներքին կառուցվածքը կանխորոշելու է սուբյեկտի գործառույթները և նպատակները:

Կայացած քաղաքական ազգը չի հանդուրժի ստորադաս կարգավիճակը, իր ինստիտուտներով այն գերիշխելու է և, հետևաբար, դառնալու է ցանցի կենտրոնը՝ ցանցը վերածելով լոկ գործիքի՝ իր նպատակների համար։ Ռուբեն Վարդանյանին այդպիսի ցանց պետք չէ. նրան պետք է ցանց, որտեղ պետությունը ցանցի շարքային անդամ է, քանի որ խոսվում է ոչ թե մեր ԱԱԾ-ի ու ԱԳՆ-ի ենթակայության ներքո գտնվող ցանցի մասին, այլ ոչ ավել-ոչ պակաս՝ ցանցային ազգի մասին, որն ունի հորիզոնական կառուցվածք՝ առանց պետության գերիշխող դերի, և վեր է մեր բյուրոկրատական հիմնարկների ենթակայությունից, պատմության առանձին սուբյեկտ է, ազգ-պետության փոխարեն՝ ազգ-ցանց։

Նրա ցանցը գործում է պետությունից, տարածքից անկախ, հետևաբար պարտավոր չի իրեն կաշկանդելու պետության ու տարածքի պաշտպանությամբ և երկրի խնդիրներով։ 
Ըստ Ռուբեն Վարդանյանի, հենց Հայաստան երկրից անջատ, պետության տարածքով չսահմանափակվող և տարածքից դուրս գտնվող ցանցային ազգն է Հայկական աշխարհը, իսկ Հայաստան երկիրն ու հայկական պետությունն այդ հորիզոնական ցանցի շարքային անդամ են։ Ռ. Վարդանյանը խուսափում է Հայկական աշխարհի գերիշխող, հիերարխիկ դիրքը Հայաստան երկրի հանդեպ բացահայտելուց՝ ընթերցողին թողնելով ինքնուրույն ոգևորվելու Հայկական աշխարհի գաղափարով։ 

Նման հորիզոնական ցանցում աշխարհ-ցանցն ավելի մեծ ու կարևոր է, քան ցանցի յուրաքանչյուր անդամ, և հարց է առաջանում. իսկ Հայաստանի շահերը կարո՞ղ են ստորադասվել այդ գոյություն չունեցող Հայկական աշխարհի շահերին կամ  ցանցի ղեկավարների շահերին։ Եթե Հայկական աշխարհը ստորադասվում է Հայաստանին, ապա ոչ մի նման աշխարհի ստեղծման կարիք չկա, մեր աշխարհը Հայաստանն է, բայց հեղինակի առաջարկի մեջ մեր աշխարհը Հայաստանը չէ, այլ Հայկական աշխարհն է։

Վարդանյանին անհրաժեշտ է հորիզոնական ցանց՝ առանց Հայաստանի գերիշխող դիրքի, որտեղ ինքն ու արտահայաստանյան խոշոր կապիտալը կունենան վերնախավի կարգավիճակ և կունենան սեփական պետությունն իրենց կարիքների համար՝ անկախ Հայաստանում կատարվող ընտրություններից, պետական ինստիտուտներից ու քաղաքական ազգի կամքից։
Այդ նպատակով է ազգային պետության գաղափարը ստորադասվում, և այդ նպատակով է գրքում ազգայնականության մասին խոսվում բացասական երանգներով։

Հասկանալի է։ Ազգայնականությունն է ստեղծում ազգային պետություններ ու քաղաքական ազգեր, իսկ ժողովրդի համայնքային կազմակերպման ձևը, արտապետական, արտահայաստանյան, գաղութների ու գաղութների ջոջերի կառավարման ներքո, չի կարող հանդուրժել ժողովրդի քաղաքականացումն ու քաղաքացիական մտածողությունը։

Դիտարկելով տարբեր երկրների՝ Սինգապուրի, Կոստա Ռիկայի օրինակները, հեղինակը ջանասիրաբար ու տարօրինակ կերպով շրջանցում է առավել մոտիկ ու համապատասխան մոդելը՝ նույնպես թշնամական շրջապատում գտնվող ռազմականացված երկրի մոդելը, որն աչքներիս առջև է՝ Իսրայելը։
Իսրայելի հիմքը հրեական ազգայնականությունն է՝ սիոնիզմը, և ոչ թե փող աշխատելու համար հաբի կարգավիճակը։ 

Այս իրողությունն ու կրկնօրինակման համար արժանի օրինակն անտեսվում են շատ պարզ նպատակով. Ռ. Վարդանյանը, ինչպես նաև շատ այլ հայ ձեռներեցներ, հիմնականում՝ Ռուսաստանից, հասկացել են, թե ինչքան խոցելի են իրենք և իրենց կապիտալն առանց սեփական պետության պաշտպանության։ Բայց քաղաքականապես հայրենադարձվելու փոխարեն որոշել են իրենց ակտիվների պաշտպանության համար ձեռք բերել սեփական պետությունը, որը պիտի սպասարկի իրենց շահերը, բայց, իհարկե՝ այդ պետության ու այդ պետության ներքո ապրող բնակչության շահերը ստորադասելով իրենց բիզնես շահերին։

Ինկլյուզիվ ու էքստրակտիվ զարգացման մոդելների մասին Աճեմօղլուի գրքից պարբերաբար բերվող Վարդանյանի հիշատակումներն իրականում հաստատում են մի իրողություն. քաղաքական համակարգը գերիշխում է տնտեսականին, պետությունն է գլխավոր խաղացողն ու պատմության սուբյեկտը, որը Պոլսի յուրաքանչյուր ամիրայի կամ Մոսկվայի, Թիֆլիսի մեծահարուստի հինգ րոպեում կսնանկացնի ու կվերացնի։ Հեղինակը դրա մասին գրում է էջ 34-ում. «Հորիզոնական ցանցերի հետ դիմակայության մեջ, որպես կանոն, հաղթում են իշխանության ուղղահայացները: Ֆերգուսոնի այս եզրակացությունը լավագույնս լուսաբանում է ինքնիշխան պետության նեցուկից զուրկ Նոր Ջուղայի վաճառականների ցանցի ճակատագիրը»։

Ինձ մնում է մի հարց տալ հեղինակին. եթե դուք որոշել եք հայ ազգային պետությունն իջեցնել ցանցի մակարդակի, որպեսզի ձեզ համար այն լինի անվտանգ ու կառավարելի, ապա հաջորդ փուլում ի՞նչ է կատարվելու մեր երկրի, ձեզ ու ձեր կապիտալների հետ, երբ այդ ցանցը բախվի այլազգի պետությունների հետ։ Գրքում, որն ավելի շատ բիզնես-պլան է հիշեցնում, այդ հարցի պատասխանը չկա։

Իսկ հայ բիզնես դասակարգը իրոք պիտի որ կողմնորոշվի, թե որ անձնագրին ու որ դրոշին է ինքը հավատարիմ։ Մարդիկ, որոնք ուզում են ապրել իրենց ազգային պետության ներքո, պիտի կողմնորոշվեն և ընտրեն դրոշը, որին պիտի ծառայեն։ Դրոշը, որը ծառայում է բիզնես խավին, ի վերջո ծառայեցվելու է նրանց, ում ծառայում են այդ բիզնես խավի ներկայացուցիչները։ Ազգային պետությունը սեփական չի լինում, այն միայն ընդհանուրինն է։

Հայ խոշոր բիզնեսն այդպես էլ չհասցրեց դառնալ ազգային, բայց արդեն իր ծավալներով անդրազգային է, և դրա բիզնես շահերն ու կենսական շահերի կենտրոնները գտնվում են Հայաստանից դուրս։ Այդ կապերն աճում են ավելի արագ, քան Հայաստանի հետ կապերը, և վճռական դեր ունեն տվյալ դասակարգի վարքի ու որոշումների վրա։

Հիմա հարց է առաջանում. ինչպե՞ս են վարվելու ցանցի անդամները, եթե Ռուսաստանում ու ԱՄՆ-ում իրենց բիզնես շահերը պահանջեն քայլեր, որոնք դեմ են Հայաստանի Հանրապետության շահերին։

Ավելին. ի՞նչ է կատարվելու Հայաստանի հետ, եթե ուժեղ ազգային պետության ու պետության գերիշխող դիրքի բացակայության պայմաններում հորիզոնական ցանցի տարբեր անդամները (կենտրոնները), ասենք՝ մոսկովյանն ու լոնդոնյանը, սկսեն իրենց տերերի, ռեզիդենտ երկրների շահերը պարզել հայկական հողում ու հայկական շահերի ներքո։ 

Ռուբեն Վարդանյանը գրում է, որ մահացող Սփյուռքը կարող է օգտակար լինել Հայաստանին, բայց նրա առաջարկած ցանցի դեպքում ամբարտակներ ու զսպանակներ չկան։ Ի՞նչ է լինելու մեր երկրի հետ, եթե Սփյուռքի ազդեցությունը ընթանա բացասական ուղղությամբ, և տարբեր ուժային կենտրոնների ներկայացուցիչներ-ցանցի անդամները Հայաստանը դարձնեն իրենց հարցերի պարզման թատերաբեմ, ի՞նչ է մնալու Հայաստանից այդ դեպքում։

Կարող ենք վստահ լինել, որ ոչ մի ցանցի անդամ, որը Հայաստանում ցանցի միջոցով ազդեցություն ունի, չի խուսափի տեղի հատուկ ծառայությունների ուշադրությունից ու ուղղորդումից։ Այս «պայծառ» նպատա՞կն է հետապնդում Ռուբեն Վարդանյանը։ Այս կարգավիճակը նույնիսկ արտաքին կառավարմամբ նեոգաղութ չէ, որն ուժեղ պետության մենաշնորհի ներքո թույլ է տալիս խուսափել մեծ տերությունների կռվախնձոր դառնալու ճակատագրից։ Վարդանյանի ցանցը, անտարակույս, երկիրը դարձնելու է այդ նոր բյուզանդասեր ու պարսկամոլ մեծամեծների պայքարի դաշտ, ինչի մասին հեղինակն իր ընդարձակ պատմական էքսկուրսներն անելիս չի հիշատակում:

Հիմա մեզ նորից առաջարկում են կատարյալ քաղաքական հետընթաց՝ նախասովետական կարգավիճակ, հույս ունենալով, որ գայլերով շրջապատված տարածաշրջանում անվտանգությունը և ոչ ազգային բիզնես-պետությունը կարելի է գնել սրան-նրան ծառայություններ մատուցելով, ոչ մեկի չխանգարելով, քաղաքական պայքարից ու հայկական օրակարգից խուսափելով և ազգի ներքին կառուցվածքն այդ կուշտ կապիտուլյացիայի նպատակին համապատասխանեցնելով։

Բայց դրանից, այն ցանցը, որ ունեցել ենք, և որը կործանվել է, ժամանակակից պայմաններում ստեղծել հնարավոր չէ։ Այս իմաստով Ռուբեն Վարդանյանի գրքի վնասը նվազում է, որովհետև դրված է անիրագործելի նպատակ։ 21-րդ դարում համայնքները չեն մնում, խառն ամուսնությունները, սոցիալիզացիան ու ասիմիլացումն այնպիսի տեմպերով են ընթանում, իսկ ազգային պետություններն այնքան հզոր են, որ անիմաստ է երազել Հայաստանից դուրս ինչ-որ կենտրոններ ունենալու մասին։ 

Հեղինակն ընդգծում է այդ հանգամանքը էջ 72-ում. «Մենք հստակ հաշիվ ենք տալիս մեզ, որ ժամանակի ընթացքում հայ համայնքները վերջնականապես ձուլվելու են և քայքայվելու», և ստացվում է, որ խոսքը ոչ թե Հայկական աշխարհի, այլ շատ սահմանափակ քանակով մարդկանց մասին է, որոնք Հայաստանի Հանրապետության հետ հավասար պիտի ազգի ճակատագիր որոշեն։ 

Ավելին. հայ բիզնես-խավում արդեն իսկ խառն ամուսնություններն այնքան շատ են, որ ուղղակի տարակուսանք է առաջացնում այն հարցը, թե ի՛նչ դրդապատճառներով պիտի մոտակա ապագայում կոսմոպոլիտ, Հայաստանի հետ կապ չունեցող, Հայաստանը չիմացող կազմը զբաղվի հայկական խնդիրներով, և ինչպիսի՛ ազգային ստերիլիզացիայի է ուզում ենթարկել հայ ժողովրդին Ռուբեն Վարդանյանը, որ հայերը հանդուրժեն հայկականության հետ ոչ մի կապ չունեցող կոսմոպոլիտ վերնախավի կարգավիճակն ընդհանուր ազգ-ցանցում։ Այս խնդիրը հեղինակն իսկապե՞ս լուծելի է համարում և չի՞ տեսնում ապագա առճակատումն ու վտանգները։

Պատմական էքսկուրսներն ընդհանրապես հետաքրքիր են, եթե թույլ են տալիս խուսափել հին սխալներից ներկայում։ Վարդանյանը, անդրադառնալով հայոց պատմությանը, այդպես էլ գլխավոր եզրակացություններ չի անում։ 

Հայոց պետականության կորստի պատճառը հենց դեպի օտար կենտրոններ կողմնորոշված ցանցի ստեղծումն էր, որտեղ կենտրոնախույս հոսանքները քայքայեցին միասնական պետությունը, իսկ ազգային գաղափարական առանցքը, որը հեղինակն այդպես չի սիրում, թույլ դուրս եկավ և չապահովեց ազգային ռեսուրսների կուտակումն ու կենտրոնացումը պետության գաղափարի շուրջ։ Նույն սխալը Վարդանյանն ուզում է հիմա վերարտադրել. խուսափել ուժերի կենտրոնացումից, որպեսզի պահպանի իր և իր դասակարգի արտոնյալ ու իշխող կարգավիճակը։

Հետագայում, հայկական պետականության բացակայության պայմաններում, հայ վաճառականները առևտրային ցանցեր ստեղծեցին այս կամ այն կայսրության կամ իշխանության հովանու ներքո և մահացան, երբ այդ կայսրությունները որոշեցին հպատակ հավատարիմ միլիեթների բիզնեսները հանձնել տիտղոսային ազգերի ներկայացուցիչներին։

Ցեղասպանության մասին գրելիս հեղինակը չի հիշատակում գրքի տրամաբանության մեջ մտնող մի կարևոր հանգամանք, որը, իմ կարծիքով, վճռական դեր ունեցավ հայ ժողովրդի անպաշտպան լինելու հարցում։ 

Հայ քաղաքային բնակչությունը, վերնախավը, փողը, կադրերը և նյութական ու ոչ նյութական ռեսուրսների զգալի մասը կուտակված էին Հայաստան երկրից դուրս՝ Պոլսում ու Թիֆլիսում։ Այդ կենտրոնները փոխադարձ կապ չունեին երկրի, հասարակ ժողովրդի հետ, ապրում էին անջատ, սեփական կյանքով, օրակարգով, և արդյունքում ստացվեց, որ հայ ժողովուրդը չուներ վերնախավ, չուներ մտածող ու կառավարող մարմին, որը կկարողանար կազմակերպել դիմադրությունը։

Վերնախավի կտրվածությունը երկրից ու ժողովրդից անօգնական դարձրեց երկու հատվածներն էլ և հանգեցրեց Արևմտյան Հայաստանի բնակչության ու Օսմանյան կայսրության տարբեր մասերում ապրող վերնախավի ոչնչացմանը։ Վերնախավը (ցանցի կենտրոնները) ուներ իր օրակարգն ու հոգսերը, և երկրի, տարածքի, բնակչության պաշտպանությունն այդ օրակարգի մեջ չէր մտնում: Կարևորը առևտրային ցանցն էր, շահերը Լոնդոնում ու Պետերբուրգում, իսկ ժողովրդի հոգսերը լավագույն դեպքում անտեսվում էին, վատագույն դեպքում դառնում կավատ վերնախավի առևտրի առարկա, երբ ազգային շահերը հանձնվում էին անձնական շահերի դիմաց։

Այս իրավիճակը, երբ վերնախավը ոչ մի պատասխանատվություն չի կրում իր ազգի համար, երբ վերնախավի ու ազգի միջև չկա ուղիղ ու փոխադարձ կապ, երբ ազգի այսպես կոչված ընտրանին՝ барин-ներն ապրում են տարբեր տերությունների մայրաքաղաքներում, իսկ холоп-ները՝ գյուղում, Հայաստանում այլևս երբեք չպիտի լինի ու չի կրկնվելու։ 

Հայ վերնախավի կարգավիճակ ունենալու են միայն այն մարդիկ, որոնք ընտրել են, թե որ դրոշին են հավատարիմ, պարոն Վարդանյան։ Բոլորը պիտի ընտրեն, թե որ քաղաքական ազգի մասն են, որովհետև հայ ժողովուրդը համայնքային չի լինելու, այն դառնում է ու դառնալու է քաղաքական ազգ։ 

Ցեղասպանության մասին խոսելիս կարևոր է ընդգծել ժամանակի հայ վերնախավի մտավոր թույլ կարողությունները։ Հայ առևտրային վերնախավը չուներ քաղաքական մտածողություն և այդպես էլ չհասկացավ, որ նորագույն  ժամանակներում կայսրությունների շրջանն ավարտվում է, կամ դրանք ստանում են այլ ձևեր, և ժողովուրդների կազմակերպման ձև է դառնում քաղաքական ազգը, որտեղ կայսրության միլիեթները, համայնքները կա՛մ պիտի ենթարկվեն դանդաղ ձուլման, կա՛մ ոչնչացվեն։ Ուստի և Պոլսում ու Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում և մնացած վայրերում ոչ ոք որևէ ոչ տիտղոսային համայնքի թույլ չէր տա տիտղոսային ազգից առավել ստրուկտուրաներ ունենալ, թույլ չէր տա օտար երկրում Հայաստան կառուցել, իսկ քաղաքականությունը կտրուկ փոխվելու էր։ Կայսրության քաղաքացիները չունեն ազգություն, նրանք ընդամենը հպատակներ են, բայց ազգային պետությունների կայացման շրջանում հպատակներ պետք չեն. անհրաժեշտ են երկրի քաղաքացիներ։ Շատ հայեր և՛ այն ժամանակ, և՛ այժմ պատրաստ են լինելու հպատակ, բայց երկրի քաղաքացի՝ ոչ։
Ոչ մի տիտղոսային ազգ իր ազգային տարածքում չի հանդուրժի այլ ազգի    հզորացումն ինստիտուցիոնալ սահմաններով ու ծավալներով, այսինքն, տվյալ աշխատության տերմիններով՝ ազգ-ցանցի գոյությունը, և Ցեղասպանության ու մեր անպաշտպան լինելու պատճառներից մեկը հենց այդ ցանցային ազգի վիճակն էր։ Դիմադրության կազմակերպման համար անհրաժեշտ էր հիերարխիկ կառույց, որը կկենտրոնացներ ռեսուրսները, միասնական քաղաքականություն կիրականացներ և կարող էր կանխատեսել ու դիմագրավել վտանգները:

Մեր ունեցածը Ռուսաստան-Եվրոպա-Պոլիս-Օսմանյան կայսրության ծայրամասեր հորիզոնական ցանց էր, որը քաղաքականություն որպես այդպիսին չուներ: Օտար էթնոսի առևտրային կապիտալի գերիշխանությունը քաղաքական ազգերի կայացման փուլում ուղղակի մարտահրավեր էր թուրքական ազգային պետության համար. այն նույնպիսի մարտահրավեր էր վրացիների համար Թիֆլիսում, թաթարների համար Բաքվում, որը պիտի վերացվեր և վերացվեց։ Այդ ամենն ամենուրեք ավարտվեց ունեզրկմամբ ու կոտորածով։

Իսկ դիմադրության կարողություն չկար. քաղաքական ազգը կայացած չէր, և վերնախավը, փոխանակ ժողովրդին առաջնորդելու այդ ներքին տրանսֆորմացման գործում, երազում էր երանելի սուլթանների մասին, որ որպես հավատարիմ միլիեթ՝ «հաբ», փող աշխատեն՝ չհասկանալով, որ կայացած քաղաքական ազգերին աշխարհի հետ հարաբերվելու համար միջնորդներ պետք չեն։ 
Ռուբեն Վարդանյանի ցանցը մենք արդեն ունեցել ենք, և այն ապացուցել է իր քաղաքական սնանկությունը, ազգի առջև ծառացած խնդիրները լուծելու անընդունակությունը, ինչն ավարտվել է ազգային աղետով։

Էջ 185-ում հեղինակը հարց է տալիս. սկզբունքորեն կարելի՞ է արդյոք ժամանակակից հայերի գոյությունն արձանագրել որպես ցանցային ազգ: Իմ պատասխանն է. բարեբախտաբար՝ ո՛չ։ Հայերն իրենց բնակության երկրների քաղաքական ազգերի մասերն են, իսկ գլոբալ ցանցային ազգի ստեղծման փորձերը, այսինքն՝ հայ քաղաքական ազգի կայացման խնդրի տապալումը հանգեցնելու է միայն պետության կորստի։

Գրքի էջ 111-ում հեղինակը շշմեցնող եզրակացությունների է հանգում.
«Հայաստանի Հանրապետությունն ազգային առումով ամենամիատարր երկրներից մեկն է. հայերն այստեղ կազմում են բնակչության 98 տոկոսը: Վերջին յոթ դարերի ընթացքում առաջին անգամն է, որ քսանյոթ տարի շարունակ ապրում ենք ինքնիշխան ազգային երկրում: Դա մեծ առավելություն է, բայց և միաժամանակ՝ թերություն: Ժամանակին հայերը կամուրջ էին քաղաքակրթությունների միջև, իսկ հիմա հաճախ ցածր հանդուրժողականություն են դրսևորում…».

Հարգելի պարոն Վարդանյան, հայ ժողովուրդը տարբեր քաղաքակրթությունների միջև կամուրջ է հանդիսացել ոչ թե այն պատճառով, որ մեր մեջ ապրում էին, օրինակ, թուրք թալանչի, կեղեքիչ, մարդասպան բռնաբարողները, այլ այն պատճառով, որ հայերն ապրել են Մադրասում, Կահիրեում, Ռոստովում ու Լոնդոնում, և եթե այժմ մենք այդ գործառույթը չենք իրականացնում, ապա պատճառն այն է, որ այլ ազգերը կատարել են զարգացման ահռելի թռիչք և Լոնդոն գնալու համար բնավ մեր կարիքը չունեն, իսկ մեր բազմամիլիոնանոց Սփյուռքն ապրում է հիմնականում իր կյանքով, և մի քանի հազար անհատ հայրենասերների ազդեցությունը մեզ նման փոքր երկրին թույլ չի տալիս դառնալ միջնորդ շատ ավելի խոշոր խաղացողների միջև։ 

Ինչևէ։ Իսկ ցածր տոլերանտության մասին մեղադրանքն ընդամենը միջոց է արտաքին կառավարման պայմանների ապահովման համար։ 

Հետաքրքիր է, որ հեղինակը, էջ 195-196-ում, համեմատելով զարգացման մոդելները,  վախենում է «պարկուճ» կարգավիճակից, բայց մտահոգություններ չունի մեզ համար շատ ավելի իրական ներկա ու ապագա ներկայացնող «մետրոպոլիայի ծայրամաս» կարգավիճակից և չի դիմում ազգային ինքնության ուժեղացման հարցերին, որպեսզի երկիրը պատրաստ լինի իր երրորդ նախընտրելի տարբերակին։ Հեղինակն ընդհանրապես չի տեսնում նեոգաղութացման վտանգը և արտաքին ազդեցության հակակշիռների ու զսպանակների ստեղծման ներդրված մեխանիզմներ չի առաջարկում: Հակառակը՝ առաջարկում է լեգալացնել ու լեգիտիմացնել արտաքին միջամտության մեխանիզմները, այդ մեխանիզմները մտցնել ազգի մարմնի մեջ, որոնցով զանազան Միհրանյաններ, Կուրղինյաններ և այլ գործիչներ չեն  վարանի իրենց տեսլականները փաթաթել հայ ժողովրդի վզին: Կարող եմ միայն հուսալ, որ հեղինակը չի տեսնում այդ վտանգները: 

Անտեսելով նեոգաղութացման վտանգը՝ հեղինակը նախընտրելի կարգավիճակ է համարում հաբը, ընդ որում՝ օգտագործում է Շվեյցարիայի օրինակը, որը ռազմական վտանգ չունի։ Ինձ հետաքրքիր է՝ իսկ ժամանակակից Իսրայելն ինչպե՞ս կբնութագրի հեղինակը։ 

Եվ ինչպե՞ս է պատկերացնում հեղինակը Հայաստանի «հաբ» կարգավիճակը հարևան երկու պետությունների հետ կոշտ առճակատման հանգամանքներում, կարո՞ղ է նման ռազմաքաղաքական իրողություններ ունեցողը լինել «հաբ», թե՞ այդ մոդելը ենթադրում է նման իրողություններից դուրս քաղաքական ու հետևաբար՝ ազգային զարգացում։ Կամ՝ ո՞ր մի երկիրն է հանդիսանալու նման «հաբ»-ի ռազմաքաղաքական հովանավորը և ի՞նչ է փոխարենը պահանջելու այդ պաշտպանության դիմաց, որովհետև պաշտպանությունը ենթադրում է նաև գերիշխանություն: Այդ հարցերի պատասխանը ես գրքում չգտա, իսկ չասվածը, լռությունը տարակուսանք են առաջացնում, թե ընթերցողներն ինչպես կհասկանան գիրքը՝ առանց այդ հարցերի հստակ պարզաբանման։
Քաղաքական խնդիրներից ու պայքարից խուսափելու համար քաղաքական ամբիցիաներ չունեցող ազգ-ցանցն ավելի շատ կարելի է անվանել ազգ-բարմեն կամ ազգ-մատուցող, ազգ բառը, իհարկե, վերցնելով չակերտների մեջ։

Պարզ չէ, թե ինչ նկատի ունի հեղինակը՝ գրելով. «Եթե հաշվի առնենք ինքնության այսօրվա ճգնաժամը ներփակ ու ազգային առումով միատարր երկրում և հայ ենթաէթնոսների միջև առկա խզումները, բուն այդ ինքնակայությունը բավականին խնդրահարույց է», էջ 196։ Հայաստան երկրում ինքնության ոչ մի ճգնաժամ գոյություն չունի, համայնքային ժողովուրդը դառնում է քաղաքական ազգ, իսկ թե ովքեր են հայ սուբէթնոսները, ինձ մնում է անհայտ։ 
Այս իմաստով ուզում եմ հեղինակին հիշեցնել և կիրառել ցանցային ազգի   պարագայում Ս. Բ. Պերեսլեգինի «Տրանսպորտային տեսությունը», որը հաստատում է, որ նահանգն անջատվելու է պետությունից, եթե տեղեկատվական ու տրանսպորտային կապվածությունը կենտրոնի ու ծայրամասի միջև կամ ներնահանգային կապվածությունն էականորեն նվազել են այդ ծայրամասի և արտասահմանյան կենտրոնի կապվածության համեմատ։
Եթե կենտրոնի ու ծայրամասի տեղեկատվության փոխանակման ժամանակը գերազանցում է կենտրոնից կառավարման ենթակա գործընթացների ժամանակը, ապա մեր պարագայում հորիզոնական ցանցը տրոհվելու է։

Եթե ծայրամասի ու կենտրոնի միջև տեղեկատվական, տրանսպորտային, տնտեսական զարգացման արագությունը սկսում է հետ ընկնել ծայրամասի սեփական տնտեսական զարգացման արագությունից, ապա մեր պարագայում հորիզոնական ցանցը տրոհվելու է։

Հայկական Սփյուռքի, այդ թվում հայ բիզնես-դասի կապերն աշխարհի հետ զարգանում են ավելի արագ, իսկ կապերը Հայաստանի հետ արդեն իսկ խնդրահարույց են, և ոչ մի ազգային ինքնության նենգափոխում, բիզնեսին ծառայելու նպատակով պետության ստորադասում մինչև ցանցի շարքային անդամի կարգավիճակ՝ չի կանգնեցնելու այդ օտարացումը։ 

Մեր երկրի խնդիրները պահանջում են արագ արձագանքում, ուժերի կենտրոնացում ըստ գործող օրակարգի, իսկ մեր օրակարգերի և շահերի համաձայնեցումների ժամանակը Մոսկվայում ու Լոնդոնում գտնվող ցանցային կենտրոնների հետ (տեղական հատուկ ծառայությունների հետ ևս) տեխնոլոգիապես այնքան մեծ է լինելու (եթե շահերի առումով տեսականորեն այն առհասարակ հնարավոր է), որ ուշացած ու տապալված այդ գործընթացն առաջացնելու է ազգային ինքնության ճգնաժամի մասին խոսակցություններ Սփյո՛ւռքի պարագայում, ոչ թե Հայաստանի։

Դրոշ ընտրելու ժամանակն է։

Գիրքն առանց դրա էլ գերծանրաբեռնված է հարցադրումներով, բայց առաջարկվող լուծումներից մեկը ևս խնդրահարույց է։ Հայաստանն ըստ ամենայնի, բարեբախտաբար, չի կարողանա ընտրել Իրանի, Եվրամիության ու Ռուսաստանի միջև, ինչպես առաջարկում է հեղինակը։ 

Մենք մնալու ենք կոմպլեմենտարիզմի գծի մեջ, որովհետև յուրաքանչյուր ընտրություն այդ երեք կամ այլ կենտրոնների միջև՝ հանգեցնելու է մեծ խնդիրների, և, նկատի ունենալով մեր աշխարհագրական դիրքը, Հայաստանը մնալու է այդ և մյուս ուժային կենտրոնների միջև ինքնուրույն գործող անձ։ Ի դեպ, «հաբ» դառնալու հեղինակի առաջարկն ու կանխատեսումը, որ Հայաստանը պիտի գնա թվարկված երեք կենտրոններից մեկի հետ ինտեգրման, իրար հակասում են։ Եվրամիությունը նշանակում է Հյուսիս-ատլանտյան դաշինք և կոշտ առճակատում նույն Իրանի ու Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանի հետ հետագա խորացված ինտեգրումը խնդիրներ կառաջացնի մյուսների հետ, Իրանի հետ ինտեգրումն էլ ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից է։ Եվ այլն։ Հայաստանը չունի ինքնուրույնության ու կոմպլեմենտարիզմի քաղաքականության այլընտրանք:

Գրքում բազմաթիվ մանր ու ոչ մանր հարցեր կան, որոնց արժեր անդրադառնալ, սակայն այդ դեպքում իմ գրառումը  կդառնար գրեթե գիրք։ Բայց մեկ հարց չեմ կարող անտեսել. այո, պետական ծառայողները, պետության պաշտոնյաները պիտի տիրապետեն հայոց լեզվին։ 
Հենց պետական պաշտոնյաների հարցում ընդհանրապես որևէ կասկած ու պրեֆերենցիա թույլ տալ չի կարելի, որովհետև եթե մարդն իսկապես մտահոգ է հայկական խնդիրներով, ապա առնվազն պիտի իր այդ հայրենասիրական ոգին արտահայտի հայերեն իմանալով, կարդալով և դեռ իր երեխաներին էլ սովորեցնելով։ Ավելին, եթե պարոն Վարդանյանը ենթադրում է, որ նման հայրենասեր ու գործի համար պիտանի մարդիկ կան, որոնց արժե պաշտոն տալ, ապա ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է այդպիսի արժեքավոր կադրը չհասկանալ, որ Հայաստանը հասկանալու, ճանաչելու համար անհրաժեշտ է կարդալ հայերեն և կարդալ հայկական գրականությունը, մեդիան, ցանցերը, առանց որոնց երկրի ու ժողովրդի մասին պատկերացում կազմելն անհնար է։ Եվ կասկած չունեմ, որ պաշտոնի արժանի մարդը պիտի որ այնքան ուղեղ ունենա, որ հավակնորդ լինելու դեպքում մեկ տարում հայերեն սովորի այս տողերի հեղինակից լավ։

Եթե դրսի հայերը դրոշին հավատարիմ չեն ու լեզու չգիտեն, ինչո՞ւ են պաշտոն (որոշումներ կայացնելու իրավունք) ուզում: Մի՞թե այլ կարգավիճակով չեն կարող օգտակար լինել:
Այս պարզ բացատրության ֆոնին հեղինակի ոտնձգությունը լեզվի նկատմամբ, հայերին հատուկ ազգային ինչ-որ բացասական կողմերի ակնարկներով, ազգայինի դեմ շարունակական հարցադրումներով այն տպավորությունն է ստեղծում, որ հեղինակը, չհասկանալով մեզ հատուկ խնդիրների համակարգային, սոցիալական, քաղաքական արմատները, դրանց բացատրությունն իր համար գտել է ազգայինի մեջ։ 

Գիրքը գերծանրաբեռնված է ավելորդ տեղեկատվությամբ, հարցերի ցանկը նույնիսկ մի քանի գրքի ծավալից շատ է և ոչ թե ստիպում է ընթերցողին մտածել, այլ ավելի շատ խճճում է, և ոչ այնքան բացատրում է գրքի նպատակը, որքան ընթերցողներին տարբեր ընկալումներ է տալիս, որոնք բերելու են հիմնականում մեկ պարզունակ բացատրության. Սինգապուր կամ ոչ Սինգապուր, որը հայ արդի հանրային քննարկումներում դարձել է արդեն բացասական իմաստով մեմ:

Ավարտելով գրառումս՝ կփորձեմ պատասխանել գրքի վերջաբանում գրված մեկ հարցի. Էջ 230-ում գրված է. «Ինչպե՞ս ձևավորել ազգային պատասխանատու վերնախավ»։

Մեր ճանապարհը քաղաքական ազգի կայացման մեջ է, որտեղ ազգային վերնախավի կարգավիճակն ընծայվում է այն մարդկանց, որոնք ընտրել են հայկական դրոշը, որտեղ ազգի ներքին կառուցվածքում վերնախավը հստակորեն կապված է իր հողին ու ջրին և իր որոշումների համար պատասխանատվություն է կրում ու կարող է զրկվել վերնախավի կարգավիճակից և ոչ միայն կարգավիճակից, եթե գործում է ազգային շահերի դեմ։

Պարզ է, որ պետք է փնտրել և գտնել նոր տիպի քաղաքական ազգի մոդել, բայց հիասթափեցնեմ պարոն Վարդանյանին. հաշվի առնելով աշխարհում ընթացող զարգացումները՝ այն լինելու է է՛լ ավելի կուռ ու պակաս ինկլյուզիվ, ձևավորելու է ազգի վերնախավ, որը ցանցի հետ խոսելու է տիրոջ դիրքերից և չի հանդուրժելու արտաքին կառավարման, ընտրողների կամքից անկախ քաղաքական ազդեցության ու պետության քաղաքական մենաշնորհը վիճարկող դրսևորումներ։

Եթե նախկին ռեժիմի օրոք դասական ֆեոդալիզմը ցանցային ֆեոդալիզմով փոխարինելու առաջարկը կարող էր որոշ միամիտների հետաքրքրել, ապա ապրիլյան հեղափոխությունից հետո ֆեոդալիզմի էջը փակված է, և այդ էջը վերաբացելու բոլոր փորձերն ավարտվելու են այնպես, ինչպես եղավ 2018 թ. մայիսին, երբ Կարեն Կարապետյանին «բերելու» փորձը պսակվեց քրեստոմատիկ խայտառակությամբ։
 

Բացել
Փակել
letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր նամակը
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել ձեռագիրը
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ներբեռնել

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։